Կարծիք

14.05.2012 14:05


Ողբերգական, բայց ոչ անհույս իրավիճակ

Ողբերգական, բայց ոչ անհույս իրավիճակ

Հիմա շատերն են հարց տալիս, թե ինչու ընտրությունների արդյունքում ստացվեց այն պատկերը, որն ունենք: Հարցնում են` հուսալով գտնել պատասխաններ: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հանրությունը մի շատ պարզ հետեւություն արեց` գործող իշխանությունները թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա եւ մտադիր չեն զիջել իշխանությունը: Այլ կերպ ասած, իշխանություններն իրենց քայլերով հանրությանն ամենապարզ եւ հասկանալի լեզվով հասկացրին, որ ընտրություններով իշխանափոխություն և ընդհանրապես որևէ փոփոխություն չի կարող լինել:

Այս սոսկալի վիճակից դուրս գալու համար իրոք պետք է կարողանանք նայել ճշմարտության աչքերին, եւ փորձենք հասկանալ, թե ինչու եկանք հասանք այն իրավիճակին, երբ մենք ի վիճակի չենք ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել:

Դեռ խորհրդային իշխանության պայմաններում մենք ընտրեցինք մի խորհրդարան, որը հետագայում պետք է ընդուներ Անկախության հռչակագիրը եւ սկսեր անկախության գործընթացը: Խորհրդային Միության գոյության պայմաններում 1990-ի մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ընտրություն կատարել: Ամեն ինչ իդեալական չէր, բայց ամենակարեւորն այն է, որ հաղթեց ժողովրդի կամքը: Ժողովրդի կամքը հաղթեց նաեւ այն ժամանակ, երբ այդ խորհրդարանը նախագահ էր ընտրում: Ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար էր խորհրդարանի ներսում, բայց խորհրդարանից դուրս կար մի ժողովուրդ, որի ճնշող մեծամասնությունը ցանկանում էր, որ ԳԽ նախագահ ընտրվեր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի վերջո կոմունիստական նոմենկլատուրան զիջեց: Հետո եկավ Անկախության հռչակագիր ընդունելու եւ Անկախության հանրաքվե նշանակելու ժամանակը:

Պատերազմից հետո մենք հրաշալի հնարավորություն ունեինք կառուցել հզոր եւ ժողովրդավարական պետություն: 1995-ի ընտրություններն էլ պետք է դառնային դրա հիմքերը: Բայց տեղի ունեցավ մի գործընթաց, որի արդյունքում ձեւավորվեց «Հանրապետություն» միավորումը, որում ընդգրկվեցին մարդիկ, որոնց գերակշիռ մասը որեւէ կապ չունեին ոչ պատերազմի, ոչ անկախության, ոչ էլ քաղաքականության հետ: Այնտեղ հայտնվեցին մարդիկ, որոնց թվում էր, թե Խորհրդային Միությունը շարունակվում է, եւ որ միակ տարբերությունն այն է, որ կոմկուսին փոխարինելու է եկել «Հանրապետություն» միավորումը, որն էլ պետք է հավերժ եւ անհոգ իշխի: 1995-ի ընտրություններն էլ հիմնականում չարտահայտեցին հասարակության տրամադրությունները: Ավելին, առաջին անգամ դրվեց պատգամավորական մանդատ նվիրելու ավանդույթը:

Իսկ հետո յուրաքանչյուր ընտրություն ավելի վատը եղավ նախորդներից: Ընդ որում, բացառություն չկազմեցին նաեւ 99-ի խորհրդարանական ընտրությունները, որոնք համեմատաբար արդարացի արտացոլեցին հանրային ցանկությունները, բայց ասել, որ կեղծիքներ չեն եղել, սխալ կլինի:

Յուրաքանչյուր նոր ընտրություն իր հետ ընտրակեղծիքների նոր մեխանիզմներ էր բերում: Յուրաքանչյուր նոր ընտրության հետ հասարակությունն ավելի էր բարոյալքվում: Սկզբում ընտրակաշառքը շատ քաթուն եւ ծածուկ էին տալիս, իսկ վերցնողներն էլ ամեն ինչ անում էին, որ այդ մասին հարազատները եւ բարեկամները չիմանան: Հետո եկանք հասանք մի վիճակի, երբ արդեն ընտրակաշառք տալը եւ վերցնելը դարձավ սովորական երեւույթ, եւ ինչպես մասնավոր զրույցներից մեկում նշեց մի պաշտոնյա` ընտրությունները ամբողջովին դրվեցին առեւտրային հիմքերի վրա:

Բնականաբար, եթե ընտրակաշքից հրաժարվեին բոլորը, ապա իշխանությունները կեղծիքների այլ մեխանիզմներ կընտրեին, բայց այս դեպքում հետընտրական իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եւ բացի այդ էլ, այն հասարակությունում, որտեղ ընտրակաշառքից հրաժարվում են, իշխանությունները ռիսկի չէին գնա կեղծել ընտրությունների արդյունքները:

Այսօր իրավիճակը ողբերգական է, բայց ոչ անհույս, քանի որ իրականում բնակչությունը դեմ քվեարկեց գործող իշխանություններին: Բոլոր գիտակից քաղաքացիների համար էլ պարզ է, որ եթե Հայաստանում իրականում քվեարկեր 1,5 միլիոն մարդ, ապա երկրում պետք է ապրեր առնվազն 3,8-4,1 մլն մարդ: Այսինքն, իրական քվեարկողների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ին դեմ է քվեարկել: Այս ամենից քաղաքական ուժերը պետք է համապատասխան հետեւություններ անեն եւ հասկանան, որ անհնար է կառավարել եւ հաջողության հասնել մի երկրում, որի բնակչության առնվազն 2/3-րդը իշխանություններին չի վստահում:

Վարդան Մխիթարյան                 

Այս խորագրի վերջին նյութերը