Մեկնաբանություն

17.04.2012 02:07


Թևան Պողոսյանը ևս Րաֆֆի Հովհաննիսյանին համարում է 2 տոկոսանոց

Թևան Պողոսյանը ևս Րաֆֆի Հովհաննիսյանին համարում է 2 տոկոսանոց

Ինչպես հայտնի է, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը վերջերս սոցհարցումների տվյալներ էր հրապարակել, ըստ որոնց՝ «ժառանգություն» կուսակցության վարկանիշը մոտ 4% է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի անհատական վարկանիշը, որպես նախագահացու, 2% (տե՛ս http://www.eufoa.org/uploads/OpinionPoll_AM.pdf

Ի դեպ, այդ հարցումներով՝ ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն բավական բարձր տոկոսներ ունեն, իսկ Սերժ Սարգսյանը, որպես նախագահացու,   իր վարկանիշով մի քանի անգամ գերազանցում է պոտենցիալ մրցակիցներին։

«7 օրին» տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը պատվիրովի, փողով ու անարժանահավատ է գնահատել այդ տվյալները (հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս http://7or.am/am/news/view/33192/%D5%90%D5%A1%D6%86%D6%86%D5%AB-%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6

 «Ժառանգության» անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն,  ևս անարժանահավատ են գնահատել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հարցման արդյունքները։ Նրանց կարծիքով՝ դրանք մեկ ամիս առաջ արված հարցումներ են և հավատ չեն ներշնչում։

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ իրենց վարկանիշը 25% է: Իսկ վերջերս ժառանգականները, հավանաբար իշխանության օգնությունից ոգևորված, հայտարարեցին, թե արդեն հավակնում են 50%–ի։

Ուշագրավն այն է, որ վերոհիշյալ հարցումների և Րաֆֆիի վարկանիշի մասին լրիվ այլ կարծիք ունի «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 6րդ հորիզոնականում հայտնված, նախագահական նստավայրի հետ սերտորեն համագործակցող, «ֆուտբոլային» դիվանագիտության ակտիվ շրջանում հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններն ակտիվ լոբբինգ անող, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը։

Բլոգեր Արմինե Վարդանյանի հետ ունեցած հարցազրույցում (ձայնագրությունը փոխանցվել է «7 օրին») Թևանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության համահիմնադիրներից է,  արժանահավատ է համարել այդ «չարաբաստիկ» սոցհարցման արդյունքները։ Դե որ Թևանն ասում է, ուրեմն մի բան գիտի։ Մարդը հո չէ՞ր կեղծի այն կուսակցության վարկանիշը, որի ցուցակում է ինքը։ Իսկ եթե դրանք կեղծ տվյալներ են, ապա նախագահականում պարզապես որոշել են նվաստացնել Րաֆֆիին. այլ եզրակացության հնարավոր չէ գալ։

Փաստորեն, ստացվում է, որ Թ. Պողոսյանը «ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշները համապատասխանաբար գնահատում է 4 և 2 տոկոս։ Ճիշտ է, հարցումները մոտ մեկ ամիս առաջ են անցկացվել, բայց փաստն այն է, որ թեկուզ մեկ ամիս առաջվա տվյալներով Թևանը Րաֆֆիի տոկոսները գիտեր։

Մեզ տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե ըստ իրեն՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներն» ի՞նչ նպատակ է հետապնդել կոնկրետ այս հարցմամբ, նշել է, թե չգիտի, տեղյակ չէ։ Րաֆֆիին հուշենք, որ նա կարող է այդ ամենի մասին տեղեկանալ իր ցուցակի 6–րդ համարից, այսպես ասած՝ առաջին ձեռքից։

Հարգելի՛ ընթերցող, ընդունի՛ր, որ շատ «մազալու» բան է ստացվում. նախագահականից մարդկանց ուղարկում են «Ժառանգության» ցուցակ, ստիպում են Րաֆֆիին գեղամյանություն անել, բայց միևնույն ժամանակ ցուցանիշներ են հրապարակում, թե նա 2–տոկոսանոց է։ 

. . .

Ստորև ձեզ ենք ներկայացնում Թևան Պողոսյանի հետ Արմինե Վարդանյանի՝ հեռախոսով արած հարցազրույցը, որը շատ հետաքրքիր է ստացվել։ Գրանտներ բերելու և նախագահականի երիտթևի հետ «արիշ–վերիշ» անելու մեջ հմտացած Թևանը զգացվում է, որ քաղաքականության մեջ սկսնակ է, այլապես կխուսափեր հարցազրույցից կամ էլ նախապես իր համար պատրաստած կլիներ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք ենթադրվում է, որ իրեն տրվելու են։ Սկսնակությունն է, թերևս, պատճառը, որ նա սկզբում չի զգացել, որ «մուխաննաթ» հարցեր են տրվում և խոսակցությունը կարող է անցանկալի ընթացք ստանալ, իսկ երբ զգացել է՝ գնացքն արդեն գնացած է եղել։ Ամենավերջում, իհարկե, Թևանը կողմնորոշվել է, որ պետք է դադարեցնել զրույցը, բայց դադարը ոչ պակաս խոսուն է եղել, քան բուն զրույցը։ Ահավասիկ հարցազրույցը.

Պարո՛ն Պողոսյան, ինչպես հայտնի է, Դուք «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հիմնադիրներից եք։ Վերջերս այդ կազմակերպությունը հարցումներ էր անցկացրել առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ Որքանո՞վ են արժանահավատ ներկայացված տվյալները։

–Իմ հիմնադիր լինել–չլինելը կարևոր չէ։ Գլխավորը, որ այդ կազմակերպությունը, ինչքան գիտեմ, օգտագործել է գերմանական մեթոդոլոգիան, և ընդհանրապես պետք է միջազգային այդ մեթոդոլոգիայի՛ հիման վրա արժանահավատության խնդիրը լինի։ Գնահատելը սոցիոլոգների խնդիրը պետք է լինի։

Դուք անձամբ արժանահավատ համարո՞ւմ եք այդ հարցումները։

–Անձամբ, այո՛։

Ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր չեն ընդունում այդ սոցհարցման արդյունքները։

Ամեն մարդ իր տեսակետն ունի, իրավունք ունի՝ ազատ արտահայտելու իր տեսակետը։ Ի՞նչ ասեմ։ Ցանկացած մարդ կարող է ուղղակի տեսակետ արտահայտել, որ հավատում եմ կամ չեմ հավատում։ Չհավատացողը միշտ էլ կարող է ստուգել, ունի՛ ստուգելու այդ հնարավորությունը, կամ օգտվի այն թվերից, որոնք ինքն է հաշվում։ Բայց պետք է մասնագետներն ասեն։ Եթե մասնագետները ստուգեն այդ մեթոդոլոգիան և համարեն, որ այն արժանահավատ չի, և ասեն, ես այդ մասնագիտական կարծիքին կհավատամ։

Ձեր կազմակերպությունը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», մշտապես աչքի է ընկել իշխանամետ կեցվածքով ու այն հասարակական կազմակերպություններից է, որոնք սերտորեն համագործակցում են նախագահական նստավայրի հետ։ Դրսում Դուք մշտապես լոբբինգ եք արել իշխանության տեսակետները։ Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք իրեն ընդդիմադիր հռչակած «Ժառանգություն» կուսակցության ցուցակում, այլ ոչ թե ՀՀԿ–ում։

–Դրա մասին ինչ–որ բաներ ես արդեն պատմել եմ, թե ինչպես է եղել այդ առաջարկը Րաֆֆիի կողմից և իմ ցանկությունը՝ միանալու այդ առաջարկին և այդ պլատֆորման ձևավորելու։ Երկրորդ՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» միշտ եղել է վերլուծական կենտրոն և կմնա։ Իր ուրույն, անաչառ վերլուծությունների, խնդիրների հիման վրա այն փորձել է առաջարկել մեխանիզմներ՝ այս կամ այն հարցից դուրս գալու։ Հիմա թե այդ մեխանիզմներն ինչ կարծիք են թողել ուրիշների մոտ, արդեն ամեն մարդ իր համար պետք է գնահատի։ Մենք այլընտրանքներ ենք առաջարկել։ Երբևէ խնդիր չի եղել ինչ–որ մեկին լոբբինգ անելու հարց բարձրացնել, բացի նրանից, որ մեր սեփական հավատով՝ ա՛յս մի քայլն ավելի կարևոր կլինի Հայաստանին, փորձենք ա՛յդ  մեխանիզմն առաջարկել։ Եվ դա եղել է մասնագիտական վերլուծությունների հիման վրա։

Ասում եք, որ անկախ վերլուծական կենտրոն է, բայց Ձեր կենտրոնի մի շարք աշխատակիցներ (Սևակ Լալայան, Նաիրի Պետրոսյան և այլն) Սերժ Սարգսյանի աշխատակազմում են,  իսկ Դուք «Ժառանգության» ցուցակում եք։

Ես ունեմ ընկերներ բոլոր ցուցակներում։ Հիմա ընկերությունս փակե՞մ։ Ես խնդիրը չեմ կարողանում ընկալել։ Հետո ես չգիտեմ, թե երբվանից եք որոշել, որ Նաիրի Պետրոսյանը «ichd»–ի աշխատակիցն է եղել։ Դա շատ հետաքրքիր է, ինչը նշանակում է, որ շատ ժամանակ մարդիկ ուղղակի բամբասանքի հիման վրա են իրենց տեղեկություններն անում։

Իսկ Սևակ Լալայա՞նը։

–Սևակը Լալայանը եղել է և կա մեր աշխատակիցը։ Գիտեք, ես ուրախ եմ նրա համար, որ մարդը պրոֆեսիոնալ է, ում իր պրոֆեսիոնալ հատկությունների համար ընտրել են ինչպես վերլուծաբանի։ Հիմա սենց ասեմ՝ նախկինում մեր աշխատակիցներից շատերն են եղել տարբեր պետական ինստիտուտներում, հիմա ի՞նչ ասենք։ (Սևակ Լալայանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատի անդամ, նշանակվել է ՀՀ նախագահի օգնական և գրում է Սարգսյանի ելույթների տեքստերը։ Սևակն է, ըստ մեր աղբյուրների, հանդիսանում ՀՀԿ–ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի հեղինակը– Կ.Հ.)։

Բայց Լալայանը նախկին չէ։ Խնդիրն այն է, թե առաջիկա ԱԺ ընտրություններում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» թիմը ո՞ւմ է տալու իր ձայնը՝ ՀՀԿի՞ն, թե՞ «Ժառանգությանը»։ Սևակը, ըստ Ձեզ, ու՞մ է քվեարկելու։

Կլինի՝ Սևակին հարցնեք։

Իսկ ՄԶՄԿի թի՞մը։

–Չեմ պատրաստվում բռնանալ որևէ մեկի կարծիքի վրա ընտրության իմաստով։ Ես այսօրվա դրությամբ գտնվելով «Ժառանգության» կողմից առաջարկված լայն պլատֆորմայի անդամ...

Մեր ձեռքի տակ եղած ձայնագրությունից պարզ է դառնում, որ մի փոքր դադարից հետո Թևան Պողոսյանը չի ավարտել իր միտքը և պահանջել է գրավոր տալ հարցերը.

–Կլինի՝ գրավոր գրեք Ձեր հարցերը։ Ուղղակի ես հանդիպման շրջանակների մեջ եմ հիմա։ Իմ խնդրանքն է՝ եթե կարելի է, գրավոր գրեք, ես կպատասխանեմ,– նշել է Թևանը։

Վերջին հարցին գոնե պատասխանեք, պարո՛ն Պողոսյան՝ եթե հայտնվեք ԱԺում, ապա հարց կբարձրացնե՞ք՝ ԱԺ օրակարգից հանելու հայթուրքական արձանագրությունները և հետ կանչելու Հայաստանի ստորագրությունն այդ արձանագրություններից։

–Գրավոր գրեք, և ես կպատասխանեմ ձեր հարցերին։

–Միայն այդ հարցին պատասխանեք և վերջ։

–Գրավո՛ր, ասացի։

–Դե լավ, ես Ձեզ գրավոր կուղարկեմ։

. . .

Թևան Պողոսյանի հետ հարցազրույցը մեզ փոխանցած Արմինեն ասաց, որ ինքը գրավոր մի քանի հարց ևս ուղարկել էր Թևանին, բայց վերջինս չի պատասխանել՝ չնայած խոստացել էր հարցերը գրավոր ներկայացնելու դեպքում պատասխանել։ Բլոգերը մեզ փոխանցեց այն հարցերը, որոնք Պողոսյանն անպատասխան է թողել։ Մենք այժմ կներկայացնենք դրանք, և եթե Թևան Պողոսյանը կցանկանա դրանց անդրադառնալ, ապա մենք սիրով կտրամադրենք մեր կայքէջի տարածքը։

Հարցերը բավական հետաքրքիր են և լավ կլինի, որ պատասխաններ լինեն, այլապես չպատասխանելն էլ յուրօրինակ պատասխան կընկալվի։ Եվ այսպես.

1.Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ իրենք խորհրդարան են գնում, որպեսզի կարողանան բարձրացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը։ Եթե «Ժառանգությունը» անցնի ԱԺ, դուք կմիանա՞ք ՀԱԿ–ի այդ նախաձեռնությանը, կգնա՞ք իշխանափոխության։ 

2.Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։ Արտագաղթի պատճառը, ըստ ձեզ, ո՞րն է։ 

3.Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վարած արտաքին՝ նախաձեռնողական որակված քաղաքականությունը։ Խոսքս մասնավորապես «ֆուտբոլային» դիվանագիտությանն է վերաբերում։ Դա սխա՞լ էր, թե ՞ ճիշտ։ 

4.Եթե հայտնվեք ԱԺ–ում, ապա հարց կբարձրացնե՞ք ԱԺ օրակարգից հանել հայ–թուրքական արձանագրությունները և հետ կանչել Հայաստանի ստորագրությունը այդ արձանագրություններից։ 

5.Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը ձախողվա՞ծ եք համարում, թե հաջողված։

6.Որքա՞ն տոկոս կհավաքի, ըստ ձեզ, «ժառանգությունը»։ 

7.Եթե ձեր ասած տոկոսները չլինեն, ապա դուրս կգա՞ք փողոց, կպահանջե՞ք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 

8.Ինչու՞ է ժառանգությունը քննադատում իշխանությանը, բայց խոսում միայն ԲՀԿ–ից։ Ինչու՞ եք մոռացել ՀՀԿ–ին։ 

9.Ձեր գործընկերները թիվ 10 ընտրատարածքում պաշտպանում են ՀՀԿ–ից ներկայացված Նուշիկյանին։ Դուք է՞լ եք Նուշիկյանին պաշտպանում:

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «7 օրում» տեղադրված վերլուծականներից մեկի տակ «Ժառանգության» ակտիվ անդամներից մեկը մեկնաբանություն էր թողել՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Թևանյան, Ժառանգությունը Թևանին կապավինի, բայց Թևանյանին չի ապավինի երբեք ...»։ Ժառանգականն այդպիսով իր վրդովմունքն էր հայտնել առ Թևանյան և իր սերն առ Թևան։

Իհարկե լավ է, որ «Ժառանգությունում» որոշել են ապավինել Թևանին, բայց խնդիրն այն է, որ Թևա՛նը չի ապավինում «Ժառանգությանը» և Րաֆֆիին, այլապես 4 տոկոսանոց չէր համարի այդ կուսակցությանը և 2 տոկոսանոց՝ դրա առաջնորդին։ Ահա այս խնդիրն է, որ պետք է փորձեն հարթել «Ժառանգությունում» և նախագահականի հետ «ռազբորկա» անեն, որպեսզի հետագայում «չքցվեն». Սերժից հեռու չի «քցելը»։

Լավ կլինի, որ «Ժառանգությունում» Րաֆֆիի հանգույն կոլեգիալ որոշում կայացնեն և վերջապես միասնական որոշման հանգեն կուսակցության տոկոսների մասով։ Թե չէ, մեկն ասում է 25 %, մյուսն ասում է 50 %, իսկ երրորդն էլ նշում է, թե «իշտայներիդ քացախ», դուք մի ստորակետ կամ մի զրո պակաս եք և գտնվում եք 2-ից 4 տոկոսի միջակայքում։ 

Այս խորագրի վերջին նյութերը