Լրահոս

21.05.2009 18:46


Ջավախահայության ներկայացուցիչները հանդիպել են Եվրախորհրդի ներկայացուցչի հետ

Նախօրեին Ախալքալաքի «Վիրք» կուսակցության գրասենյակում հանդիպում է կայացել Վրաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության հետ, որին ներկա են եղել «Ջավախք» ժողովրդական շարժման, «Վիրք» կուսակցության, «Ակունք» միության, «Ջավախքի մտավորականների միության» նախագահները եւ մանրամասն ինֆորմացիա տրամադրել ջավախահայերի ներկայիս հիմնախնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Թեև հավաքը կայացել է փակ դռների հետևում, բայց Ա-ինֆոյին, այդուհանդերձ, հաջողվեց որոշակի տեղեկատվություն ձեռք բերել քննարկված թեմաների և միջոցառման մասնակիցների տեսակետների վերաբերյալ: Պարզվեց, որ Վրաստանում Եվրախորհրդի ներկայացուցիչը նախ փաստել է, որ ամիսներ առաջ տարածաշրջան այցելած մոնիթորինգային խմբի անդամներն արդեն իրենց տրամադրել են հավաքագրված ինֆորմացիան, և հենց սա ի նկատի ունենալով, նա պարտադիր է համարել անձամբ այցելել Ջավախք և «առաջին ձեռքից» տեղեկանալ տեղացիների հիմնահարցերի մասին:

Միջոցառման մասնակից հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարները հիմնականում բարձրաձայնել են տարածաշրջանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխման, ՏԻՄ ինքնուրույն գործունեության բացակայության, հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ չտրամադրելու հիմնախնդիրների մասին: Նրանք տեղեկացրել են, որ տեղաբնակներին հուզող հարցերը մինչ օրս բարձիթողի վիճակում են, և անգամ կենտրոնական իշխանություններին ուղարկված գրությունները պատասխանի չեն արժանանում, ինչը թույլ է տալիս մտածել, որ վերջիններիս բոլորովին էլ չեն մտահոգում ջավախահայերի խնդիրները:

Որպես հիշյալ հիմնահարցերի լուծման տարբերակ, ներկաներն առաջարկել են երկրում հաստատել ֆեդերալ (դաշնային) կառավարման ձև, ինչի շնորհիվ Սամցխե-Ջավախք տարածաշրջանին կտրվի ինքնավարություն, որը, սակայն, ոչնչով չի սպառնա երկրի տարածքային ամբողջականությանը, այլ միայն թույլ կտա հնարավորինս արագ կարգավորել տեղացիներին անհանգստացնող հիմնախնդիր­ները:

Հանդիպման մասնակիցները հյուրերին նաև տեղեկացրել են, որ տարածաշրջանում հայաթափման քաղաքականություն է տարվում, պետական լեզվի չիմացության պատճառով պետական հաստատություններում ջավախահայերը աշխատանքի չեն տեղավորվում, ինչը, ըստ նրանց, զուտ արհեստական պատճառ է' տեղացիներին չընդգրկելու պետական մարմիններում' փոխարենը աշխատատեղեր տրամադրելով ազգությամբ վրացիների: Հավաքի ընթացքում խոսվել է տարածաշրջանում հայ վրացական համատեղ պետական համալսարան ստեղծելու առաջարկի և դրա մերժման, ինչպես նաև հայ և վրաց եկեղեցիների ներկայիս կացության մասին:

Անդրադառնալով ջավախահայերի ինտեգրման հարցին, ներկաները հավաստել են, որ պետական լեզվի իմացությունը բնավ էլ ինտեգրացիայի չի տանում, և որ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի բնակչությունն իրականում վրաց հասարակությանն ինտեգրվելու խնդիր չունի, քանզի նա մեկուսի ապրելակերպ չի վարում, այլ' հնարավորինս մասնակցում է երկրում տարվող տարբեր գործընթացների, օրինակ' ընտրությունների և նման այլ միջոցառումների:

Հանդիպման ավարտին Եվրախորհրդի ներկայացուցչին է փոխանցվել վերջերս Սամցխե-­Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպու­թյունների խորհրդի կողմից կազմակերպած «Ջավախքը նոր մարտահարավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովի կողմից ընդունված բանաձեւը:

Ա-ԻՆՖՈ

Այս խորագրի վերջին նյութերը