Մեկնաբանություն

26.04.2012 16:28


Ընտրակեղծարարներն այս անգամ պատժվելու են

Ընտրակեղծարարներն այս անգամ պատժվելու են

Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ 1995–ից սկսած՝ Հայաստանում ընտրությունները կեղծիքներով են անցել։ Այդ ընտրակեղծիքների միջոցով է, որ իշխանությունն անընդհատ վերարտադրվել է, իսկ վարչախմբին դրսից ընդդիմացող բոլոր ուժերը՝ պարտվել։

«Իշխանությունները պետք է գոնե մեկ անգամ կամք դրսևորեն ու մաքուր ընտրություններ անցկացնեն»,– ամեն համապետական ընտրությունից առաջ հույս են փայփայել ոմանք։ Նկատենք, սակայն, որ միամիտ են այն մարդիկ, ովքեր հույս ունեն, թե իշխանությունները կամք կդրսևորեն և կգնան ... խարակիրիիի։

Պարզ է, որ մեր տիպի երկրներում իշխանությունը կամովին չի հրաժարվի ընտրակեղծիքի մեքենայից և չի գնա ինքնիշխանազրկման։ Իշխանությանը պետք է պարտադրել մաքուր և օրինական ընտրություններ։ Ուրիշ տարբերակ չկա։

1995–ից մինչև օրս ոչ մի քաղաքական ուժ դրսից չի կարողացել պարտադրել իշխանությանն օրինական ընտրությունների անցկացում, քանի որ կողմերի տիրապետած ռեսուրսներն անհավասար են եղել։ Ընտրակեղծիքների մեքենան կատարելապես աշխատել է միշտ, քանզի իշխանական բուրգը եղել է միասնական, բուրգի հենասյուներն աշխատել են համագործակցված և կորպորատիվ շահի գիտակցումով։ Նման դեպքերում միշտ էլ հնարավոր է չեզոքացնել դրսից (ընդդիմադիր հատվածից) սպառնացող վտանգը. արատավոր մեքենան գործում է ժամացույցի պես։ Ընդդիմացողներին մնացել է միայն հետընտրական գործընթացի վրա հույս դնելը, բայց դե ...

Ճիշտ է, ամեն մի համապետական ընտրական միջոցառումից հետո եղել են հանրային ընդվզման դեպքեր, տևական հանրահավաքներ և նույնիսկ մարտի 1, բայց եթե բուրգը ներսից ճաքեր չունի, ապա այն դժվար է փլուզելը։

Ընտրակեղծիքի մեքենայի աշխատանքը կարող է խափանվել, իսկ հետընտրական զարգացումներն արդյունավետ լինել միայն հետևյալ գործոնների ազդեցությամբ.

1.երբ իշխանական բուրգը միասնական չէ. բուրգի մաս կազմող ազդեցիկ ուժերից առնվազն մեկը կողմ է հանրային լայն կոնսոլիդացիային ու փակ համակարգի բացմանը,

2.երբ իշխանության մի մասը շահագրգռված է փոփոխություններով և կողմ է քաղաքական մենաշնորհի վերացմանը,

3.երբ բուրգի ներսում գործող և բավական լուրջ ռեսուրսի տիրապետող գոնե մեկ ուժ ունի ընտրակեղծիքի մեքենան ջարդելու շահագրգռվածություն և կարողություն,

5.երբ բուրգի ներսից ձեռք են մեկնում «դրսի» շահարգիռ ուժերին,

6.երբ իշխանությունը ձախողում է արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ կորցնելով լեգիտիմության վերջին պատառիկները ոչ միայն հանրային լայն շրջանակների, այլ նաև բուրգի ներսում։

Նշված վեց կետերի առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են ընտրակեղծիքների դեմն առնելու և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ բերող հետընտրական գործընթացներ կազմակերպելու համար, բայց, ընդհանուր առմամբ, կարող են պատճառ դառնալ իրավիճակի կտրուկ բեկման։ Հիմա Հայաստանում կան այդ վեց կետերում առկա պայմանները կամ այդ պայմաններին մոտ վիճակ է։ Հետևաբար՝ ընտրակեղծարարները՝ լինեն նրանք քվեաթերթիկ լցոնողներ, տեղամասային հանձնաժողովի զեղծարար–անդամներ, թե թիվ նկարող ԿԸՀ ներկայացուցիչներ, արդեն երաշխիք չեն կարող ունենալ, որ չեն պատժվի քրեական օրնսգրքի ողջ ուժով։

Մինչ այժմ բոլոր ընտրակեղծարարները հարյուր տոկոսով վստահ են եղել, որ օրենքի առաջ պատասխան չեն տալու, քանզի նորանկախ Հայաստանում ձևավորված իշխանական բուրգը եղել է միասնական և վերարտադրվելուն միտված։ Այժմ նման բան չկա։ ՀՀԿ–ն հայտարարում է, թե ուզում է վերարտադրվել, իսկ ԲՀԿ–ն կողմ է քաղաքական մենաշնորհի վերացմանը։ Դա նշանակում է, որ իշխանության տարբեր բևեռներում տարբեր պատկերացումներ ունեն առաջիկա քաղաքական զարգացումների և ընտրական արդյունքների վերաբերյալ, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ընտրակեղծարարները քավության նոխազ են դառնալու ամեն դեպքում։

Այժմ ստեղծվել է մի վիճակ, երբ քաղաքական իր մենաշնորհի պահպանմամբ շահագրգիռ ուժը շատ լավ հասկանում է, որ ձայն չունի, և դրա համար էլ հույսը դրել է ընտրակեղծիքի, ցուցակային ուռճացումների և կեղծ սոցիոլոգիայի («Գելափ», Ադիբեկյան, ВЦИОМ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» և այլն) վրա։ Դա է պատճառը, որ նախագահականում անհանգստացած են Ընտրությունների վերահսկման միասնական շտաբով և այդ շտաբում հանրային, տեղեկատվական, ֆինանսական ու վարչական հզոր ռեսուրսների տիրապետող երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ընտրակեղծիքներ թույլ չտալու ջանքերի համատեղման պատրաստակամության փաստով։ Իշխանության հետադիմական թևն այնքան իրար խառնվեց, որ ժամանակից շուտ պայթեցրեց իր «ականին»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությանը, որը, փաստորեն, արդեն չի կարողանա կատարել իր մյուս առաքելությունը՝ ընտրություններից հետո արթուրբաղդասարյանություն անելու գործը, քանզի բացահայտվել է գեղամյանություն անելու վրա։

«Ժառանգությունը» հայտարարում է, թե դժգոհ է, որ միասնական շտաբում կա ԲՀԿ–ն և բացի այդ համոզմունք է հայտնում, որ միայնակ կարողանալու է ընտրակեղծիքների դեմն առնել։ Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր որոշ թիմակիցների նմանատիպ վարքագիծը ոչ այլ ինչ է, քան «դհոլություն», որի նպատակը ՀՀԿ մենաշնորհի պահպանմանն աջակցելու դիմաց ԱԺ–ում հինգ–վեց մանդատ ստանալն է։ Փաստորեն, «ժառանգությունն» էլ է ՕԵԿ–ի պես «բարոյական» ուժի վերածվել։ Ինչևէ։

Ամփոփելով թեման՝ նշենք, որ վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ ընտրակեղծիքների մեքենան շարքից հանելու մեջ շահագրգիռ է ոչ միայն հանրությունն ու իշխանափոխություն պահանջող տիտղոսային (Հայ ազգային կոնգրես) և գաղափարական (Հայ հեղափոխական դաշնակցություն) ընդդիմությունը, այլ նաև ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհի վերացման ջատագով «ներսի» ուժը («Բարգավաճ Հայաստան»)։ Ընտրակեղծարարները, հետևաբար, պետք է լավ հասկանան, որ, պատկերավոր ասած, ծառերը հատելիս ճյուղերը թռնելու են, այսինքն՝ քաղաքական գործընթացների ցանկացած ելքի պարագայում իրենք հաստատ պատժվելու են թե՛ օրինականության պատրանք ստեղծելու և յուրայիններին «քցելու» շրջանակներում (2008–ից հետո իշխանությունը ցույց է տվել, որ «փուռն» է տալիս իրեն անվերապահորեն ծառայող շատ–շատերին), թե՛ առավելևս իշխանափոխության դեպքում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը