Կարծիք

10.04.2012 09:33


Հանրապետականն այսօր չի՞ ցանում արդյոք վաղվա հեղափոխության սերմերը

Հանրապետականն այսօր չի՞ ցանում արդյոք վաղվա հեղափոխության սերմերը

Այն, որ իրական փոփոխությունը երկրում առաջնահերթ հրամայական է, կասկած չի հարուցում: Դա գիտակցել և հռչակել է նաև այս պահին երկրի գերիշխող քաղաքական ուժը և այդ գաղափարը դրել իր նախընտրական քարոզարշավի հիմքում` հավատանք, որ փոխենք:

Նախապես ասեմ, որ ինձ և շատերին, որպես այս երկրի քաղաքացիներ, իսկապես ձեռնտու է հավատալ, որ երկրում փոփոխություններ են լինելու: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու լքել երկիրը, հայրենազրկվել և ձուլվել այն հանրություններին, որոնք մեզ հնարավորություն կտան մեր ինտելեկտուալ ներուժն իրացնելով հասնել որոշակի բարեկեցության և նվաճումների: Նման հնարավորություն այսօր մեզ չի տալիս մեր “անկախ և ազատ” հայրենիքը, որի կայացման հարցում բոլորս շատ թե քիչ ներդրում ունենք: Իհարկե սա ցանկալի զարգացում չէ, բայց փաստ է, որ շատերն են ստիպված եղել գնալ այս ճանապարհով:

Թե որքանո՞վ է արդարացված նման կարգախոսի որդեգրումը մի քաղաքական ուժի կողմից, որը վերջին ավելի քան տասը տարիների ընթացքում եղել է գերիշխող և կրել բոլոր գործընթացների քաղաքական պատասխանատվության հիմնական բեռը, այլ հարց է: Բայց այժմ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով է տեսնում այս քաղաքական ուժը նշված փոփոխությունների իրագործումը:

Հիշեցնեմ, որ Ս. Սարգսյանի նախագահության առաջին տարիներից ի վեր երկրում երկրորդ սերնդի բարեփոխումների կուրս է հռչակված: Հինգ տարիների ընթացքում այս քաղաքական կուրսի իրագործումը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, չի ապահովել տեսանելի որակական աճ երկրի քաղծառայության, կրթության ու գիտության, երիտասարդության, տնտեսության, սոցիալական ապահովության և այլ ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում: Որպեսզի չխորանանք տարբեր ցուցանիշերի հարցում, բավարար է նշել,  որ արտագաղթի բացասական սալդոն չի նահանջում և սա է ամենաակնառու ցուցանիշը, որով կարելի է դատել որևէ երկրի հաջողությունների մասին:

Այս ոչ այնքան գոհացուցիչ արդյունքներն ունենք հենց այն քաղաքական թիմի մի քանի տարիների աշխատանքի արդյունքում, որով ՀՀԿ-ն ներկայացել է ընտրողին` նրա քվեն հայցելու նպատակով: Այս իմաստով ակնհայտ է, որ փոփոխությունների գիտակցումը չի ուղեկցվում դրանք իսկապես իրագործելու հաստատակամությամբ և համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավմամբ:

Նման իրավիճակում, երբ ընտրողը գիտակցում է, որ իր կյանքի որակի բարելավմանն ուղղված կարգախոսներն իրագործման հիմքեր չունեն, ինչպիսի՞ն պիտի լինի նրա արձագանքը: Իհարկե նա պիտի փորձի փոփոխությունը կյանքի կոչել քաղաքական ուժերի նկատմամբ իր դիրքորոշումը փոխելով և դա կփորձի արտահայտել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սակայն, դատելով ԱԺ-ում տեղերի քանակի հետ կապված քաղաքական ուժերի հավակնություններից` ընտրողների շահերը լիովին արտահայտող արդյունքներ դժվար է ակնկալել: Մյուս կողմից, եթե այդ ընտրությունները հնարավորություն չտան քաղաքացուն ստեղծել երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում դրական փոփոխությունների հիմքերը, ապա նա ստիպված կլինի դիմել առավել կտրուկ միջոցների, քանի-որ  խնդրի իրավական լուծման հնարավորությունները կհամարի սպառված: Այս դեպքում միակ ելքը քաղաքացիական անհնազանդությունն է: Այսպիսով գերիշխող քաղաքական ուժերը հրում են հասարակությանը դեպի արմատական կամ ծայրահեղ մոտեցումներով բնութագրվող քաղաքական ուժերը, ովքեր հաջողության հասնելու դեպքում կարող են կոշտ միջոցներ կիրառել, ինչը հղի է ներքաղաքական շարունակական ցնցումների հեռանկարով:

Ուրեմն խիստ արդիական ու կարևոր հարց է առաջանում` արդյո՞ք գիտակցում եք, պարոնայք հանրապետականներ, այն քաղաքական պատասխանատվությունը, որ լրջորեն չուղղորդելով և չկազմակերպելով վստահություն ներշնչող և իրական արդյունքներ երաշխավորող փոփոխությունների գործընթաց, դրանով իսկ մղում եք հանրությանը դեպի ավելի հուսահատ և անելանելի թվացող իրավիճակներ, որտեղ նա այլ ելք չունի, քան կտրուկ գործողություններն ու ուժի կիրառումն է: Սա թերևս երկրում քաղաքական միջավայրը ձևավորող ուժերի թիվ մեկ հրամայականն է և դրա անտեսումը անխուսափելիորեն կհանգեցնի անկառավարելի իրավիճակների:

Այս պահին ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս վերանայել կուսակցությունների համամասնական ցուցակը, սակայն այլ են հնարավորությունները մեծամասնական թեկնածուների պարագայում: Ինձ շատ հետաքրքիր է, թե արդյո՞ք գերիշխող քաղաքական ուժն ի վիճակի է ճկունություն դրսևորել իր որոշումների հարցում և օպերատիվ կերպով արձագանքել նոր ստեղծված քաղաքական իրավիճակներին: Ի վիճակի՞ է արդյոք ՀՀԿ-ն փոխել իր որոշումը թեկնածուների մասին, եթե կան ընտրատարածքներ, որտեղ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի աջակցությունն ստացած թեկնածուն իր գիտելիքի և քաղաքական գիտակցության մակարդակով ակնհայտորեն զիջում է իր մրցակիցներից որևէ մեկին, եթե ապացուցելու կարիք չկա, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող թեկնածուի մրցակիցը պատգամավորի գործառույթները շատ ավելի բարձր մակարդակով իրագործելու ներուժ ունի: Ավելի պարզ ասեմ` եթե դուք տեսնում եք, որ Ձեր թեկնածուի մրցակիցը, ով ձեր ճամբարից չէ, բայց շատ ավելի լավ պատգամավոր կլինի իր կրթության, մաքուր կենսագրության ու ինտելեկտուալ հատկանիշների շնորհիվ, պատրա՞ստ եք արդյոք զիջել այդ պատգամավորական մանդատը նրան: Ակամայից հիշում եմ դեռևս ՀՀՇ-ի ժամանակներից հայտնի խոսքը` “պոլի փայտ լինի, մերը լինի”, ու այս տրամաբանությամբ գեղանկարիչը նշանակվում էր ոստիկանապետի պաշտոնում: Եթե այդ մոտեցումը դեռևս կիրառելի է և արդիական, ապա էլ ինչի՞ վրա կառուցենք լավ ապագայի մեր հույսերը:

Եթե ՀՀԿ-ն պատրաստ է նման փոփոխությունների, ապա այսօր հանրապետությունում կան մի քանի ընտրատարածքներ, որտեղ նա թեկնածուների նկատմամբ իր որոշումները փոխելու խնդիր ունի, և դա կլինի ՀՀ նախագահի կողմից հնչեցված փոխվելու կոչին հավատարիմ լինելու ամենագործուն ապացույցը: Սա նաև կլինի հասարակության քաղաքական ներուժը լիովին բացահայտելուն և քաղաքական ասպարեզը նոր մտածողությամբ հարստացնելուն ուղղված կարևոր ջանք, ինչը չի կարող անտեսվել հասարակության ու նաև միջազգային հանրության կողմից:

Եթե լինեն նման որոշումներ, իսկ այդպես պահանջում է մեր պետական շահը, ապա կամրանա հավատի ու վստահության մթնոլորտը, եթե անտեսվի այս ակնհահյտ հրամայականը, ապա` սպասեք այն հեղափոխությանը, որի սերմերը ցանում եք այսօր:

Գրիգորյան Տիգրան Հրահատի

Թիվ 7 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը