Կարծիք

20.11.2010 18:50


ՆԱՏՕ-ին հասնում էր

ՆԱՏՕ-ին հասնում էր

Երբ նայում ես, թե ինչ դժբախտություններ է բերել ՆԱՏՕ-ն բազմաթիվ երկրների ու ժողովուրդների գլխին հասկանում ես, վերջապես, որ այս կառույցը ոչ այնքան խաղաղության, որքան պատերազմի, բիրտ ուժի, հարկադրանքի կառույց է: Այս կառույցին հատուկ են երկդիմի խաղերը, երկակի ստանդարտների կիրառումը, հեռահար նպատակներ հետապնդող դիվերսիոն գործողությունների իրականացումը, ընդդիմացողների վրա անհիմն ճնշումներ (ֆինանսական, տնտեսական, ռազմական, քաղաքական) բանեցնելը, կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը եւ այլն: Նպատակը մեկն է' ընդլայնելով ալյանսի ազդեցության սահմանները' հասնել համաշխարհային միահեծան տիրապետության: Եվ շատ բնական է, որ այսպիսի մի կառույցի համար որևէ նշանակություն չուի, թե ինչպիսի իրավիճակներ կան իր ճանապարհին հայտնված երկրներում, ինչ փոխհարաբերություններ, ինչ լուծված ու չլուծված խնդիրներ կան հարևան երկրներում ապրող ժողովուրդների միջև: Ազգային հարց, որպես այդպիսին, ՆԱՏՕ-ում խաղի կանոններ սահմանող երկրի կամ երկրների փոքր խմբի համար գոյություն չուի ընդհանրապես: Եթե կա որևէ խոչընդոտ, այն պետք է վերացվի եւ կարևոր չէ, թե ինչպես: Ասվածը կարող ենք հաստատել ոչ թե ՆԱՏՕ-ի ընդդիմախոսների, այլ հենց այդ կառույցի գլխավոր քարտուղարի խոսքերով: Բրիտանական «Daily Telegraph» պարբերականին վերջերս տված հարցազրույցում Ռասմուսենն ուղղակի հայտարարել է, որ Աֆղանստանում խաղաղարար (՞՞՞) առաքելության ավարտից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է պատրաստ լինի ռազմական գործողություններ իրականացնել իր սահմաներից դուրս. «Մեր հիմնական նպատակն է մեր բնակչության տարածքային պաշտպանությունը, սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ ժամանակակից աշխարհում մենք պետք է գործենք նաև դաշինքի սահմաններից դուրս, որպեսզի ավելի արդյունավետ պաշտպանենք կառույցի սահմանները»: Եթե փորձենք հասկանալ նրա այս միտքը, որպես ամբողջ աշխարհում խաղաղությամբ խիստ շահագրգռված մարդու մտածողության արդյունք, ապա առնվազն պետք է մեզ համար պարզ լինի, թե մինչև ուր են հասնում Ռասմուսենի նշած այն տարածքները, որոնք դուրս են իրենց բնակչության տարածքներից եւ սպառնում են իրենց բնակչության անվտանգությանը: Ժամանակին, երբ դեռ կար ԽՍՀՄ-ը, կար այդ վտանգավոր տարածքը, երբ դեռևս գործում էր Վարշավայի պայմանագիրը, կար այդ տարածքը: Համաձայն ենք'Կուբայում խորհրդային հրթիռների տեղակայման փաստն իսկ բավական էր, որպեսզի ՆԱՏՕ-ի այն ժամանակվա ղեկավարները հստակ ասեին, թե ինչ են հասկանում իրենց բնակչության անվտանգություն ասելով: Իսկ հիմա՞:

Իսկ հիմա, երբ չկա սառը պատերազմը, չկա այդ պատերազմի վտանգն անգամ, ՆԱՏՕ-ն իր գործողությունների արդարացման համար նոր հնարքներ է գտնում' խաղաղարար առաքելություն, հակաահաբեկչական պայքար. «Սառը պատերազմի ավարտից հետո ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, դրանցից մեկն ահաբեկչությունն է»: ՆԱՏՕ-ն չի պատրաստվում կանգ առնել նաև սրանից հետո: Դարձյալ Ռասմուսենի խոսքերն են. «Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Լիսաբոնում պետք է ընդունի գործողությունների նոր ռազմավարական հայեցակարգ, որը գործելու է Աֆղանստանից հետո: Նոր ռազմավարական հայեցակարգի նպատակը դաշինքի նախապատրաստումն է անվտանգության նոր սպառնալիքներին՝ հրթիռային հարվածներին, ահաբեկչական գործողություններին ու հիպերտարածական հարձակումներին»:

Նկատենք, որ նրանց նոր հայեցակարգում, ինչպես եւ Աֆղանստանից առաջ եղած հայտնի ու անհայտ հայեցակարգերում ոչ մի խոսք չի ասվում ՆԱՏՕ-ի ճանապարհին հայտնված, հայտնվող եւ հայտնվելիք երկրների, ժողովուրդների, ազգերի ու ազգությունների ճակատագրի մասին: Ոչ մի մտահոգություն: Մի՞թե այսքանից հետո բնական չի թվում հարցը, թե իրականում ով ում անվտանգությանն է սպառնում, կոնկրետ' ՆԱՏՕ-ն Իրանի՞, թե՞ Իրանը ՆԱՏՕ-ի, Աֆղանստանից հետո' ՆԱՏՕ-ն Չինաստանի՞, թե՞ Չինաստանը' ՆԱՏՕ-ի անվտանգությանը: Իսկ ի՞նչ է լինելու Չինաստանից հետո, ինչ է լինելու, երբ երկրագնդի կլորության պատճառով Ռասմուսենը մեկ էլ տեսնի, որ հասել է ՆԱՏՕ-ի այն սահմաններին, որոնցից սկիզբ է առել ալյանսը: Հավանաբար ամեն ինչ սկսելու է նորի՞ց, ամերիկյան հնդիկների դեմ պայքարի՞ց:

Հայաստանը, որպես ՆԱՏՕ-ի շուրջերկրյա «ճանապարհորդության» այսօրվա հետաքրքրություն, անխուսափելիորեն պետք է հայտնվեր ալյանսի ռազմավարական քարտեզներից որևէ մեկում' խաղաղարա՞ր կլինի, հակաահաբեկչական, հակահրթիռային, թե՞ հակահիպերտարածքային,: Կարիք կա՞ ավելորդ անգամ հիշեցնելու, որ ՆԱՏՕ-ն այս մասին գիտեր վաղուց, որ ողջ Անդրկովկասն ու Հայաստանը ՆԱՏՕ-ի ժողովուրդների շարքն ընդգրկելու ձևերի ու մեթոդների մշակման համար տարիներ շարունակ գործել ու գործում են ամենատարբեր ռազմավարական հետազոտակն հաստատություններ, որոնցում մշակվում են ամենահեռավոր նպատակներից մինչև այդ նպատակներին հասնելու առաջին քայլերը: Կարիք կա՞ ինքներս մեզ համոզելու, որ մինչև մենք կմտածենք ինչ անել, ՆԱՏՕ-ն իր գրպանում ունի մեր մտածելիքի հակաքայլը: Կարիք չկա, կարծում եմ: Այդ իսկ պատճառով, հավանաբար, կարիք չկար ծակ պրոֆեսորի հավակնությամբ հրապարակ իջնել եւ ՀՀ նախագահին կոնկրետ հանձնարարականներ տալ, թե ինչպես վարվի ՆԱՏՕ-ի հետ: Սրանից մեկ տարի առաջ, ՀՀ նախագահին, չի բացառվում նաև որպես ՆԱՏՕ-ի ու ՆԱՏՕ-ամետ կառույցների ճնշումներն իրականացնող գործիք, Լևոն Տեր-Պետրոսյանն էր դրդում անպայման գնալ Թուրքիա: Վերջաբանը հայտնի է բոլորիս:

