Կարծիք

08.05.2012 10:31


Ժառանգությունը. աղքատության նազիր-վեզիրները բողոքելու տեղ չունեն

Ժառանգությունը. աղքատության նազիր-վեզիրները բողոքելու տեղ չունեն

Րաֆֆի Հովհաննիսյանը ու հազարավոր հայաստանցիներ մի ընդհանրություն ունեն` նրանք բոլորը նիրհարել են: Բայց այդ երկուսն ունեն նաև մի կարևոր տարբերություն` նիհարել են տարբեր պատճառներով. հազարավոր հայեր նիհարել են ոչ իրենց կամքով, ստիպված, աղքատացել են, զրկվել նորմալ սնվելու հնարավորությունից, իսկ Րաֆֆին նիհարել է իր կամքով` արտաքին տեսքը ավելի վայելուչ դարձնելու համար:

Շատ է աչքովս ընկնում մեղադրանքներ  հարկադրաբար նիհարածների նկատմամբ` ստրուկներ, իրենց չորս տարիները ծախեցին մի քանի դրամով և այլն: Մեղադրանքներ են հնչեցնում նաև հինգ տոկոսի արգելքը ընտրությունների հաջորդ օրվա ցերեկը հաղթահարած և կամովին նիհարած Րաֆֆու «Ժառանգության» ակտիվիստները: Ժառանգության արդեն նախկի պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարում է«Ընտրությունները փաստեցին հայ հասարակության ծախվածության մակարդակը», իսկ մեկ այլ ժառանգական  Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքում գրում է.

 «Փողը վերցրեցիք, վախեցաք, օգտագործվեցիք, ստրկությունը չթողեց առողջ դատողությանը, հիմա գոնե հասկացեք մի բան, որ մի քանի օրից զգալու եք, որ իրանց ողորմացած 10.000-ները, մուրաբաները, տրակտորները, եւ ընդհանուր վերցրած փշրանքները կարճ ժամանակում հետ են վերցնելու…հիմա արդեն ձեզ ընտրազանգված չեն նայում, հիմա դուք 1 օրեկան ստրուկ ու ծառա եք իրանց համար… Հիմա գոնե քարերը փեշերիցդ դատարկեք, գոռացեք բարձրաձայն, որ խափված եք ու փորձ արեք ու ապացուցեք, որ ուզում եք շտկել իրավիճակը, դուրս եկեք ձեր տան կամ շենքի առաջ, մի հատ մեծ պաստառ վերցրեք ու վրան ինչ գույնով ուզում եք գրեք. ԵՍ էլ չեմ ՈւԶՈւՄ ՎԱՃԱՌՎԵԼ, ԵՍ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱՑԻ, խոսք եմ տալիս, որ կմոռանամ, որ ձեր մասին շատ վատ բաներ եմ մտածել»:

Ենթադրվում է, որ «առողջ դատողություն» ունեային ու ստրուկ չլինեին պետք է ընտրեին «Ժառանգությանը»:

Իսկ մեկ ուրիշն էլ Դավիթին արձագանքել է. «կրթություն է մեզ պետք, մեծ գործունեություն՝ ուղղված ստրուկին քաղաքացի դարձնելուն, որոնք գյուղերում են կենտրոնացած», նայում ես պրոֆայլը ու պարզում` Եվրոպական ինչ-որ կրթական համակարգում այս աղջկանից ստացել են «լավ քաղաքացի»:

Ի՞նչ է ազատությունը և ի՞նչ ստրկությունը.  բարդ ու իրարամերժ սահմանումներով դարեր քննարկվող հասկացություններ: Նույն արարքը մի մեկնաբանությամբ ստրկություն է մյուսով ազատություն` (քրիստոնյայի համար ստրկությունը մարմնական հաճույքներից կախվածությունն է, ազատությունը` ցանկություններից հրաժարվելը, իսկ մեկ ուրիշի համար ստրկությունը քրիստոնեությունն է, որ կաշկանդում է մարմնի ազատությունը):

Մտավորական մի խավ կա, որ սիրում է իր բարեկեցիկ «ազատության» դիրքերից արտահայտել զզվանքը «անկիրթ ու հասարակ» ժողովրդի նկատմամբ, որը հեշտությամբ «ստրկանում է», «օգտագործվում» ու այդ խավը իր առաքելությունն է համարում  «ազատագրել ստրուկին» ` իր ազդեցության դաշտ բերելու ու իր շահերին օգտագործելու համար: Այս շարքից է նաև «ժառանգության» ակտիվիստների պոռթկումը:

