Լրահոս

19.05.2009 17:07


Վահագն Դադրյան. «Թուրքերի համար հայ կոտորելն անպատիժ մնալ է նշանակում»

Վահագն Դադրյան. «Թուրքերի համար հայ կոտորելն անպատիժ մնալ է նշանակում»

Հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Դադրյանը հանդիպել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Իր ելույթում նա նշել է, որ Թուրքիան չի ճանաչել և առաջիկայում չի էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ այդ երկրի համալսարաններում չեն սկսել ուսումնասիրել դրա պատմությունը, գիտական գրականությունը չի թարմացվել և վերատպվել, ու չեն գաղտնազերծվել 1918-1920թթ. փաստաթղթերը, որոնցում Քեմալական Թուրքիայի ղեկավարները ոչ միայն զղջում են և հայերից ներողություն խնդրում նրանց նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար, այլ նաև խոսում են փոխհատուցման անհրաժեշտության մասին։

-Հայերի ջարդերը կանխամտածված են եղել, և այսօր այդ փաստաթղթերը պետք է գաղտնազերծվեն, որ պարզ դառնա՝ թուրքական պետությունը ստեղծվել է ոճրագործության հիմքի վրա։ Իսկ այժմ թուրքերի համար հայ կոտորելն անպատիժ մնալ է նշանակում,- ասել է Վ. Դադրյանը։

Հանդիպման ժամանակ ցուցադրվել է նաև  հոլիվուդյան ռեժիսոր Օսկար Աբֆելի՝ 1918թ. նկարահանած «Հոգիների աճուրդ» կարճամետրաժ ֆիլմը։ Այն Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմն է։ Նկարահանվել են զորավար Անդրանիկի կողմից փրկված Արշալույս Մարտիկյանը և Կոնստանդնուպոլսում ԱՄՆ հյուպատոս Հենրի Մորգենթաուն։ Աբֆելը ազգությամբ հրեա այն քաղաքական գործիչն է, ով վավերագրերի և փաստաթղթերի միջոցով ի լուր աշխարհի բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը