Մեկնաբանություն

06.05.2012 20:20


Բարիկադի երկու կողմերը

Բարիկադի երկու կողմերը

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի խոստացած «լավ ընտրությունները» կայացան։ ՀՀԿ–ն կիրառեց ինչպես հին, այնպես էլ նոր տիպի ընտրակեղծիքների տեխնոլոգիաներ։ Հին էին ընտրակաշառքը, «կարուսելները» և ընտրատեղամասերում սարքած  «դեբոշները», իսկ նոր էր անձնագրերի դրոշմակնիքների օքսիդացումն ու կրկնաքվեարկությունների ապահովման մեխանիզմները։ Արդյունքնում՝ անիրական քանակի մասնակցություն արձանագրվեց. ՀՀԿ–ն «պերեբոռ» արեց։

Մի փոքր նորամուծություն նկատվեց ընտրակաշառքների առումով։ Դատելով ստացված տեղեկություններից՝ հանրապետականները ընտրակաշառք էին բաժանում, բայց ոչ թե խնդրում էին ձայնը տալ իրենց, այլ կոչ էին անում չգնալ քվեարկության։ Եթե այս լուրերը համադրում ենք անձնագրային կնիքների արագ ցնդելու փաստի հետ, ապա պարզ է դառնում, թե ինչու էին փող բաժանում և կաշառվողներից վերցնում անձնագրային տվյալները։ Այդ ամենն արվում էր, որպեսզի նրանց փոխարեն քվեարկեին շրջիկ խմբերը։ ՀՀԿ–ում, ըստ այդմ, մտավախություն են ունեցել, որ մարդիկ փողը կվերցնեն, բայց իրենց ձայն չեն և այդ իսկ պատճառով որոշել են կաշառվածներին հեռու պահել ընտրատեղամաս այցելելու մտքից։

Հաշվի առնելով վերը նշված և մի շարք այլ հանգամանքներ՝ արդեն իսկ կարելի է ասել, որ այս ընտրություններն անցել են ցինիզմով համեմված կեղծիքներով ու բացահայտ օրինախախտումներով։

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ կուսակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը, ինչպես նաև լրատվամիջոցներն ու քաղաքացիական անձիք բազում կեղծիքների մասին են ահազանգել, ինչը նշանակում է, որ ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածի տակ է։

Հիմա ամեն ինչ կախված է միասնական շտաբի դիրքորոշումից։ Եթե ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը չընդունեն ընտրությունների լեգիտիմությունը, ապա ՀՀԿ–ն կմնա մենակ, քանզի նույնիսկ եթե Սերժ Սարգսյանի հաճախորդ կազմակերպություններ ՕԵԿ–ն ու «ժառանգությունը» ճանաչեն ընտրությունների արդյունքները, ապա միևնույն է դրանք գրոշի արժեք չեն ունենա։

Նկատենք, որ Միասնական շտաբն արդեն «ատամ» ցույց տվել է։ Գագիկ Ծառուկյանի, Վարդան, Օսկանյանի, Վահան Հովհաննիսյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի, Արմեն Ռուստամյանի, Լևոն Զուրաբյանի, Սպարտակ Սեյրանյանի համատեղ ասուլիսները վկայում են, որ Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը շատ հանգիստ կարող է վերածվել հետընտրական գործընթացներն ուղղորդող մարմնի։

ԿԸՀ–ի հրապարակած նախնական արդյունքներից կերևա, թե ինչ սցենարով մենք կմտնենք հետընտրական Հայաստան։ Մեկ բան աներկբա է. կողմերը հետդարձի ճամփա չունեն։ ՀՀԿ–ն կեղծել է ու փորձելու է օգտվել այդ կեղծիքից, իսկ «Կոնսենսուս մինուս ՀՀԿ–ն իր հաճախորդներով հանդերձ»–ի կողմնակիցները պետք է ձգտեն իշխանափոխության։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Այսօր վերջնականապես իրենց դեմքը ցույց տվեցին «անկախ» և «ընդդիմադիր» կայքերը, որոնք վաղուց գտնվում էին Բաղրամյան 26–ի հովանու ներքո։ Այդ լրատվամիջոցների տերերն անողոքաբար օգտագործեցին սրանց, ինչի արդյունքում լրատվական դաշտը նույնպես վերջնականապես բաժանվեց երկու մասի՝ Սերժ Սարգսյանի հպատակներ և Հայաստանում քաղաքական մենաշնորհի վերացմանը կողմ արտահայտվողներ։ 

Հ.Գ.-2։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իշխանության պատվերով արված նկարովի «էքզիտ փոլի» արդյունքներով ՀՀԿ–ն 44 տոկոս է հավաքել։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը վա–բանկ է գնում և ցնցումների տանում պետությունը։ Ասել է թե՝ հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունն իր վրա է։

Այս խորագրի վերջին նյութերը