Մեկնաբանություն

28.04.2012 17:43


Վարդան Օսկանյանի «վկաները» և ՀՀԿ–ից ակնկալվող պատասխանները

Վարդան Օսկանյանի «վկաները» և ՀՀԿ–ից ակնկալվող պատասխանները

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի բոլոր հրապարակային ելույթներն առանձնակի ուրախություն են պատճառում շատ որոշակի շրջանակներից ուղղորդվող մարդկանց և միևնույն ժամանակ հունից հանում նրանց։

ՀՀԿ–ամերձ շրջանակները և «անկախ» լրատվամիջոցները հիմա պարապ չեն մնում։ Հենց Օսկանյանը խոսում է, սրանք անմիջապես պատվեր են ստանում և անցնում գործի։ Կարելի է ասել, որ Օսկանյանն արդեն իր «վկաներն» ունի, «վկաներ», ովքեր տիրոջը ծառայելու համար պատրաստ են ամեն ինչի։ Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ «վկաները» ներքուստ գոհ են, որ Օսկանյանը խոսում է, այլապես իրենք պատվեր չէին ստանա և իրենց գոյությունն ընդհանրապես անիմաստ կդառնար։

Իսկ ի՞նչ է ասում Օսկանյանը և ինչու՞ են իրար խառնվում նրա «վկաներն» իրենց պատվիրատուներով հանդերձ։

ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը պարբերաբար խոսում է երկրում առկա խնդիրներից, առաջարկում իր լուծումներն ու կոչ անում հրաժարվել «ջայլամային» քաղաքականությունից։ «Վկաներն» ի պատասխան հայտարարում են, թե թող Օսկանյանն այդ մասին չխոսի, քանի որ ինքը երկար տարիներ իշխանության մեջ է եղել։

Ուշադրությու՛ն դարձրեք. «վկաները» չեն ասում, թե Օսկանյանը սխալ է գնահատում այսօրվա վիճակը կամ սխալ առաջարկներ է անում։ Նրանց միակ «հակափաստարկն» այն է, որ քննադատությունը պետք է կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ–ի ցուցակի մարդը չանի։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա անհեթեթ է դառնում ՀՀԿ–ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը։ Չէ՞ որ փոխում են վատ բանը, այլ ոչ թե լավը։ Հետևաբար քննադատությունը միայն ողջունելի պետք է լինի։

Տեսե՛ք. «հավատափոխության» ծրագիրն առաջ քաշելով՝ ՀՀԿ–ն, ըստ այդմ, ընդունում է, որ Հայաստանում կարիք կա փոփոխության և լավ արդյունքներ ունենալու համար ժողովրդի հավատն է ավանսով ուզում։ Սակայն որպեսզի ՀՀԿ–ի այդ կոչը հասարակությունն ընկալի որպես տնտեսաքաղաքական կյանքը փոխելու իրական ցանկություն՝ պետք է իշխող ուժից լսի նաև ներիքն ու արտաքին աղաղակող սխալների մասին հնչող հստակ գնահատականներ։ Եթե անցած հնգամյակի օբյեկտիվ պատկերի ու դրա պատճառների թեմայով խոսք չի հնչում, ապա ինչու՞ պետք է բազմաչարչար հայ ընտրողները հավատան  ՀՀԿ–ին ու դեռ մի բան էլ նրա հետ լծվեն փոխելու գործին։  Մարդը պետք է իմանա, թե ինչը ինչով փոխել։ Ինչևէ։ 

Դատելով ամենից՝ իշխանությունը չի ուզում քննադատություն լսել կողքից, կամ էլ համարում է, որ դա պետք է անի միայն ընդդիմությունը, որի քննադատություններին, ի դեպ, նույն իշխանությունը բավական նյարդային է արձագանքում։  

ՀՀԿ–ն, փաստորեն, ուզում է մենաշնորհ ունենալ ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև քննադատելու, մարդկանց հավատացնելու և փոխելու հարցում, այն էլ իր ուզած տարբերակով։ Բայց այդպես չի լինում։ Եթե վերջին տարիներին արձանագրված ձախողումների մասին վկայում է անգամ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, ապա ծիծաղելի է ասել, թե չի կարելի քննադատություն։ Իսկ եթե քննադատություն կարելի է, բայց միայն նրանց, ովքեր երբևէ իշխանության մաս չեն կազմել, ապա այդ դեպքում ՀՀԿ–ն ընդհանրապես պետք է չխոսեր «լավ ընտրություններից» և մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում հրաժարվեր ընտրարշավից։

Ինչ վերաբերում է Օսկանյանի ու մյուսների՝ ՀՀԿ–ին ուղղված քննադատությանը, ապա այստեղ ոչ թե պետք է անձնական վիրավորանքների անցնել ու մութ ուժեր փնտրել բացթողումներից խոսող մարդկանց հետևում, այլ կոնկրետ պատասխաններ տալ հետևյալ հարցերին.

ա. ինչու՞ ՀՀԿ–ն չկատարեց նախընտրական ու հետընտրական շրջանում տված որևէ խոստում,

բ. ինչու՞ ՀՀԿ–ն չի բացատրում, թե ինչու չի կարողացել կատարել դրանք,

գ. եթե ՀՀԿ–ն «տակից» ընդունում է, որ վիճակը լավ չէ, ապա ինչու՞ չի ասում, թե ովքեր էին մեղավոր տապալումների համար,

դ. ի՞նչ հետևություններ է արել ՀՀԿ–ն այս ամենից,

ե. եթե վերևի չորս կետերի պատասխանները ՀՀԿ–ն չի տալիս, ապա ի՞նչ հույսով է ձայներ ուզում հիմա ստանալ ու պահել իր քաղաքական մենաշնորհը՝ արդար ընտրությունների՞, թե՞ ինչպես միշտ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը