Քաղաքական

11.05.2012 17:02


Զարուհի Փոստանջյանին ստիպո՞ւմ են վայր դնել մանդատը

Զարուհի Փոստանջյանին ստիպո՞ւմ են վայր դնել մանդատը

«Zham.am»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության ներսում կռիվ է ընկել. Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամտերիմ անձանցից մեկը` «Ժառանգության» համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնված Զարուհի Փոստանջյանը, «պարզել է», որ իր կուսակցությունը համագործակցում է Բաղրամյան 26-ի հետ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Զարուհի Փոստանջյանին վրդովեցրել է այդ փաստը, և նա պատրաստվում է հրաժարվել իր պատգամավորական մանդատից։ Ներկա փուլում «Ժառանգության» ներսում լուրջ պայքար է այս առումով: Խոսակցություններ կան, որ Զարուհի Փոստանջյանը ոչ թե իր սկզբունքներից ելնելով է վայր դնում պատգամավորական մանդատը, այլ նրան ստիպում են գնալ այդ քայլին, որպեսզի խորհրդարանում հայտնվի «Ժառանգության» համամասնական ցուցակով նրան հաջորդող Թևան Պողոսյանը։

Այս լուրը ճշտելու համար «7օր»–ն արդեն մի քանի ժամ է՝ փորձում է կապ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ, սակայն նախ նրա փոխարեն խոսափողը վերցրել է մի տղամարդ ու ասել, որ տիկին Փոստանջյանը ժողովի է, ու անհայտ է՝ երբ կազատվի, իսկ հետո էլ հեռախոսազանգերին ընդհանրապես պատասխանող չի եղել։

Զարուհի Փոստանջյանին զանգահարել է նաև «Հետքը», սակայն, ինչպես գրում է կայքը, նա վատ տրամադրությամբ պատասխանել է, թե չի կարող խոսել ու անջատել է հեռախոսը:

Ավելի ուշ Զ. Փոստանջյանը «Yerkir.am»–ին ասել է, որ երբ մանդատը վերցնել-չվերցնելու կամ վերցնելու և դնելու ժամանակը գա, այդ պահին էլ կարող է պատասխանել հարցին: Դիտարկմանն ի պատասխան՝ թե ստացվում է՝ մանդատը չվերցնելու մասին լուրը ո՛չ հերքում է, ո՛չ էլ հաստատում, Փոստանջյանն ընդգծել է, որ արդեն ամեն ինչ ասել է. հարցի պատասխանը կարող է տալ միայն մանդատը պաշտոնապես վերցնելու կամ չվերցնելու օրը: Անտրամադիր Փոստանջյանը խորհուրդ է տվել «չերկարացնել» և անջատել է հեռախոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը