Մեկնաբանություն

18.04.2012 17:07


Ինչո՞ւ «Ժառանգությունը» չմասնակցեց շտաբի աշխատանքներին

Ինչո՞ւ «Ժառանգությունը» չմասնակցեց շտաբի աշխատանքներին

Այսօր տեղի ունեցած Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքներին «Ժառանգության» ներկայացուցիչը չի մասնակցել։ Հիշեցնենք, որ ՀՔՄ–ի նախաձեռնությամբ ձևավորվել էր «4–ի ձևաչափ», որի մաս են կազմել ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը»։ Վերջինիս ներկայացուցիչը, սակայն, նախորդ քննարկումների ժամանակ լքել էր դահլիճը՝ այդպիսով հետևելով ՀՀԿ–ական Գալուստ Սահակյանին։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին խորապես մտահոգել է «4–ի ձևաչափը», որը փաստացի «կոնսենսուս մինուս ՀՀԿ»–ի վերածվելու լուրջ նախադրյալներ ունի։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ՀՀԿ–ն մենակ չմնա։ Սկզբում խաղի մեջ մտցվեց Սամվել Նիկոյանի, ապա Դավիթ Հարությունյանի միջոցով իմիտացիոն գործընթացներ կազմակերպելու գաղափարը, սակայն երբ պարզվեց, որ դրանք օգուտ չեն տալու, գործի դրվեց «Ժառանգության» կապրիզը։

Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ երևույթին, շատ կոշտ ձևով հասկացրին նախագահականից, որ բավական թանկարժեք քարոզարշավ անցկացնելն անհամատեղելի է Սերժ Սարգսյանի վերարտադրմանը խոչընդոտելուն միտված շտաբի աշխատանքներին մասնակցելու հետ և որ երկդիմի պահվածքի արդյունքում «ժառանգությունը» կարող է զրկվել տարատեսակ ռեսուրսներից, որոնք առատորեն տրամադրվել են «ընդդիմադիր» կուսակցությանը։ Րաֆֆին, ըստ այդմ, պետք է ընտրություն կատարեր, և դատելով ամենից՝ կատարել է։

Բայց Րաֆֆին Րաֆֆի չէր լինի, եթե իր մարդկային որակների հանգույն խաղեր չտար։ Նա մի կողմից կատարել է ՀՀԿ–ի ցանկությունը, իսկ մյուս կողմից պաշտոնապես հետ չի վերցնում ստորագրությունը «4–ի ձևաչափից»։

Րաֆֆին մի կողմից չի բացառում ապագայում ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելը, մյուս կողմից իր կուսակցության նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը վիրավորական ու «սև PR–ի» դրսևորում է համարում ՀՀԿ–ին միանալու հավանականության մասին հարցն անգամ, այնինչ «Ազատ դեմոկրատները» ներկայացնող Ալիկ Արզումանյանը, ինչպես Ր. Հովհաննիսյանը, ևս չէր բացառել ազատ ընտրությունների դեպքում ՀՀԿ–ին միանալը։ Կարծում եմ, որ պարզ է, թե երբ  «Ժառանգությունը» կհամարի, որ ընտրությունները «ազատ» են անցել։

 «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հայտարարում է, թե իրենք չեն մասնակցելու շտաբի աշխատանքներին, իսկ Քոքոբելյանն ու Արզումանյանը ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ զրույցում ասել են, թե դա այդպես չէ, և Ռ. Հակոբյանն արտահայտել է իր անձնական կարծիքը։

Առանձնակի ուշադրության է արժանի «Ժառանգության» շտաբի տարածած այն հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշված է. «Մենք վերահաստատում ենք մեր իրավունքը և հաստատակամությունը՝ մայիս 7–ին հանդես գալու նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ համապարփակ գնահատականով»։

Ի մի բերելով «Ժառանգության» ներկայացուցիչների ու դրա առաջնորդի վարքագիծը՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացության. «Ժառանգությունն», առաջիկա ընտրությունների հետ կապված, ակնհայտորեն պայմանավորվածություններ ունի Բաղրամյան 26–ի հետ, բայց միևնույն ժամանակ Րաֆֆին, ոչ առանց հիմքի, մտահոգված է, որ կարող է «քցվել», ուստի որոշել է երկակի խաղ խաղալ։ Այդ խաղն իր մեջ «մեսիջ» է պարունակում, իսկ «մեսիջի» բովանդակությունը հետևյալն է. «Սե՛րժ, եթե մեզ «քցես», ու մենք չանցնենք ԱԺ, ապա անմիջապես կհիշենք, որ ստորագրությունը հետ չենք վերցրել «4–ի ձևաչափից» և կմիանանք «կոնսենսուս մինուս ՀՀԿ» պլատֆորմին, իսկ եթե «չքցես», ապա մենք ազատ ու արդար կգնահատենք ընտրությունները և անհրաժեշտության դեպքում կմիանանք քեզ»։

Եվ այսպես, «Ժառանգությունը» փորձում է խաղալ երկու դաշտում, բայց նկատենք, որ այդ ամենի արդյունքում կարող է ճողվել ու հայտնվել խիստ մարգինալ կարգավիճակում, քանզի օգտագործվելուց հետո, անկասկած,  դեն է նետվելու նախագահականից։ Նկատենք, որ «քցվելուց» հետո «Ժառանգությունն» այլևս պետք չի գա նաև հակառակ ճամբարին։ Իսկ այն, որ «Ժառանգությանը» Սերժ Սարգսյանն իր տեղն է ցույց տալու, կարող է իր ունեցած փորձից ելնելով հավաստիացնել Արտաշես Գեղամյանը։ Առայժմ Սերժ Սարգսյանը միայն հող է նախապատրաստում Րաֆֆիին «քցելու» համար և «Ժառանգության» ցուցակի 6–րդ համարի միջոցով սոցհարցումների արդյունքներ է տարածում, թե «հանգույնը» 2–տոկոսանոց է։ Թե ինչ կլինի մայիսի 6–ից հետո «սարերի քամի» անողների հետ, դժվար չէ կռահել։ Զուռնա–դհոլը, էժանագին վզնոցները, Նուշիկյանի գովազդային վահանակներն ու Րաֆֆիի անտաղանդ պարն անգամ չեն օգնի։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հոդվածին կից ներկայացված ծաղրանկարն արված է ավելի քան մեկ տարի առաջ, երբ «Ժառանգությունում» ներկուսակցական գզվռտոց էր, իսկ Րաֆֆին, իր էթիկական որակների հանգույն, կորել էր ու նույնիսկ կուսակցականները չգիտեին նրա տեղը, բայց համաձայնեք, որ ծաղրանկարն իր արդիականությունը չի կորցրել։ Միայն մի փոքր շեղում կա այժմյան վիճակից. նկարում Րաֆֆին բեղերով է և մի քիչ գիրուկ, իսկ հիմա նա փոքր ինչ հավատացած ու ահագին փոխված է։

Այս խորագրի վերջին նյութերը