Մեկնաբանություն

19.04.2012 17:13


Նախընտրական մրցաշարային աղյուսակ

Նախընտրական մրցաշարային աղյուսակ

Նախընտրական արշավի ավարտին դեռևս երկու շաբաթից ավելի ժամանակ կա, բայց արդեն հստակ երևում է, թե գործընթացին մասնակից քաղաքական ուժերից ով ինչի կարող է հավակնել։

Ակնհայտ է, որ ունենք երեք հիմնական խմբեր՝ 1. հիմնական խաղացողներ, 2. սահմանային ուժեր և 3. լուսանցքային ուժեր։

Հիմնական խաղացողներ՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և ՀՀԿ

ԱԺ անցնելու համար անհրաժեշտ տոկոսներ հավաքելու հարցում որևէ խնդիր չունեն ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը և ՀՀԿ–ն։ Նշված ուժերից յուրաքանչյուրն իր քվեների անհրաժեշտ քանակն ունի։

Մարցավազքի բացահայտ ֆավորիտը «Բարգավաճ Հայաստանն» է։ Այս կուսակցությունը սոցիալ–քաղաքական լուրջ գործոն է, ինչը, հաշվի առնելով Հայաստանի ներկա վիճակը, հսկայական էլեկտորալ բազայի հիմք է դարձել։

Գագիկ Ծառուկյանի պոպուլյարությունը և Վարդան Օսկանյանի քաղաքատնտեսական «մեսիջները» միասին վերցրած՝ մուլտիպլիկատիվ էֆեկտ են առաջացնում, և դա է պատճառը, որ ԲՀԿ–ն բոլոր տիպի՝ իշխանական ու անկախ հարցումներով, վարկանիշային առաջատարն է։ 

ԲՀԿ–ն իրականում ոչ թե ձայներ հավաքելու, այլ դրանք պահելու և կեղծիքներ թույլ չտալու խնդիր ունի։ Ընդ որում, հաշվի առնելով կուսակցության ռեսուրսները և ամբողջ Հայաստանով ներկայացված լինելը՝ Ծառուկյանի թիմը պետք է պահի նաև այլ կուսակցությունների ստացած ձայները, ինչը հետագայում հիմք կդառնա փոխադարձ վստահություն ձևավորելու և ազգային համաձայնության կառավարություն՝ իրական կոալիցիա, կազմելու համար։ Այդ առումով շատ կարևոր աշխատանք պետք է կատարի Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը։

Հիմնական խաղացողների շարքին դասվող մյուս ուժը՝ ՀՅԴ–ն, ունի իր կայուն էլեկտորատը։ Ընտրարշավի ընթացքին հետևելիս պարզ է դառնում, որ Դաշնակցության քվեների քանակը, ԲՀԿ–ի պես, աճի միտում ունի, քանի որ այդ կուսակցությունը սոցիալական լուրջ փաթեթ է առաջարկում քաղաքացիներին՝ 200 հազ. նոր աշխատատեղերի ստեղծումից մինչև կենսաթոշակների ավելացում։

ՀՅԴ–ի քարոզչությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ նրանք թիմով են հանդես գալիս, այլ ոչ թե մեկ PR–դեմք են «ռասկրուտկա» անում, ինչը խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից ելնելով՝ կարելի է ուժեղ կողմ համարել։ Մեկ այլ կետ էլ կա, որով ՀՅԴ–ն տարբերվում է մյուսներից՝ դաշնակցականները հստակ, առանց երկիմաստության հայտարարում են, որ կողմ են հայ–թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելուն։ Ոչ մի այլ ուժ նման բան չի ասել, այդ թվում՝ «ժառանգությունը», որն ուզում է այդ դաշտում խաղալ, բայց որն իր ցուցակում «ֆուտբոլային» դիվանագիտության ակտիվ քարոզիչներ և սերժական «նախաձեռնողականության» մոլի ջատագովներ ներառելով ցույց տվեց, որ գաղափարական առումով շատ հեղհեղուկ ու սկզբունքներ չունեցող կազմակերպություն է։

Այսպիսով, ՀՅԴ–ն շեշտը դրել է ծրագրային դրույթների տարածման և թիմային աշխատանքի վրա։  Եթե ընտրարշավի եզրափակիչ փուլում հին ընկերները կոշտացնեն իրենց հռետորաբանությունը, ապա ՀՅԴ–ն միանշանակ կարող է հավակնել բարձր տոկոսների, հակառակ պարագայում այդ կուսակցության պատգամավորների քանակը ցանկալիից քիչ կլինի։

Հայ ազգային կոնգրեսի շանսերին անդրադառնալիս պետք է նկատել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմն այս պահին համարվում է տիտղոսային ընդդիմություն, և անկախ իշխանության ցանկությունից և դրածոների միջոցով տարվող հակաքարոզչությունից՝ հանրության բողոքական էլեկտորատի մի մասը և Սերժ Սարգսյանի դեմ արմատական տրամադրված զանգվածն իր ձայնը տալու է նրանց։ «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը զգալիորեն նպաստում է այդ էլեկտորատի կոնսոլիդացիային։

Նկատենք, որ Տեր–Պետրոսյանի ընտրած մարտավարությունը՝ քննադատել միայն ՀՀԿ–ին ու ՀՀԿ–ի կույրաղիքի վերածված ՕԵԿ–ին, հանգեցրել է նրան, որ ՀԱԿ–ը տարբեր տեղերից հարվածներ չի ստանում և անիմաստ էներգիա չի ծախսում այլ ուժերի հետ պոլեմիկայի մեջ մտնելու վրա, ինչը հուշում է, որ Տեր–Պետրոսյանը, ի տարբերություն, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի, կողմ է «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» գաղափարին։ Ասել է թե՝ ՀԱԿ–ի «էջմիածնական միաբանությունն» այլևս պատմություն է, ինչը դիրքային առավելություն է տալիս նորաթուխ «միաբանների» համեմատ։

Անշո՛ւշտ, պետք է արձանագրել, որ ՀՀ առաջին նախագահի թիմը 2008–ի համեմատ «նստել» է և առաջվա թափը չունի, բայց նախագահական ընտրություններից մնացած իներցիան, տիտղոսային ընդդիմադիրի կարգավիճակը, ընտրված մարտավարությունն ու ռազմավարությունը, մարտունակ համակիրների առկայությունը և ՀԱԿ–ի ընդդիմադիր «մեսիջների» հստակությունը թույլ կտան նրանց զգալի ներկայություն ունենալ օրենսդիր մարմնում։

Հարկ է նկատել, որ վերը նշված երեք ուժերն ակտիվորեն ներգրավված են ՀՔՄ–ի նախաձեռնությամբ ստեղծված միասնական շտաբի աշխատանքներում, ինչը շատ խորհրդանշական է։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին, ապա այդ կուսակցությունն իրականում բավական քիչ ձայներ ունի. պարզապես հաշվի առնելով վարչական ու այլ տիպի ռեսուրսների կիրառման հնարավորությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակը երկնիշ տոկոս կհավաքի։

Ակնհայտ է մեկ բան՝ 1999-ից սկսած երբեք իշխող ՀՀԿ–ն այսքան թույլ չի եղել, երբեք այսքան թևերի բաժանված չի եղել, և երբեք կուսակցության ներսում այսքան շատ չեն եղել նրանք, ովքեր կողմ են Հանրապետականի քաղաքական մենաշնորհի վերացմանը։ Պատճառները տարբեր են, բայց գլխավորն այն է, որ ՀՀ–ն վերջին տարիներին հետընթաց է ապրել, և ձախողված իշխանության կրող նեղ թիմի վերարտադրությունն օբյեկտիվորեն ձեռնտու չէ ո՛չ հասարակությանը,  ո՛չ էլ ՀՀԿ առողջ հատվածին։  

Սերժ Սարգսյանի հույսը ոստիկանության, տարատեսակ ռեսուրսների, ուռճացված ընտրացուցակների ու մեծամասնական թեկնածուների աջակցության միջոցով վերարտադրվելն է, բայց դե նման դեպքերում ընդունված է ասել, որ քաչալը ճար ունենար՝ իրեն կօգներ, ասել է թե՝ մեծամասնականներն ու ոստիկանությունը տվյալ դեպքում հազիվ թե ի զորու լինեն այդ քանակի կեղծիքներ ապահովել, եթե, իհարկե, մյուս ուժերը գործեն միասնաբար ու վճռական։

Սահմանային ուժեր՝ ՕԵԿ և «Ժառանգություն»

Սահմանային ենք համարում այն ուժերին, որոնց ԱԺ անցնելը 50/50 է՝ կա՛մ կանցնեն, կա՛մ չեն անցնի։ Այդ կուսակցությունները երկուսն են՝ ՕԵԿ և «Ժառանգություն»։

Արձանագրենք, որ երկուսն էլ գործում են Սերժ Սարգսյանի տիրույթում՝ մեկը՝ որպես կցորդ, իսկ մյուսը՝ որպես «ա լյա դհոլ» ֆունկցիա կատարող «ընդդիմադիր»։  Փաստորեն ստացվում է, որ ՕԵԿ–ն իրեն «ժառանգության» համեմատ մաքուր է պահում։

Արթուր Բաղդասարյանը գիտի, որ ինքը ԱԽՔ է ու չի փորձում խաղեր տալ (չնայած մի պահ ոգևորվեց ու հայտարարեց, թե արյան ու թալանի հետ ՕԵԿ–ը կապ չունի)։ Բաղդասարյանի ախքության մասին գիտեն նաև ընտրողները և իրենց վերաբերմունքը մայիսի 6–ին ցույց կտան։ Իսկ ահա «Ժառանգությունն» այնպես է իրեն պահում, կարծես մեր ժողովուրդը ո՛չ Արտաշես  Գեղամյան է տեսել, ո՛չ Արթուր Բաղդասարյան։ Ինչևէ։

ՕԵԿ–ի հույսը վարչական ու ֆինանսական ռեսուրսներն են, մեկ էլ՝ Սերժ Սարգսյանի կողմից «բարոյական» որակվելը։ Արթուր Բաղդասարյանն իր էլեկտորատը փոշիացրել է 2008–ին ու հիմա որքան էլ փորձի խոստումներ տալ, միևնույն է, հավատացողները շատ քիչ են լինելու։ Կանցնի՞ ՕԵԿ–ը ԱԺ, թե՞ ոչ՝ կախված է մի շարք հանգամանքներից։

«Ժառանգության» մասով ասենք, որ «Սարերի քամի» փչող այդ ուժն իր վրա վերցրած դերակատարման արդյունքում հայտնվել է խաչաձև կրակի տակ, բայց դրա համար պետք է մեղադրի միայն իրեն։ Հնարավոր չէ հա՛մ նախագահականի հետ համաձայնեցված ցուցակ կազմել ու խաղալ Գեղամյանի խաղը, հա՛մ փորձել ձայն վերցնել ընդդիմադիր դաշտից։

Իշխանություններն այժմ օգտագործում են Րաֆֆի Հովհաննիսյանին ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Րաֆֆին էլ հաճույքով կատարում է իրեն վերապահված դերը՝ մտածելով, որ կգնահատվի հարկավորների կողմից, սակայն դա չի լինելու։ Ուշագրավն այն է, որ բոլոր տիպի հարցումներով՝ «Ժառանգությունը» մոտ է գտնվում 5% –ի հաղթահարման շեմին, բայց ընդամենը մոտ. պակասում է «կակոյ նիբուծյ» 1–ից 2 տոկոս։ Անգամ իրենց ցուցակում գտնվող մարդն է արժանահավատ համարում այն, որ Րաֆֆին 2 տոկոս անհատական վարկանիշ ունի, իսկ «Ժառանգությունը»՝ 4:

Հարց կարող է առաջանալ, թե այդ դեպքում ինչի՞ հիման վրա է Րաֆֆին հայտարարում, թե իրենք առնվազն 25% են վերցնելու։ Պատասխանը շատ պարզ է. բա ուրիշ էլ ինչպե՞ս համոզեն ցուցակի ներքևում գտնվողներին աշխատել բարձր էնտուզիազմով և ինքնամոռաց ձևով։ Չնայած «Ժառանգության» պահով ցուցակի ներքևն ու վերևը մի հաշիվ են. բոլորն էլ ոչ անցողիկ են։

Դատելով ամենից՝ ընտրարշավի յուրաքանչյուր օր քչացնում է Րաֆֆի Հովհաննսիյանի թիմի՝ խորհրդարանում հայտնվելու հավանականությունը, քանի որ ամեն մի նոր օր ավելի ու ավելի ակնհայտ են դարձնում քաղաքական դաշտում ներդրված «ականի» հետևում երևացող ականջները։ Րաֆֆին «պայթեց» ժամանակից շուտ և, հետևաբար, պետք չէ ո՛չ այս, ո՛չ այն ճամբարին։ Իշխանական տրամադրություններն արտահայտող կոոպերատիվ «Գելափի» հրապարակած տվյալներն էլ են հուշում, որ Բաղրամյան 26–ում «Ժառանգությանը» արդեն «սպիսատ» են արել։

Հատկանշական է, որ Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ներկայացված չեն ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը, իսկ վերջերս նրանց միացավ նաև «Ժառանգությունը»։ Այս առումով ճամբարները հստակեցված են։

Լուսանցքային ուժեր՝ ՀԴԿ, ՀԿԿ և «Միավորված հայեր»

Այս ընտրարշավն ունի բացահայտ հետնապահներ՝ լուսանցքային ուժեր, որոնց ԱԺ անցնելը գիտաֆանտաստիկայի ոլորտից է։ ՀԴԿ–ն, ՀԿԿ–ն  ու «Միավորված հայերը», ամենայն հավանականությամբ, համատեղ կհավաքեն ոչ ավելի, քան 2,5% ձայն։ Միակ «ինտրիգն» այն է, թե ով նրանցից կգրավի վերջին՝ «պատվավոր» հորիզոնականը։

. . .

Սրանք էին ընտրությունների ընթացքի մասին մեր դիտարկումները։ Թեմային, բնականաբար, կրկին անդրադառնալու առիթներ կունենանք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը