Կարծիք

17.01.2011 17:12


Տարանջատվել, լինել ինքնուրույն

Տարանջատվել, լինել ինքնուրույն

ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ Ս. Սարգսյանի հնչեցրած միտքը, թե ինքը վերջնագրերով չի խոսում, այլ պահանջներ է դնում, շարունակում է մնալ ապագա  քաղաքական զարգացումների հիմնական բանաձևերից մեկը:

Կա երեք գործոն, որոնք պայմանավորում են քաղաքական իրականությունը. Ժամանակը' հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց մի փոքր ավել, սուբյեկտը' ում ուղղված էր ուղերձը և երրորդ' իշխանության և ընդդիմության հավասարաչափ վարկաբեկվածությունը և հավասարաչափ ցածր վարկանիշը:

Թեև ելույթի ժամանակ չնշվեց , թե ում էր ուղղված Ս. Սարգսյանի պահանջը, սակայն բոլորը հասկացան, որ  այն ուղղված էր «Բարգավաճ Հայաստանին»' կոալիցիոն գործընկերոջն ու ԱԺ-ում թվով երկրորդ խմբակցությանը:

Հաջորդ օրերին ԲՀԿ-ից հերքեցին իրենց ուղղված պահանջների առկայությունը, հավելելով, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն, թե խոսքը ինչ պահանջների մասին է: Նախագահը նույնպես չշարունակեց թեման, փոխարենը իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցները բացեցին փակագծերը: Համաձայն իշխանության կողմից չհերքվող հրապարակումների՝ ԲՀԿ-ին ներկայացվել է երկու պահանջ' հայտարարել, որ հաջորդ նախագահական ընտրություններում պաշտպանելու են Ս. Սարգսյանի թեկնածությունը և երկրորդ' ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում ակնկալում է միայն երկրորդը լինել:

Իրական քաղաքականությունն այնպիսին է, որ ցանկացած պահանջ իրավունք ունի գոյություն ունենալ:  Մյուս կողմից, պահանջները պետք է տեղավորվեն, եթե ոչ  քաղաքական կոռեկտության, ապա գոնե  քաղաքական իրատեսության մեջ:

Ենթադրենք, որ Գ. Ծառուկյանն ընդունում է առաջ քաշված պահանջները և հայտարարում է, որ նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու է Ս. Սարգսյանին: Ամբողջ պարադոքս այն է, որ Ս. Սարգսյանն ինքը չի հայտարարել, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը:  Իսկ չի հայտարարել այն պարզ պատճառով, որովհետև ինքը դեռ որոշում չի կայացրել, որովհետև իրեն դրսից լիակատար աջակցություն դեռ չեն հայտնել, որովհետև ներսում , պետական համակարգին, դեռ չի ապացուցել, որ միայն ինքը կարող է կասեցնել արմատական  ընդդիմության ռևանշը, և վերջապես չունի վստահություն, որ իր վարչապետի տնտեսական քաղաքականության հետևանքով կարող է ապահովել նվազագույն անհրաժեշտ օբյեկտիվ ձայների քանակը: Երկուսուկես տարի առաջ հայտարարել մեկին աջակցելու մասին, որը դեռ չի որոշել իր առաջադրվելու հարցը' լիակատար քաղաքագիտական նոնսենս է:

Ենթադրենք, Ծառուկյանը ընդունում է նաև երկրորդ պահանջը ու հայտարարում, որ իր կուսակցության միակ նպատակը խորհրդարանում միայն երկրոդը լինելն է: Սրանից հետո կկատարվի այն, ինչը շատերը հասկանում են' ԲՀԿ-ն աստիճանաբար կբարոյալքվի, նրանից կտարանջատվեն  բոլոր ազդեցիկ դեմքերը, կուսակցությունը կկորցնի իր ընտրազանգվածի բողոքական հատվածն ու առաջիկա ընտրությունները կդիմավորի անսպասելի ցածր վարկանիշով:  Իսկ վերջում, որպես սփոփիչ մրցանակ  կստանա իր 10-12 տոկոսը խորհրդարանում:  

Եթե սա է ԲՀԿ-ի նպատակը, ապա առանց հապաղելու կարող է ընդունել երկու պահանջներն էլ:

Իսկ եթե սա չէ,  ապա պետք է փորձել հասկանալ իրական նպատակը: Մեր խորին համոզմամբ, կուսակցության և Գ. Ծառուկյանի վերջին ամսիների քայլերը ցույց են տալիս, որ խնդիր է դրված ինքնուրույն ազդեցիկ քաղաքական ուժ դառնալ: Տեսականորեն դրա հասնելու ռեսուրսները կան, մնում է ճիշտ տեխնոլոգիական քայլերով հասնել խնդրի պրակտիկ իրականացմանը:

Եթե ԲՀԿ-ին հաջողվեց առաջիկա ամիսներին հանրային գիտակցության մեջ կայանալ, որպես ինքնուրույն քաղաքական ուժ. իր մեծ էլեկտորատով, նյութական ռեսուրսներով, խարիզմատիկ լիդերով, ապա նա հետագայում կարող է դառնալ քաղաքական դաշտի լուրջ գործոններից։

Շատերը կարծում են, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կլինեն արտառոց զարգացումներ: Մեր կանխատեսմամբ դա այդպես չի լինի:  Մեկ ամիսը շատ կարճ ժամանակ է նման կտրուկ որոշումներ կայացնելու համար:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի և անձամբ Գ. Ծառուկյանի քաղաքական բանաձևին առաջիկա ամիսների համար, ապա այն պետք է լինի մեկը, բայց շատ հստակ'  լինել ինքնուրույն: 

                                                Դավիթ Գալստյան

Այս խորագրի վերջին նյութերը