Անպայման պետք էր գնալ Լիսաբոն: Հիմա էլ հարցն այսպես է քննարկվում մեր մի շարք լրատվամիջոցներում նույնիսկ այն բանից հետո, երբ հրապարակի վրա է ՆԱՏՕ-ի լիսաբոնյան հավաքին չմասնակցելու ՀՀ նախագահի հիմնավորումը: Բայց, մինչ այդ հիմնավորմանն անցնելը, ցանկանում ենք ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ առնվազն տարօրինակ է հայկական որոշ լրատվամիջոցների, որոնք հայտնի են իրենց դանդաղաշարժությամբ, CNN-ական օպերատիվությունը: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք իրենց տրամադրության տակ նույն թեմայով առնվազն երկու հոդված են ունեցել եւ պատրաստ են եղել հրապարակել դրանցից մեկը կամ մյուսը' նայած թե ինչ որոշում կկայացներ ՀՀ նախագահը: Եթե գնար Լիասաբոն, ուրեմն կհրապարակեին այն տարբերակը, որտեղ դատափետվում է գնալու որոշումը, իսկ եթե չգնար' չգնալու որոշումը: Այդ մասին են խոսում նաև նախագահականից հնչած մեկ էջանոց հայտարարությանն ուղղված «ընդդիմադիր» հոդվածների հեկտարանոց ծավալները, մի բան որ ամենափորձառու լրագրողներն անգամ ֆիզիկապես չէին կարող ապահովել: Ինչևէ, սա էլ թողնենք հոդվածագիրների խղճին:

Հիմա, որպեսզի հասկանալի լինի, որ մենք չենք պատրաստվում այս հոդվածով հերթական ներբողը հնչեցնել Սերժ Սարգսյանի անձի շուրջ, եկեք դարձյալ հայացք նետենք նախագահականից հնչած պարզ մի նախադասության վրա, որտեղ բացակայում են Ռասմուսենի հայտարարություններին բնորոշ մութ ու անհասկանալի ոլորանները: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին (Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Էդ. Ա), վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես' վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»: Սա է ՆԱՏՕ-ի լիսաբոնյան այս գագաթաժողովին նախագահի մակարդակով չմասնակցելու հայկական կողմի բացատրությունը: Մի՞թե դժվար է հասկանալ, որ հայկական կողմը (անկախ այն բանից, թե ով է նախագահը), հրաժարվել է մասնակցել այդ ֆորումին, որովհետև պատրաստվում էին քննարկել եւ ընդունել մի բանաձևի նախագիծ, որ այդ նույն հայկական կողմի, արցախահայության համար հետընթաց է միայն նախանշում: Ի տարբերություն մեր մի շարք լրատվամիջոցների «կայծակեղեն» գրիչների, մենք կդժվարանայինք միանշանակ ասել, որ ՀՀ նախագահը պարտավոր էր գնալ, պիտի գնար, անպայման պիտի գնար, քանի գլուխ ուներ որ չգնաց, Մոսկվայից ասացին չգնաս ու նման բաներ: Ես կմտածեի մի փոքր այլ կերպ: Կմտածեի, որ ՆԱՏՕ-ն այլևս մեզ համար վտանգ է պարունակում, քանզի ձգտում է մեզնից խլել մեր ձեռքբերումը' չնայած այն հանգամանքին, որ մենք որոշ մակարդակներում արդեն նրա գործընկերն ենք, չնայած որ հավակնում ենք, Ռասմուսենի լեզվով ասած, իրենց ժողովուրդը համարվելուն: Եթե ՆԱՏՕ-ն իր իր ներսում է տարբերություններ դնում ժողովուրդների միջև, եթե իր ներսում է շարժում ուժային լծակները, եթե իր ներքին «հայրերն» ունի ու նրանց նավթասիրական կամքն է թելադրում իր ժողովուրդներին, ապա այդ կառույցի հետագա գործողությունների ուղեցույցի ընդունմանը ՀՀ նախագահի ի՞նչ մասնակցության մասին է խոսքը:

