Կարծիք

26.04.2012 01:36


Փոփոխություն է պետք

Փոփոխություն է պետք

Վարդան Օսկանյանի ելույթը Երևանի Կենտրոն համայնքում

Սիրելի հայրենակիցնե՛ր,

 Ժողովրդավարական ցանկացած երկրում ընտրական շրջանը ծառայում է երեք հիմնական նպատակների.

 Առաջին, բոլոր քաղաքական ուժերը հաշվետվություն են տալիս իրենց արածի ու չարածի վերաբերյալ, սակայն հիմնական հաշվետուն, բնականաբար, լինում է այն քաղաքական ուժը, որը պատասխանատուն է երկրում ստեղծված իրավիճակի: Դժբախտաբար Հայաստանի պարագայում իշխող կուսակցությունը ոչ միայն հաշվետվություն չի տալիս իր անհաջողությունների մասին, այլև անհանդուրժողականություն է ցուցաբերում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ճիշտ գնահատական տալ:

 Երկրորդ, ընտրություններին հայտ ներակայացնող քաղաքական ուժերն իրենց ծրագրերն են ներկայացնում, բացատրում են դրանց իրականացման ձևերը և խոսում են երկրի ապագայի մասին: Այս առումով առ այսօր ներկայացված ծրագրերը երկու խմբի են բաժանվում: Մի խումբը փաստորեն ասում է, որ անցած հինգ տարիներին երկիրը նորմալ զարգացում է ապրել և մեծ հաշվով պետք է շարունակել առաջ գնալ այդ ճանապարհով: Մյուս խումբը, որի մեջ է նաև Բարգավաճ Հայաստանը, համարում է, որ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է բավարար լինելուց, շատ հեռու է նրանից, ինչին մեր ժողովուրդն արժանի է, ուստի մեզ համար հրատապ են քաղաքական և տնտեսական փոփոխությունները:

 Երրորդ, ընտրությունները դառնում են հույսի, ապագայի նկատմամբ լավատեսության հաստատման կամ վերահաստատման միջոց, երբ յուրաքանչյուրը, ըստ նախընտրության, իր աջակցությունն է բերում ընտրարշավին և պատրաստվում է ազատորեն իրականացնել քաղաքացու իր իրավունքը: Դժբախտաբար Հայաստանում դա վերածվում է հիասթափության խորացման, հույսի կորստի և քաղաքացիների նկատմամբ ճնշումների, պարտադրանքների ու սպառնալիքների:

 Ցանկացած իշխանությունից երկու տեսակի ակնկալիք է լինում` հիմնարար, կենսական ակնկալիքներ և ակնկալիքներ, որ ծնվում են խոստումներից: Օրինակ, երբ մարդն ընտրում է մի ուժի, բնականաբար ենթադրում է, որ այն պետք է ապահովի իր անվտանգությունը, կենսունակությունը, Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իր բոլոր իրավունքների հարգումն ու իրացումը, իր և իր երեխաների ապագան: Դա բնական ակնկալիք է: Այդ նույն անհատը, սակայն, չի ակնկալում, որ ենթադրենք Դիլիջանը պետք է դառնա ֆինանսական կենտրոն կամ Գյումրին՝ տեխնոպարկ: Այդ ակնկալիքներն արդեն ծնվում են խոստւմներից:

 Անցած հինգ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները երկու պարագայում էլ հիասթափեցրել են ժողովրդին. 2009թ մենք ունեցանք աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումը, Հայաստանում աղքատությունը աճեց 500 հազարով, ժողովրդի կենսամակարդակը էապես իջավ և այդ ամենին զուգահեռ եռապատկվեց մեր արտաքին պարտքը՝ պետբյուջեի վրա դառնալով լուրջ բեռ և սահմանափակելով հաջորդ կառավարությունների՝ ընդլայնողական քաղաքականություն վարելու հնարավորությունը: Չեն հարգվել ձեր սահմանադրական իրավունքները: Խոստցաված որևէ խոշորամասշտաբ ծրագիր չի իրականացվել կամ նույնիսկ սկվել՝ նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթագիծ, Իրան-Հայաստան նավթատար, Մեղրիի հէկ, Հյուսիս-Հարավ մայրուղի, Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն և բազմաթիվ այլ մեծ ու փոքր խոստումներ:

 Նույնը կարելի է ասել արտաքին քաղաքականության մասին:

 Նախ, արտաքին քաղաքականությունը չի ունեցել գաղափարական հենք և արդյունքում դադարել է միջոց լինելուց ու վերածվել է նպատակի, այլ կերպ ասած՝ դիվանագիտական շոուի: Այդ իսկ պատճառով որևէ շոշափելի արդյունք երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններում չենք ունեցել: Զոհաբերելով մեր ազգային շահերը հայ-թուրքական հարաբերություններին՝ մենք չենք կարողացել հասնել սահմանի բացմանը: 2008թ. ժառանգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը, որևէ նոր բան չի ավելացվել դրա վրա, և այսօր Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը խոր փակուղում է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար պայքարում վերջին պահին հանելով մեր թեկնածությունը՝ մեր անգործության արդյունքում հնարավորություն տվեցինք Ադրբեջանին դառնալ Անվտանգության խորհրդի անդամ: Այս անհաջողությունները կարելի է երկար թվարկել:

Ի՞նչ է առաջարկում Բարգավաճ Հայաստանը այս իրավիճակը շտկելու համար:
 Նախ, չի առաջարկում ոսկե սարեր: Առաջարկում է իրատեսական ծրագրեր, արմատական բարեփոխումներ, որոնք էապես կբարձրացնեն բնակչության կենսամակարդակը: Բարգավաճ Հայաստանը միանշանակորեն իր գործունեության հիմքն է դարձնելու ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքները, դրանք հարգվելու են անվերապահորեն և առանց խտրականության: Ժողովրդավարության դեպքում՝ հանդուրժողականությունը, արդարությունը, մարդու և խոսքի լիակատար ազատությունը: Տնտեսության պարագայում՝ հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը:

 Բարգավաճ Հայաստան կուսակցության տնտեսական քաղաքականության գլխավոր թիրախը լինելու է տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումն ու կենսամակարդակի բարձրացումը: Ես շատ եմ խոսել այս մասին, թույլ տվեք մի օրինակով ցույց տալ, թե ինչով այս պարզ միտքը կարող է տարբերվել այսօրվա քաղաքականությունից: Մենք ոչ թե պետք է մտածենք, որ մի կերպ բյուջեից հատկացումներ անենք մեր երկրի բնակչության 25 տոկոսը կազմող թոշակառուներին, հաշմանդամներին, վետերաններին, որպեսզի նրանք կարողանան նվազագույն կարիքները հոգալ, այլ պետք է մտածենք, որ նրանց գնողունակությունը բարձրացնելով՝ արժանավայել կյանք ենք ապահովում նրանց համար, ինչից շահում է նաև երկրի ընդհանուր տնտեսությունը:Այս մոտեցումը պետք է կիրառել տնտեսության բոլոր ոլորտներում:


 Կառավարությունը առավել լայն ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության բոլոր ոլորտներում: Այն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոնկրետ ոլորտների զարգացման և առաջընթացի համար: Այդ ոլորտները պետք է գտնվեն պետության անմիջական հոգածության ներքո:

 Գործարարները, գյուղացին, արտադրողը չպետք է դիտարկվեն որպես օբյեկտներ, որոնց ֆունկցիան միայն հարկեր վճարելն ու բյուջե լցնելն է: Այդ խավը պետք է լինի պետության գլխավոր գործընկերը, հասարակության բարեկեցությունը ապահովող հիմնական շարժիչ ուժը, որը ստեղծում է աշխատատեղեր ու հանրային բարիք:

 Այսօր Հայաստանում հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը ամենացածրերից է աշխարհում` մոտ 17 տոկոս, և ամենացածրը տարածաշրջանում: Յուրաքանչյուր մեկ տոկոսի բարձարացում նշանակում է 40-50 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք պետական բյուջե: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հնարավորինս արագ բարձրացնելու է այդ տոկոսը՝  նախևառաջ բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանելու միջոցով, ընդլայնելով հարկային բազան, ինչպես նաև՝ ստվերային տնտեսության դեմ կոշտ, բայց հիմնավորված և օրինական պայքար մղելով:

 Սիրելի հայրենակիցնե՛ր,

 Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր՝ խորհրդարանում փոխել քաղաքական իրավիճակը՝ վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը և հասնել քաղաքական հակակշիռների. կազմել նոր կառավարություն, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը, կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:

 Այս երկու նպատակների իրականացումը ոչ միայն այսօրվա քաղաքական-տնտեսական հրամայականն է, այլև դրանից է կախված լինելու Հայաստանի զարգացումը հետագա տարիներին:

Վարդան Օսկանյան

Այս խորագրի վերջին նյութերը