Այս ընտրություններից հետո, երբ ընտրակաշառքը դարձավ ընտրությունների ելքը որոշող գլխավոր գործոնը, արժի քննարկել ստրկության թեման. ո՞վ է ավելի ստրուկ`նա ում չեն կաշկանդում բարոյական քարոզները, չի ստրկանում «ազատագրման» խայծերին ու իր սովը հագեցնելու համար «ազատորեն» 20 հազար դրամ է վերցնում, թե՞  «ազատ քաղաքացին» ով պարտավորվում է էն գլխից քաղաքացու օրինապահության կաշկանդող շղթաներով կապվել ու ենթարկվել ինչ-որ մեկի գրած բարոյական նորմերին, մեկ ուրիշ իշխանության պարտադրանքին  ու սոված մնալ: Ո՞վ է ավելի ստրկացնում. դրամ բաժանո՞ղը, թե՞ նրանք ովքեր կոչ են անում ընտրակաշառքից հրաժարվել,  20 հազար դրամը չվերցնել ու «ստրկանալ» սոված մեռնելու, բայց քաղաքացի մնալու քարոզներին(ինչպես քաղաքագետ Լևոն Շիրինյանը ասաց` կերած-խմած կոստյումով մարդիկ կոչ են անում չտրվել  հինգ հազար դրամին): Սրանք հռետորական հարցեր չեն ու ամեն պատասխանի վրա կարելի է ժամերով վիճել:

Տարբեր առաջնորդներ իրենց սահմանած ազատության անունից զանգվածներին «ազատագրելիս» այդ նույն զանգվածների արյունն են հոսեցրել: Ի վերջո մարդիկ հասկացան, որ ազատությունը ինչ-որ բռնակալի սահմանումով չի բնութագրվում, որ այն եզակի չի կարող լինել, հոգնակի է` ազատություններ, ու հետևաբար այն ինչ հոգնակի է չի կարող սահմանվել ու պարտադրվել: Նաև, որ ազատությունը  ընտրություն է` բնակավայր, կրոն, սեռ, կուսակցություն, մասնագիտություն և այլն ընտրելու ազատություն: Բայց մինչև ընտրություն անելը անհրաժեշտ էր առաջին հերթին հագնելու շոր և ուտելու հաց ունենալ, որից հետո`տանիք, ապա կենցաղային հարմարություններ…. Այդպես, բարեկեցության աճին զուգահեռ հնարավոր եղավ ժամանակակից արևմտյան ժողովրդավարությունը իր ազատ քաղաքացիներով, ովքեր հնարավորություն ունեն ընտրելու. Փարիզում ապրել, թե՞ Բեռլինում, Մալթայում հանգստանա՞լ, թե՞ Թայլանդում, ընդունվել Քեմբրի՞ջ, թե՞ Սորբոն, դառնալ արվեստագե՞տ, թե՞ օդաչու, ճարտարապե՞տ, թե՞ ֆիզիկոս լինել, ընտրել ձախերի՞ն, թե՞ աջերին(ֆրանսիայում առաջին անգամ ձախ նախագահ ընտրվեց 1981-ին, երբ երկրում աղքատությունը վերացել էր: Իսկ աղքատության ժամանակներում դա հնարավոր չէր` ձախերը ընտրվել չէին կարող, ու միայն հեղափոխություն էին անում):

Ուրեմն, ազատ քաղաքացին կուշտ քաղաքացին է, ինչպես «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակի գործիչներն են, իսկ «անազատն» ու «ստրուկը»` սովածը: Րաֆֆի Հովհաննիսյանի պես ազատ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ ընտրություն անել ուտելու և չուտելու մեջ` 17 օր ծոմ պահել հետո կրկին ուտել: Աղքատ, հացի կարոտ մարդը էդ հնարավորությունը չունի, ի՜նչ ծոմ պահել` հեն ա ծոմի մեջ ա, հենց հաց տեսնի, պիտի ուտի, էլի տեսնի, տա երեխաները ուտեն:

Առաջին ընտրակաշառքները հայտնվեցին 1993թ. Ազգային ժողովում թափուր մնացած պատգամավորության տեղերի ընտրություններում և շարունակվեցին մինչև մեր օրերը: Բայց մայիսի 6-ի ընտրություններում առաջին անգամ ընտրակաշառքը դարձավ ընտրությունների ելքը որոշող  հիմնական, եթե ոչ միակ գործոնը:

Ի՞նչը նպաստեց, որ ընտրակաշառքը այդպես վճռորոշ դեր կատարի.  ընտրությունների վրա ընտրակաշառքի ազդեցությունը աճում է աղքատությանը զուգահեռ, իսկ աղքատությունը վերջին չորս տարիներին 30 տոկոսով աճել է,  չորս տարում  500 հազար հոգի աղքատացել է(ընտրարշավին ներկայացնում էր Օսկանյանը), այսինքն 500 հազարով ավելացել է ընտրակաշառք վերցնողների թիվը, Իսկ աղքատանալուց խուսափելու համար մոտ 150 հազար մարդ էլ հեռացել է երկրից :

Եթե  չես ուզում, որ ընտրողը 10-20 հազար դրամ ընտրակաշռքի դիմաց ձայն տա ու ձգտում ես ժողովրդավարության, որ մարդ ընտրության հնարավորություն ունենա,  ազատորեն ընտրություն անի քաղաքական ուժերի մեջ, ուրեմն ոչ թե փող վերցնողին պիտի հայհոյես ու բարոյական դասեր տաս, այլ աշխատես այնպես անել, որ ընտրողը ընտրակաշառքի կարիք չունենա, այսինքն երկիրը դուրս բերես աղքատությունից, պայքարես երկիրը աղքատացնող իշխանության դեմ:

«Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը արեցին ճիշտ հակառակը. ընտրություններին թիկունք կանգնեցին երկիրը աղքատացնող Հանրապետականի լիդեր Սերժ Սարգսյանին, ընդդիմության դաշտում պայքարեցին Սերժի հակառակորդ ուժերի դեմ, հրաժարվեցին նրանց հետ ընտրությունները հսկող շտաբի մեջ լինել և հանձնաժողովներում իրենց տեղերի մի մասը տվեցին իշխանությանը: Ուրեմն, ինչի՞ են բողոքում ժառանգականները, որ ժողովուրդը փողով ձեն է տվել. ավելի ձեռ է տալիս 20 հազար դրամով ձենը տալ երկիրը աղքատացնողին, քան առանց կոպեկի աղքատացնողի նազիր-վեզիրներին` Րաֆֆուն ու իր ցուցակին(եթե ժառանգականները բարոյական խնդիր են դնում ու ծախված ասում թշվառ մարդկանց, ապա այն բումերանգի պես կխփի իրենց. ո՞վ է ծախվածը` օրվա հացի կարոտ թշվա՞ռը, թե՞ հինգ տոկոսի խաթեր նախագահի հետ գործարք անող վայելուչ տեսքով «ազատ քաղաքացիները»): Դժգոհելու տեղ չունեն, էլի ժառանգությունը անցավ, մի հինգ հոգի դեպուտատ դարձավ ու շահեց: Իսկ երկիրը մնաց նույն աղքատության մայրուղու վրա: Ո՞րն է ելքը:

Հանրապետականի հաղթանակով աղքատության թագավորը, նախագահ Սերժ Սարգսյանը բացարձակ իշխանություն ձեռք բերեց, ուրեմն տնտեսությունը էլի անկում կունենա, աղքատությունը կխորանա, արտագաղթը կշարունակվի, ուրեմն, գուդ բայ ժողովրդավարություն ու բարև հեղափոխություն:

Հիմա էլ կհնչեն ուրիշ մտավորական լոզունգները` հեղափոխութունը գարշելի բան է, այն միայն արյուն ու բռնություն է բերում, ատելություն ու թշնամանք տարածում և այլն, և այլն: Մտավորականը հենց նրա համար է, որ հումանիստ ու բարոյական խաղա, ապերախտ ժողովրդի դարդով տապակվող ու անկաշառ ներկայանա ու օդի մեջ գեղեցիկ խոսքեր տրաքացնի: Հեղափոխությունը սիրես-չսիրես դեմը չես կարող առնել(ինչպես չես կարող ընտրակաշառք վերցնելու դեմն առնել). ելք չեն թողնում, սոված ու աղքատ երկրում անհնար է դառնում ժողովրդավարական ազատ ընտրությունները և բացվում է կամ հեղափոխության կամ էլ պատերազմի ճանապարհը… կամ` երկուսն միասին:

Վահան Իշխանյան

Ըստ zham.am-ի

Այս խորագրի վերջին նյութերը