Ավելին' մեր որոշ լրատվամիջոցներ հասցրել են արդեն չարախնդալ, թե առանց Սերժ Սարգսյանի էլ ՆԱՏՕ-ն ընդունեց իր հայեցակարգը: Ընդունեց, հետո՞: Սերժ Սարգսյանի ներկայությամբ չէ՞ր ընդունելու: Որևէ մեկը դեռ կարծո՞ւմ է, որ Մեդվեդևն իր ներկայությամբ ավելացրեց Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի անկեղծ-եղբայրական վերաբերմունքի չափաբաժինը: Որևէ մեկը դեռ կարծո՞ւմ է, որ Մեդվեդևը հավատաց ՆԱՏՕ-ի այն պնդումներին, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում: Եթե մեզանում կան այդպիսիք, ապա ես խորապես ցավում եմ, իսկ եթե հայաստանյան որոշ շրջանակներ այս հարցում ՀՀ նախագահին ուղղված իրենց քննադատությունները հնչեցնում են միանգամայն այլ նկատառումներով, ապա ուղղակի հիասթափության են արժանի:

Ամփոփենք: Կասկածից վեր է, որ ՀՀ նախագահը պետք է հռչակագրի նախագծին համեմատ խիստ ընդգծված քայլ աներ, նկատելի, ուշադրություն գրավող, հարցականներ առաջացնող, քաղաքական զարգացումների շարունակություններ ենթադրող քայլ: Եվ այդ քայլը նա կատարեց' գագաթաժողովին Հայաստանը մասնակցեց արտգործնախարարով եւ պաշտպանության նախարարով: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն հայկական կողմից լսեց առնվազն երկու հայտարարություն: Նախ' որ Հայաստանը չի ընդունում ԼՂՀ հարցի կարգավորման ՆԱՏՕ-ական տեսակետը եւ պատրաստ չէ կատարել դրանից բխող քայլեր եւ ապա' Հայաստանը չի պատրաստվում, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թատրոնում, ԼՂՀ հարցի կարգավորման ուղղությամբ էլ կատարել այն ամենը, ինչ իրեն կասեն: Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, ՀՀ նախագահը, ով էլ լիներ, երևի թե պետք է հենց այսպես վարվեր:

Այսուհանդերձ մենք կողմնակից չենք այն միանշանակ տեսակետին, որ չգնալը լավագույն ելքն էր: Չգնալը ճիշտ էր, բայց առավել շահեկան դիրքում կհայտնվեր Հայաստանը, եթե հենց ՆԱՏՕ-ի վեհաժողովի ամբիոնից հայտարարություն արվեր հայ-թուրքական արձանագրությունների տակից Հայաստանի Հանրապետության ստորագրությունը հետ վերցնելու մասին եւ դա արվեր, օրինակ, հետևյալ բացատրությամբ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հարաբերությունների կարգավորումը փորձում է ծառայեցնել թուրք-ադրբեջանական շահերին եւ դրանց համապատասխան լուծել ԼՂՀ խնդիրը:

Ոչ Աստանայում եւ ոչ էլ Հայաստան-ՆԱՏՕ հետագա փոխշփումներում, ավելի քան վստահ ենք, որ Սերժ Սարգսյանից ոչ ոք բացատրություն չի պահանջելու լիսաբոնյան վերջին գագաթնաժողովին չմասնակցելու շարժառիթների մասին: Ոչ թե այն պատճառով, որ իրենց դա հետաքրքիր չէ, այլ այն, որ նրանք արդ շարժառիթները շատ ավելի լավ են պատկերացնում, քան մենք կարծում ենք: Եվ եթե որևէ մեկը դեռ մտածում է, որ ՆԱՏՕ-ի հերթական բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան է գալու եւ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը բերանը բաց չի ծիծաղելու, ապա պետք է նրան հիասթափեցնեմ: Բանն այն է, որ խոժոռ դեմքերի քաղաքականությունը ՆԱՏՕ-ում ընդունված չէ: Մնում է մենք էլ սովորենք չխոժոռվել եւ երեսպաշտությանը երեսպաշտությամբ պատասխանել: Իրենց հասնում է:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը