Մեկնաբանություն

17.04.2012 16:55


Ֆուտբոլը դարձել է ՀՀԿ գերին

Ֆուտբոլը դարձել է ՀՀԿ գերին

Ֆուտբոլը Հայաստանում ոչ միայն քաղաքականացվել է, այլ պարզապես դարձել է քաղաքականության, իսկ ավելի ճիշտ, ՀՀԿ-ի գերին: Սկզբում ֆուտբոլը զոհաբերվեց «նախաձեռնողական» դիվանագիտությանն ու մեր հավաքականի մարզաշապիկի վրայից մեկ գիշերվա ընթացքում անհետացավ Արարատը։ Հիմա ներքին «նախաձեռնողականություն» է։

Այսպես, այս տարվա հունվարի վերջին ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց, որ Ֆուտբոլի 2011-2012 թթ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը պետք է կայանա Գյումրիում: Միաժամանակ ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը որոշում կայացրեց, որ եզրափակիչը պետք է կայանա ոչ թե մայիսի 10-ին, ինչպես որոշված էր, այլ ապրիլի 29-ին: Իսկ մինչ այդ «Շիրակ» ակումբը դարձել էր գործարար, «Սովռանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի սեփականությունը: Հենց այդ մրցաշարում թիմը գրավեց վերջին տեղը, բայց հատուկ որոշումով Գյումրիի ակումբը պահպանեց տեղը բարձրագույն խմբում: Իսկ երբ ՀՖՖ-ն որոշում կայացրեց, որ այս տարվա գավաթի եզրափակիչը կայանալու է Գյումրիում, արդեն իսկ պարզ էր, որ եզրափակիչում անպայման խաղալու է Արման Սահակյանի թիմը: Կարելի է կռահել, թե կիսաեզրափակչից առաջ ինչպես են համոզել Միխայիլ Բաղդասարովին, որ նա առանց ավելորդ դիմադրության եզրափակչի ուղեգիրը զիջի Գյումրիի թիմին: Հիմա էլ արդեն համառ լուրեր են շրջանառվում, որ եզրափակիչում «Շիրակը» անպայման հաղթելու է «Իմպուլսին»: Կարելի է նույնիսկ հետաքրքրվել, թե բուքմեյքերները ընդհանրապես խաղադրույք վերցնելո՞ւ են այս խաղի հաղթողի վերաբերյալ, թե՞ ոչ:

Կարող է հարց առաջանալ, թե ինչ վատ կամ տարօրինակ բան կա նրա մեջ, որ եզրափակիչը կայանալու է Գյումրիի վերակառուցված մարզադաշտում: Առաջին հայացքից, իրոք, որ չկա: Ավելին, վատ չէ, որ խաղը կայանալու է վերակառուցված մարզադաշտում, բայց եթե մի փոքր ավելի ուշադիր լինենք, ապա կհասկանանք, որ ֆուտբոլը դարձել է ՀՀԿ-ի եւ «Շիրակ» ակումբի սեփականատիրոջ, պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի քարոզարշավի բաղկացուցիչ մասը: Իհարկե, նրանք կարող են պնդել, թե ֆուտբոլը քաղաքականության հետ որեւէ կապ չունի, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու մարզադաշտի բացումը եւ գավաթի եզրափակիչը չանցկացնել հենց մայիսի 10-ին` ընտրություններից մի քանի օր հետո: Պատասխանն էլ շատ պարզ է` մայիսի 6-ին արդեն կայանալու են ընտրությունները եւ եզրափակիչը եւ մարզադաշտի բացումը այդ դեպքում չեն կարող ծառայացվել ՀՀԿ-ի շահերին:

Ի դեպ, այն, որ գավաթի եզրափակչին մասնակցելու է Գյումրիի «Շիրակը», մեկ անգամ եւս ապացուցում է, որ այս միջոցառումը զուտ նախընտրական բնույթ ունի: Մեկ անգամ եւս կրկնենք, որ այս ակումբը պատկանում է պատգամավորի թեկնածու, «Սովռանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանին: Ստացվում է, որ ֆուտբոլը ստորացվեց: Ստորացվեցին նաեւ ֆուտբոլասերները: Ստորացվեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Եթե այդպես չլիներ, ապա գավաթի եզրափակիչը կանցկացվեր հենց մայիսի 10-ին:

Պատկերացնում եք, թե ինչ կլիներ Իտալիայում կամ Անգլիայում եւ նույնիսկ Զիմբաբվեում, եթե ֆուտբոլի գավաթի եզրափակիչը հարմարեցվեր պատգամավորի թեկնածուներից մեկի նախընտրական արշավին: Իսկ ՀՖՖ նախագահ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանը դեռ համապատասխան պարզաբանում չի էլ տվել, թե ինչու այնպես ստացվեց, որ գավաթի եզրափակիչը մայիսի 10-ի փոխարեն կայանալու է ապրիլի 29-ին:

Ինչ վերաբերում է Գյումրիի մարզադաշտին, ապա այն բավական տխուր տպավորություն է թողնում եւ հիշեցնում, թե ինչ վիճակում է հայտնվել մեր երկրի տնտեսությունը: Երկրի երկրորդ քաղաքն անհամեմատ ավելի լավ մարզադաշտ պետք է ունենա, բայց սա բոլորովին այլ խոսակցություն է:

Մեր ունեցած տեղեկություններով, գավաթի եզրափակիչին ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը եւ այդ խաղը վերածվելու է Հանրապետական կուսակցության նախընտրական շոուի:

Գևորգ Դավթյան

Այս խորագրի վերջին նյութերը