Մեկնաբանություն

21.05.2009 16:28


Հարկային օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները մտահոգում են պատգամավորներին

Հարկային օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները մտահոգում են պատգամավորներին

ՀՀ կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Ազգային ժողով է ներկայացրել կառավարության որոշմամբ անհետաձգելի համարված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, «Հարկերի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու և «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները։ «7օր»–ը փորձեց ճշտել օրենսդիրների (հատկապես՝ գործարար պատգամավորների) վերբերմունքն առաջարկվող նախագծերի վերաբերյալ։  Ընդհանուր առմամբ, ԱԺ դահլիճում և միջանցքներում զգացվում էր լարվածություն, սակայն օրենքների այս նախագծերով ակնհայտորեն անհանգստացած գործարար պատգամավորները գերադասեցին «չբարձրաձայնել» իրենց մտահոգությունները։ Այս տեսանկյունից ուշագրավ է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Ենոքյանի՝ «7 օր»-ին տված կարճ հարցազրույցը, որին կարող եք ծանոթանալ մեր կայքէջի հարցազրույցների բաժնում։

Հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերբերվում հարկային օրենսդրությունում առաջարկվող փոփոխություններին, պատգամավոր Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, դրանք դեռ քննարկման փուլում են։ Գտնում եմ, որ լրամշակումների կարիք ունեն։ Կառավարությունը պետք է որ հաշվի առնի պատգամավորների կարծիքը»։ Հարցին, թե համաձա՞յն է փոփոխություններով նախատեսված՝ հարկային տեսուչի մշտական ներկայությանը ձեռնարկություններում, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Նպատակահարմար չեմ համարում, որովհետև նման փորձ շատ քիչ տեղերում կա և ոչ այն ձևով, ինչպես որ ներկայացված է նախագծում»։  ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանի դիրքորոշումն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հետևյալն էր. «Իհարկե, հարկային օրենսդրությունում լրամշակումներ անհրաժեշտ են։ Սակայն առաջարկվող փոփոխությունները մեծ հաշվով ինձ համար անընդունելի են։ Ես դեմ եմ քվեարկելու այդ նախագծերին»։  Նախագծերին դեմ է քվեարկելու նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դա հետևյալ կերպով պատճառաբանեց. «Կարծում եմ, որ առաջարկվող փոփոխությունների գաղափարն ընդհանրապես անընդունելի է։ Խոշոր հաշվով, սա հնարավորություն է տալիս վերաձևակերպումներ իրականացնել Հայաստանի գործարար դաշտում։ Եվ այն անօրինականությունները, որոնք թույլ տրվեցին Խաչատուր Սուքիասյանի բիզնեսի նկատմամբ, այժմ օրինական ճանապարհով հնարավոր կլինի իրականացնել՝  վերաբաշխելով տարբեր բիզնեսներ։ Սա ամենամեծ մտավախությունն է, որ ունեմ։ Բացի այդ, կան բավական մեծ թվով կետեր, որոնք անընդունելի են»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը