Քաղաքական

09.05.2012 19:28


Ազատագրել Հայաստանն ու Արցախը

Ազատագրել Հայաստանն ու Արցախը

Մայիսի 9–ը եռատոն է համարվում։ Շնորհավորելով հանդերձ բոլորիս՝ պետք է անկեղծ ասեմ, որ Շուշիի ազատագրումից 20 տարի անց ուրախության քիչ առիթներ ունենք։ Քանի՞ մարդ է այսօր տոնական տրամադրության մեջ...

«Հայրենասիրական» ճոռոմ խոսքերը, իշխանական շաբաշներով կամարների տակ «ազգային–ազատագրական» պարեր պարելը, «քարեր» շարժելը և էժանագին պաթետիզմը թողնելով «հանգույններին»՝ արժե գնահատականներ տալ մեր իրականությանն ու վերաիմաստավորել Արցախյան հաղթանակը։

Հայ ժողովուրդն ազատագրեց Շուշին և իր զորքը կանգնեցրեց նախկին ԼՂԻՄ–ը շրջապատող 7 շրջաններում, բայց հաղթանակներից հետո եկավ պարտությունների մի մեծ շարան։ Մենք այդպես էլ չկարողացանք նորմալ երկիր կառուցել, իսկ դա նշանակում է, որ Շուշիի գրավումը և ռազմական մյուս հաջող օպերացիաներն «Արարատ–73»–ի հաղթանակների պես մի բանի կարող են վերածվել. այդքան մոտիկ ու նույնքան հեռու։

Շուշիի հաղթանակին տեր կանգնելու համար անհրաժեշտ էր Հայաստանն ու Արցախը դարձնել ժողովրդավարական, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացու և մրցունակ տնտեսությամբ պետություն, այնինչ ճիշտ հակառակը տեղի ունեցավ, իսկ դա պարտության առաջին նախանշանն է։

1994–ի մայիսից՝ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, երբ մենք թևակոխեցինք «սառը» պատերազմի փուլ, ամենքս մեր մասով մսխեցինք այդքան թանկ գնով ձեռքբերված հաղթանակները։

Եվ այսպես, չկարողանալավ արդիական պետություն ստեղծել՝ մենք քար ենք պակասեցրել մեր տան պատից։

Երկու օր առաջ՝ մայիսի 6–ին, շրջիկ խմբերի քվեարկությունների միջոցով տեղի ունեցած ընտրական կողոպուտը հերթական, բայց արդեն ավելի մեծ քար էր, որը հանվեց մեր երկրի անվտանգության շինությունից։ Շատերն իրենց հիմա թալանված են զգում և ինչպես բնակարանային գողությունից հետո է լինում, լծվել են դռան բանալիները փոխելու և տան պատուհանների վրա երկաթյա պաշտպանիչ շերտ դնելու հուսահատ գործին, բայց հոգու խորքում արդեն չեն ուզում ապրել այդտեղ, քանզի դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ, ասենք, քո քնած ժամանակ մեկ ուրիշը մտել է տարածքդ։ Տունը գողությունից հետո քեզ այլևս պաշտպանված ամրոց չի թվում, ինչն անդուր զգացողություն է ...

Մայիսի 6–ից առաջ մի քանի հասցեների վրա մարդկանց գրանցելով՝ Հայաստանի իշխանությունը, փաստացի, բուն ընտրական միջոցառման ընթացքում «բնակարանային գողություն» իրականացրեց։ Թալանվեցին «Հայաստանի Հանրապետություն» հասցեում գտնվող բնակարանն ու դրա բնակիչները։ Հայաստանը, ըստ այդմ, մտնում է մի նոր փուլի մեջ, որը տանում է դեպի բացարձակ անվերահսկելի և այլասերված մենիշխանություն՝ այդտեղից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով։

Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի հետ ունեցած «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակից հաղթող դուրս գալու նպատակով հարկավոր է Իլհամ Ալիևի ստեղծած և սուլթանատ հիշեցնող ավտորիտարիզմին հակադրել բաց համակարգն ու շուկայական տնտեսությունը, հակակշիռների մեխանիզմով գործող քաղաքական կառույցներն ու մասնավոր սեփականության պաշտպանության վրա հիմնված տնտեսական հարաբերությունները։ Մեզանում, դժբախտաբար, ընտրվել է հակառակ ուղին։

Սերժ Սարգսյանն այժմ Հայաստանը տանում է ադրբեջանականացման, իսկ իշխանական բարքերը՝ իլհամալիևականացման ճանապարհով, բայց առանց նավթի ու գազի, ինչը նշանակում է, որ մենք վաղ թե ուշ պարտվելու ենք «սառը» պատերազմում, քանզի Հայաստանը սուլթանատ պահելու ռեսուրսներ չունի և նմանատիպ մրցակցության մեջ կզիջի հարևան նավթային սուլթանատին։ Այդ ամենը թույլ չտալու, երկրի բնականոն զարգացումն ապահովելու և պարտության չենթարկվելու համար հայաստանցիներս պետք է ընտրություն կատարենք մարդկանց նեղ խմբի շահերից բխող սուլթանատը հանդուրժելու և ժամանակակից պետության կառուցելու միջև։

Շատերը հիմա հիասթափված են ու ԱԺ ընտրությունների ժամանակ ցուցաբերած վարքագծի համար «մուննաթ» են գալիս մեր ժողովրդի վրա, բայց իզուր։ Նույնիսկ կեղծված ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը «ո՛չ» է ասում սուլթանատին, քանզի եթե մի կողմ դնենք բազմակի քվեարկությունների արդյունքում ստացված ավելի քան 1,6 միլիոն վիրտուալ մասնակցությունը և առաջնորդվենք խելքին մոտ թվերով, ապա, հաշվի առնելով վերջին 10-15 տարիների ժողովրդագրական պատկերը և 2007-2012թթ. ընթացքում արձանագրված արտագաղթի տեմպը, պարզ է, որ այս ընտրություններին մասնակցել է առավելագույնը 1 միլիոն մարդ (օրինակ՝ 1999–ին մասնակցել էր 1,1 միլիոն մարդ) և նրանցից ավելի քան 700 հազարը, անկախ իր քաղաքական համակրանքներից և այլ տիպի մոտիվացիայից, փաստացի քվեարկել է ՀՀԿ մենաշնորհի դեմ։

Այս անգամ կուսակցությունների ստացած քվեների հաշվարկների ժամանակ, կարծես թե, կեղծարարություններ չեն եղել, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե իրականում որ ուժն ինչքան ձայն է ստացել (ՀՀԿ–ին ու ՕԵԿ–ին չհաշված, իհարկե), և ինչպիսի իրական տրամադրություններ կան հանրության մոտ։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ «Ո՛չ ՀՀԿ մենաշնորհին» սկզբունքով քվեարկածների շարքին կարելի է դասել ԲՀԿ–ի (454 686), ՀԱԿ–ի՝ (106 912)-ը, ՀՅԴ–ի (86 302) և անգամ «ժառանգության» (87 100) ստացած ձայները, ինչը հանրագումարում կազմում է 735 000 մարդ (եկեք ընդունենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ցուցակին քվեարկողը հազիվ թե տեղյակ է եղել «ժառանգության» իրական դերակատարումից և այդ կուսակցությանը ձայն տալով՝ իր կարծիքով դեմ է դուրս եկել ՀՀԿ–ին)։

Վերը ներկայացված թվերը ցույց են տալիս, որ հասարակությունն իր բացասական վերաբերմունքն արտահայտել է Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի կառավարմանն ու պահանջում է արմատական բարեփոխումներ։ Այլ հարց է, որ քաղաքական դաշտի սուբյեկտներն առայժմ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց ստացած վստահության քվեի իրական արժեքը և համապատասխան ձևով չեն արձագանքում հասարակական պահանջին, բայց համոզված եմ, որ վակուումը դատարկ չի մնա, այլապես այդ դատարկությունը ներսից չլցվելու պարագայում ժամանակի ընթացքում կլցվի հարևան պետության կողմից, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում և ինչը թույլ տալ չի կարելի։ Այս տեմպերով եթե գնանք, ապա մեր պետությունը կթուլանա, և իր ներքին թշնամուն (ՀՀ քաղաքացիներին) հաղթած Հայաստանի միահեծան իշխանությունը հազիվ թե կեղծիքների գործիքի վերածված նույն շրջիկ խմբերով կարողանա դիմագրավել արտաքին թշնամուն (ադրբեջանական հարձակումներին)։

Պետք է մի բան լավ իմանալ. ազգերն ու պետությունները հզորանում կամ թուլանում են ոչ միայն կամ ոչ այնքան մարտի դաշտում տարած հաղթանակներով, որքան քաղաքական ինստիտուտներ և քաղաքացիական համակարգեր ստեղծելու կարողության արդյունքում։

Օրինակ բերելու համար շատ հեռու չգնանք։ Այսօր 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տարեդարձն է. մեր նախկին հայրենիք Սովետական Միությունը հաղթեց Գերմանիային, որն այն օրերին ավերակների էր վերածվել, իսկ հայերս, սովետական մյուս ժողովուրդների հետ միասին, քոչարի էինք պարում Ռայխսթագի պատերի տակ այնպես, ինչպես հետագայում պարեցինք Շուշիում։

Պարտությունից հետո նոր Գերմանիան սկսեց ժամանակակից պետություն կառուցել՝ ժողովրդավարական քաղաքական համակարգով ու շուկայական տնտեսությամբ, իսկ Սովետական Միությունը շարունակեց մնալ տոտալիտար ու հետամնաց պետություն։ Արդյունքում` նավթով ու գազով հարուստ և հսկայական տարածք զբաղեցնող ՍՍՀՄ–ը փլուզվեց, իսկ փլուզվելուց առաջ, եթե հիշում եք, սովետական ղեկավարությունը ծնկաչոք ֆինանսական օժանդակություն էր խնդրում 2–րդ համաշխարհային պատերազմում իրենից պարտված, բայց համակարգերի և ինստիտուտների առումով արմատապես վերափոխված Գերմանիայից։

Ասելս այն է, որ եթե ուրիշ ազգերի ու պետությունների սխալներից կամ ճիշտ քայլերից համապատասխան հետևություններ չանենք, ապա ոչ միայ Շուշին, այլ նաև Երևանը կկորցնենք։

Հայաստանը չի՛ կարողանա երկար դիմանալ քաղաքական ու տնտեսական այժմյան մենաշնորհներին։

Հայաստանը չի՛ կարող ադրբեջանական սուլթանատին սուլթանատ հակադրել. մենք այդ ռեսուրսը չունենք։

Հայաստանը չի՛ կարող անբարոյականությունն ու կեղծիքը դրոշ դարձնել. սա անասնաֆերմա չէ։

Հետևաբար՝ Հայաստանը կգնա կա՛մ էֆթանազիայի, կա՛մ շոկաթերապիայի. 3–րդ տարբերակ չկա։

1945–ին պարտված, բայց վերածնման ճանապարհը բռնած Գերմանիայի համեմատ մենք ավելի լավ մեկնարկային պայմաններ ունենք, քանզի ոչ թե պարտվել, այլ հաղթել ենք մեր բաժին կռվում։ Այնպես որ, հոռետեսությամբ պետք չէ լցվել, այլ ընդամենը պետք է տան ներսում մաքրություն իրականացնել և իրերը դնել իրենց տեղը։

Մի՞թե այս իշխանությունն ու այս համակարգն այդքան արժեն, որ նրանցից ազատվելու փոխարեն բավարարվենք ապագա հաղթանակների բերկրանքն անցյալի հաղթանակների մասին հուշերին զիջելով։

Ես գերադասում եմ ապագա հաղթանակները, քան նախկին հաղթանակները մարմնավորող «կոթողների» փլատակների տակ մնալը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը