Կարծիք

17.04.2012 16:18


Ցինիզմ

Ցինիզմ

Այն որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի փայլում կադրերի ընտրության գործում կարծում եմ կասկածի տեղիք չի տալիս: Բավական է միայն նայել ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված առանցքային դեմքերին եւ մեծամասնական կարգով Սարգսյանի աջակցությունը վայելող օդիոզ գործիչներին և պատկերը ավելի պարզ կլինի:

Սակայն Սերժ Սարգսյանը առավել մեծ դաժանությամբ է սխալվում երիտասարդ կադրերի ընտրության գործում: ՀՀԿ-ի շարքերում կան այնպիսի երիտասրադներ գործիչներ, որոնց համար քաղաքականությամբ զբաղվելը ուղղակի հակացուցված է, եթե իհարկե այդ քաղաքականությունը ՀՀԿ-ի պատկերացրած քաղաքականությունը չէ:

Նախընտրական քարոզարշավի այս փուլում փաստացի քաղաքական բանավեճի նոր մշակույթ է ներդրվում: Համենայնդեպս այդ տիրությում է գործում Վարդան Օսկանյանը: Իշխանության քննադատությունը հայոյանքներից ու պիտակավորումներից տեղափոխվում է ծրագրային եւ փաստարկված քննադատության դաշտ: Սակայն դատելով ՀՀԿ-ական որոշ երիտասրադ «գործիչների» ոչ ադեկվատ եւ նյարդային պահվածքից՝ իշխանությունը ամենեւին էլ պատրաստ չէր իրադարձությունների նման շրջադարձին: Դատարկ հայոյանքներին կարելի է հակադարձել ասենք «դատարկ դհոլով» կամ «հաճախորդով», սակայն ծրագրային քննադատությանը պատասխանելը ՀՀԿ-ի ուժերից վեր է:

Ասենք, երբ նույն Վարդան Օսկանյանը առանց իշխանությանը հայոյելու ներկայացնում է պարզ իրողություններ՝ ի ցույց դնելով ներկայիս կառավարության ապիկարությունը, նրան նույն տոնայնությամբ պատասխանելու փոխարեն իշխանությունը մարտի է նետում որոշ երիտասարդների, որոնց պահվածքն ու արձագանքները լուրջ հոգեբանական հետազոտության առարկա կարող է դառնալ:

Օրինակ, անձամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր «facebook»-ի էջում ինչ-որ ենթադրություններ է անում կապված Օսկանյանի հետ եւ այդ նույն ենթադրություններին մամուլով պատասխանում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այսինքն երիտհանրապետականները ամենաբարձր մակարդակով զբաղված են իրենց ենթադրությունները մեկանաբանելով, իսկ մեկ այլ երիտհանրապետական՝ Հովհաննես Սահակյան անունով, նույն ժամանակահատվածում զբաղված է անձնական տիպի վիրավորանքներով հակառակորդին հայոյելու գործով: Իսկ հայոյում են նրանք, ովքեր ուղղակի ասելու ոչինչ չունեն:

Եթե Օսկանյանի ասածները իրականությանը չեն համապատասխանում, ապա կարելի փաստարկված պատասխանել նախկին արտգործնախարարին, իսկ մնացածը թողնել ժողովրդի դատին, այլ ոչ թե ցինիկ որակավորումներով խնդիրը տեղափոխել անձնական հարթություն եւ փորձել ձախողված կառավարության վերմակը քաշել կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունների վրա:

Հարգելի և ոչ այնքան հարգելի երիտհանրապետականներ, եթե ներքուստ ընդունում եք ձեր կառավարության ապիկարությունը եւ տարատեսակ հնարքներով փորձում եք ձախողումների պատասխանատվությունը կիսել այլ կուսակցությունների հետ, ապա արդարացի կլիներ, որ ձեր կողմից կառավարությանը վերագրվող ձեռքբերումները թվարկելուց նշեիք նաեւ կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունների անունները: Այլապես մի տեսակ անբարոյական ու ցինիկ բան է ստացվում:

Խոսրով Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը