Կարծիք

28.04.2012 18:02


Ժառանգության լեռնաշար– ժությունը

Ժառանգության լեռնաշար– ժությունը

Տարօրինակ կուսակցություն է «Ժառանգությունը»: Երկար-երկար ժամանակ նրանք չէին կողմնորոշվում, թե որն է իրենց ընտրազանգվածը, երկար-երկար ժամանակ հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե այդ կուսակցությունն այս կամ այն հարցի կամ երեւույթի վերաբերյալ ինչ դիրքորոշում կամ տեսակետ ունի: Հենց այս փնթի վիճակով էլ ժառանգականները մտան ընտրապայքարի մեջ: Մտան եւ խոստացան սարեր շարժել: Հայկական իրականությունում սարերը ոչ թե շարժում են, այլ շրջում: Հայ մարդը, չի ասում, թե այս տղաներն այնքան ուժեղ են, որ սարեր են շարժելու, այլ ասում են, որ սարեր են շրջելու: Թվում է, թե այստեղ էական չէ՝ շարժելո՞ւ են, թե՞ շրջելու են, բայց պարզվում է, որ լավ էլ էական է, քանի որ երբ ինչ որ մեկը ժողովրդին խոստանում է սարեր շարժել, նա ակամա խոստովանում է, որ դրսից ներմուծված նախագիծ է: Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում լեռնաշարժությամբ զբաղվողները հայաստանյան իրականության հետ որեւէ կապ չունեն եւ արհեստածին են, ճիշտ այնպես, ինչպես արհեստածին է «Ազատ դեմոկրատների» պրոյեկտը եւ նույն «Ժառանգության» համամասնական ցուցակը:

«Ժառանգությունը», որն անցած տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, թե ինքն իրենից ինչ է ներկայացնում եւ ում շահերն է արտահայտում, հենց այսպիսի վիճակում էլ հայտնվելու էր: Նման քաղաքական ուժերը ինչ որ պահից սկսած կամա, թե ակամա սկսում են այլոց խաղը խաղալ: Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված ոչ թե սարեր է շրջում, այլ լեռնաշարժությամբ է զբաղվում, անում է այն, ինչ թելադրում են նորահայտ ազատ դեմոկրատները, որոնց առաջնորդի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հայացքներում ավելի շատ տարբերություն կա, քան ՀՅԴ-ի առաջին եւ ՀԱԿ-ի առաջին համարի միջեւ:

Սարեր շարժելու կարգախոսն անգամ զվարճացնում է նրանց, ովքեր հանգամանքների բերումով այսօր հայտնվել են «Ժառանգության» ցուցակում: Նրանք միմյանց տեսնելիս ձեռքի մկաններն են ցույց տալիս, ակնարկելով, թե այնքան են սարեր շարժում, որ մկանոտ երիտասարդների են վերածվել: Հենց հումորն էլ փրկում է անհարմար վիճակում հայտնվածներին, իսկ իրականությունը շատ ավելի տխուր եւ դաժան է:

Նրանք, ովքեր «կուրծ ծեծելով» այսօր փորձում են պաշտպանել Ժառանգությանը, այդպես էլ չեն կարողանում բացատրել, թե ինչ գործ ունեն իրենց ցուցակի առաջին տասնյակում նախագահականի մարդիկ, ովքեր կարող էին զարդարել ՀՀԿ–ի կամ ՕԵԿ–ի ցուցակը, բայց ոչ երբեք իրեն ընդդիմադիր հռչակած «ժառանգության» «հայավայել» «սպիսոկը»: Նրանք այդպես էլ չեն կարողանում հստակ բացատրություն տալ, թե ինչու ՀՀԿ-ին թողած շարունակ քննադատում են Հայ ազգային կոնգրեսին, Դաշնակցությանը եւ Բարգավաճ Հայաստանին:

Պարզ է, որ ընդամենը շաբաթներ անց Ժառանգությունն է՛լ, Ազատ դեմոկրատներն է՛լ հայտնվելու են իրենց տեղում, այնտեղ, որտեղ լինելու է նաեւ Օրինաց երկիրը, բայց մի՞թե դրա համար արժեր այսքան «մխտռվել»: Վերոհիշյալ երեք ուժերին այսօր մի բան է միավորում` նրանք իրենք իրենց հավատացնում են, թե բարի քեռին իրենց խորհրդարան մտնելու ուղեգիր կտա: Նման բան չի լինում:

Ինչ վերաբերում է նարնջագույն շարֆերին, ապա ժառանգականները դրանք տոնավաճառներում նույնիսկ էժան գնով էլ չեն կարող վաճառել, քանի որ կեղծը ամեն տեղ է կեղծ: 

Խոսրով Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը