Կարծիք

26.04.2012 09:56


Հանգստացե՛ք

Հանգստացե՛ք

Առաջինը, որ ուզում եմ ասել՝ ընտրությունները ավարտվելու են: Աշխարհի վերջը չի: Կյանքը շարունակվելու է, եւ մենք ապրելու ենք կողք կողքի, նայելու ենք իրար երեսի, հիշելու ենք՝ ով ինչպես է պահել իրեն այս օրերին:

Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, բացարձակ մեծ մասիս նպատակը նույնն է. տեսնել մեր երկիրը զարգացող, կայուն, բարեկեցիկ, անվտանգ:

Եւ գուցե ամենակարեւորը՝ մեր երկրում ունենալ բարոյական առողջ մթնոլորտ,  ունենալ ազատ, հպարտ, սեփական աշխատանքով ապրող քաղաքացիներ,  ովքեր իրենց իրավունքների տերն են, ովքեր չեն վախենում ոչ մեկից:

Մի քանի այլասերվածների չհաշված՝ բոլորս երազում ենք երկիր, պետություն, որտեղ ոչ ոք իրավունք չունի եւ չի կարող մեկ ուրիշին սպառնալ, ստորացնել: Լինի նախարար, մարզպետ, պետական բարձրաստիճան չինովնիկ, գյուղապետ, թե  թաղի «լավ տղա»:

Այս օրերին հանրապետության  նախագահը իր բոլոր հանդիպումներում համբերատար հենց այս մասին է խոսում: Խոսում է հանդուրժողականության, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, ընտրակաշառքը բացառելու գերկարեւորության մասին:

Բայց ի՞նչ է կատարվում ներքեւում:

Կա՞ այստեղ մեկը, ով չգիտի, թե ինչ է կատարվում:

Իրենց չհասկացողների տեղ դրածներին հատուկ ասում եմ:

Ներքեւում  համատարած  10.000 դրամ ընտրակաշառքի խոստում ու բաժանում է: Մարզպետները, գյուղապետերը, իրավապահները մարդկանց կանչում  են, վախեցնում, ստիպում աշխատել իշխանության համար: Իշխանություն ասելով՝ ես նկատի ունեմ գործող կոալիցիան: Ցուցակներ են կազմում, անձնագրերի պատճեներ հավաքում, ասում են՝ քեզ,  քո բարեկամին գործից կազատենք, կդատենք: Անհնազանդներին հարկային ու ոստիկանություն են կանչում, գույքահարկ ու վարձավճար են զեղչում:

Իշխանության մեծամասնական թեկնածուներ կան (նաեւ ա՛յս մարզում), որ կարծում են՝ իրենց ամեն ինչ թույլատրելի է՝ մուտիլովկաներ,  շանտաժ են անում, լուրջ,  կայացած պետական մարդկանց փեշերից են կախվում, օգնություն խնդրում, ստորանում նրանց առաջ, իսկ հասարակ մարդկանց իրենք են ստորացնում ու վախեցնում:

Հանգստացե՛ք:

Հանրապետության նախագահի խոսքերը ձեզ  չե՞ն վերաբերվում: Թե՞ նորից ուզում եք մեր երկիրը ցնցումների մեջ գցել, արտաքին ուժերի  ճնշումների դուռ բացել:  Թե՞ մտածում եք՝ ինչքան երկիրը թույլ լինի, էնքան ձեր գործերը աջ կգնան:

Սա ձեր անձնական ընտրությունը չէ: Սա համապետական ընտրություն է: Որոշվելու է, թե հաջորդ 5 տարին որ ուժերն են կառավարելու մեր երկիրը, Հայաստանը ինչ ուղղությամբ է շարժվելու:

 Հարգելի ժողովուրդ,

 ի՞նչ է, դուք ուզում եք,  որ Հայաստանը ղեկավարեն տեղական կամակատարնե՞րը, ծառայամիտնե՞րը, մուտիլովչիկնե՞րը, 10-ը գույն փոխածնե՞րը:

Մի վախեցեք, ոչ ոք ձեզ ոչինչ չի կարող անել:

Ձեր ձայնի, ձեր քվեի, ձեր իրավունքների տերը դուք եք: Ձեր մտքի մեջ համեմատեք  կուսակցություններին եւ կտեսնեք, որ Դաշնակցությունը տարբերվում է մյուսներից:

Մեր առավելությունները մյուսներից ակնհայտ են:

Հանգիստ խղճով աշխատեք Դաշնակցության օգտին, քվեարկեք Դաշնակցությանը: Ձեր գլխից մի մազ չի պակասի: Մենք թշնամի չունենք, չենք փնտրում, բայց կպատժենք մեր ժողովրդի մեջ թշնամանք ու ատելություն սերմանողներին, հայ մարդուն սպառնացողներին: Ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը եւ կհամոզվեք, որ մեր գյուղերում, մեր քաղաքներում, մեր մարզերում, մեր  Հայաստանում օր օրի մթնոլորտ է փոխվում, արդարություն է հաստատվում, կյանքը բարելավվում է:

Մենք պատասխանատու ենք ձեզանից յուրաքանչյուրի առաջ, մեր երեխաների առաջ:

Մենք ձգտում ենք, որ հայ մարդը ազատ, ինքնուրույն լինի, աշխատանք ունենա եւ հպարտորեն ասի՝ ես իմ երկրի տերն եմ, ես այս երկրից ոչ մի տեղ չեմ գնալու:

 

 Հարգելի բարեկամներ,

Ես առաջարկում եմ ծանոթանալ  մեր նախընտրական ծրագրին: Այն  Ձեր խնդիրները լուծող փաստաթուղթ  է: Մենք կոնկրետ քայլեր ունենք  գյուղացու համար, ուսուցչի համար, բժիշկների համար, լրագրողների համար, պետական ծառայողների համար: Իրավապահների, փոքր և միջին բիզնեսով զբաղվողների, թոշակառուների, երիտասարդության, մշակույթի, գիտության աշխատողների համար:

Մենք ամբոխավար չենք, մենք ձայն փախցնելու համար ուրիշների նման սուտ խոստումներ չենք տալիս: Մենք գույն չենք փոխում եւ չենք դավաճանում:   Մեր պաստառներին մեր առաջին դեմքերին չենք նկարում: Որ, ինչպես կողքի քաղաքում, հիասթափվողները մի օրվա մեջ մաքրեն պատերից: Մենք չենք հիասթափեցնում: Ինչ որ ասում ենք, անելու ենք: Ինչ որ առաջարկում ենք, մտածել ենք, հաշվել ենք, կարող ենք ապացուցել:

Նորից կրկնում եմ՝ մի վախեցեք: Ոչ ոք չի կարող իմանալ, թե մայիսի 6-ին, քվեախցիկում  դուք ում եք ձայն տվել:

Գիտեմ՝  ձեզանից շատերը,  չնայած ճնշումներին, ընտրակաշառքին, չեն կարողանում կողմնորոշվել, տատանվում են, մտածում են ոչ մի բան էլ չի փոխվելու: Այդպես չէ: Փոխվելու է: Քվեարկեք Դաշնակցությանը եւ կհամոզվեք:

Նորից դիմում եմ նրանց, ովքեր ներքեւում խայտառակ խաղեր են տալիս: Ընտրությունները ավարտվելու են: Կյանքը շարունակվելու է, իրար երես ենք նայելու: Ձեզ տղամարդու պես պահեք:

 Մի օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ, ուրիշ մարզում, գյուղապետերը ինձ հարց են տալիս. պրն.Վարդանյան մեր էս, մեղմ ասած,  անհաջող մարզպետին ընտրություններից հետո պահելո՞ւ են: Ասում եմ՝ բայց ինչո՞ւ եք ինձ հարցնում: Պարզ չէ՞. եթե իր իշխանության համար շատ ձայն տարավ, կպահեն, եթե ձախողվեց, ռադ կանեն: Էդ ձայնը ապահովողներն էլ դուք եք, ձեր բնակիչներն են: Եթե չեք ուզում, որ պահեն ու էլի ձեր հերն անիծի, գնացեք մտածեք:

 Սիրելի բարեկամներ,

Մենք Դաշնակցություն ենք: Մենք հզոր, միասնական թիմ ենք:

Մենք կարող ենք օրենքի խստությամբ պատժել հայ մարդուն սպառնացողներին ու ստորացնողներին:

Մենք կարող ենք զարգացնել մեր երկիրը՝ չզիջելով ղարաբաղյան հարցում:

Հայաստանի ստորագրությունը ետ է կանչվելու հայ-թուրքական արձանագրություններից:

Մենք պաշտպանելու ենք Ջավախքի հայության իրավունքները:

 Մենք թույլ չենք տալու մոռանալ Նախիջեւանի  հայկական պատկանելիությունը:

Մենք կազմակերպելու ենք ամբողջ հայությանը եւ աշխարհում ազդեցիկ ուժ ենք դառնալու:

 Մենք բարեկեցիկ, անվտանգ, ուժեղ հայրենիք ենք ունենալու: 

Մենք վերացնելու  ենք  քաղաքական, տնտեսական  մենաշնորհները:

Հանուն այսօրվա հիանալի երիտասարդության, հանուն մեր երեխաների:

Հանուն նաեւ նրանց երեխաների ու թոռների, ովքեր այսօր իրենց վատ են պահում:

Մենք ընդդիմություն ենք եղել: Եղել ենք իշխանության մաս: Այսօր նորից ընդդիմություն ենք:

 Որտեղ էլ եղել ենք, պահել ենք մեր անկախությունը, ինքնուրույնությունը,  մեր սկզբունքերը: Հիմա էլ պարզերես կանգնած ենք Ձեր առաջ: Կանգնած ենք թիմով, մեր կուսակցության 120-ամյա կենսագրությամբ:

Մենք Դաշնակցություն ենք: Մենք ձեզանից յուրաքանչյուրի եղբայրն ու ընկերն ենք:

Մենք միասին Հայաստանը դրախտ ենք դարձնելու:

Մայիսի 6-ին մենք հաղթելու ենք միասին:

   Աղվան Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը