Հարցազրույց

04.04.2012 17:20


Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյան

Ընտրությունների հանրային վերահսկողության համար միջկուսակցական միասնական շտաբ ստեղծելու մասին հայտարարության տակ ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՀԱԿ–ի հետ ստորագրելուց հետո ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

–Ձեզ համար կարևոր հանգամա՞նք չէր, որ միասնական շտաբ ստեղծելու այս քննարկմանը կոալիցիոն մյուս գործընկերը՝ ՕԵԿ–ը, հրավիրված չէր։ Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այդ հանգամանքից վիրավորվեց և հեռացավ։

–Դա կազմակերպիչներին պետք է հարցնեք։

–Թե՞ խնդիրն այն է, որ, ինչպես ավելի վաղ էիք հայտարարել, Ձեզ համար կոալիցիան այլևս գոյություն չունի։

Եկեք իմ ասածները ճիշտ մեկնաբանեք։ Ես ասել եմ՝ այն, ինչ այսօր Հայաստանում կա, քաղաքագիտական իմաստով ֆորմալ է։ Բայց նույն հարցազրույցում երբ ինձ հարցրին՝ այդ դեպքում ինչո՞ւ դուրս չի եկել ԲՀԿ–ն կոալիցիայից, ես չեմ պատասխանել՝ ասելով, որ նրան, ինչին ես չեմ մասնակցել, չեմ կարող գնահատական տալ։ Ես զուտ քաղաքագիտական իմաստով եմ բացատրել կոալիցիայի մասով, բայց թե այս 5 տարիների ընթացքում ինչպիսի՞ հարաբերություններ են եղել կոալիցիայի անդամների մեջ, դրան իրոք գնահատական տալ չեմ կարող, որովհետև մասնակցություն չեմ ունեցել։ Զուտ քաղաքագիտակա՛ն առումով, եթե կոալիցիայում մի կուսակցությունը մեծամասնություն ունի, դա արդեն ֆորմալ է։

–ՀՀԿ–ից, օրինակ, Գագիկ Մինասյանն ասել է, որ Օսկանյանի հայտարարությունը վարկաբեկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

–Գագիկ Մինասյանն իր կարծիքն է հայտնել։ Առանձնապես վերաբերմունք չունեմ։ 

–Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Ձեր նմանատիպ հայտարարությունները ԲՀԿ–ից հրաժարվում են մեկնաբանել, և տպավորություն է, որ Դուք կուսակցությունում եք, բայց արտահայտում եք կուսակցության դիրքորոշմանը չհամընկնող տեսակետներ։

–Կոնկրետ այդ մասով ես ասել եմ և նորից եմ կրկնում՝ ես տվել եմ դրա քաղաքագիտական իմաստը՝ կոալիցիաներն աշխարհում կազմվում են, երբ որևէ քաղաքական ուժ չունի մեծամասնություն։ Բացե՛ք բառարանը, դրա իմաստը դա՛ է։ Բայց ինչպե՞ս է եղել այս 5 տարում ԲՀԿ–ի, ՕԵԿ–ի և ՀՀԿ–ի հարաբերությունը, իրար լսել են, չեն լսել՝ չեմ կարող ասել. ես այնտեղ ներկայություն չեմ ունեցել։ Դա արդեն իրենք պետք է ասեն։

–Ի՞նչ կտա այս միասնական շտաբը։

Մենք այստեղ որոշեցինք, որ մեր ընդունած հայտարարությունը բաց լինի բոլորի համար, և իրոք լավ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերն էլ մասնակցեն, որովհետև այսօր մեր առջև առավել կարևոր խնդիր, քան ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, իսկապես չկա՛։ Դա համազգային խնդիր է, դա բոլորիս համար կարևորագույն խնդիր է։ Եթե մի անգամ էլ մենք անցկացնենք ընտրություն, որին ժողովուրդը չի հավատում, հաջորդ 5 տարիներին ոչ մի առաջընթաց չենք ունենալու։ Ով ուզում է՝ թող ընտրվի, բայց թող ընտրվի արդար, թող լինի ժողովրդի կամքով, պարտվողները թող շնորհավորեն։ Մեր խնդիրը սա՛ պետք է լինի, և այդ առումով կարծում եմ, որ այսօրվա այս որոշումը դրական քայլ է, և հուսով եմ՝ մյուս քաղաքական ուժերն էլ կմիանան։

–Բայց իրո՞ք հավատում եք, որ առաջիկա ընտրություններով հնարավոր է ինչ–որ բան փոխել երկրում։

Եթե ընտրություններով չէ, բա ինչպե՞ս փոխել։ Աշխարհի օրինակը նայե՛ք։ Ընդամենը մնում է, որ մենք մի անգամ ազատ, արդար ընտրություն անցկացնենք։ Եթե ժողովուրդը չի ուզում բան փոխել ազատ, արդար ընտրություններով, թող չփոխի։ Միգուցե մե՞նք ենք սխալ գնահատական տալիս։ Եթե ժողովուրդը գո՛հ է վիճակից, թող չփոխի։ Եթե ժողովուրդը դժգոհ է, կփոխի՛. այսօր լուրջ այլընտրանքներ կան։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ես ներկայացնում եմ, նրա անունից կարող եմ ասել՝ լրջագո՛ւյն այլընտրանք է այսօր մեր հասարակության համար։ Բայց որպեսզի ժողովուրդն իսկապես զգա, որ ինքն այդ այլընտրանքն ունի, պետք է համոզված լինի, որ ազատ, արդար ընտրություններ են լինելու։

–«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կողմից մտահոգություն հնչեց, որ եթե քաղաքական ուժերի ղեկավարները չստորագրեն այս փաստաթուղթը, այն իր նշանակությունը կկորցնի։ Արդյոք ԲՀԿ ղեկավարը կստորագրի՞։

–Դա հաջորդ քայլն է։ Կարծում եմ՝ շտաբը կարող է ընդամենը նպաստել ազատ, արդար ընտրությունների անցկացմանը։ Վերջիվերջո, քաղաքական կամքն է, հատկապես իշխանությունների քաղաքական կամքը։ Առանց դրա ընդհանուր շտաբն էլ կարող է չօգնել։ Շտաբը կարող է միայն նպաստել դրան, խախտումներին հետևել, բոլորի ուշադրությանը հանձնել, բայց ես կարծում եմ, որ առաջին հերթին իշխանությունները (մենք էլ պետք է օգնենք նրանց) պետք է գիտակցեն, որ արդեն 20 տարի անց իրոք գոնե պետք է կարողանանք մեր ժողովրդի համար ընդունելի ազատ, արդար ընտրություններ անցկացնել։

–Իսկ այն, որ կոալիցիայի ներսում այդ փաստաթուղթը չի քննարկվել, ինչպես նշեց Գալուստ Սահակյանը, բայց ԲՀԿ–ն, որպես կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժ, ի դեմս Ձեզ՝ ստորագրեց, կոալիցիայի ներսում ինչպե՞ս կընկալվի, և հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն կուսակցության ղեկավարի մակարդակով անհամաձայնություն հայտնի այս փաստաթղթի հետ կապված։

–Կոալիցիան խորհրդարանական կոալիցիա է, կառավարությունում կոալիցիա է, բայց կոալիցիոն ուժերը՝ հենց իրենք, որոշել են ընտրություններին մասնակցել առանձին, և ինչպես վերջերս Գագիկ Ծառուկյանի խոսնակը հայտարարեց, կոալիցիան ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ առանձին–առանձին պայքարը չի սկսվել։ Այսինքն, հենց ընտրարշավը սկսվում է, արդեն ամեն մեկն իր այլընտրանքը պետք է ներկայացնի։

–Այսինքն, ապրիլի 8–ից դե յուրե այլևս կոալիցիան չի՞ լինի։

–Ես այդպիսի բան չեմ ասում։ Թղթի վրա կլինի, չի լինի, բայց որ արդեն ամեն մեկը ժողովրդին որպես այլընտրանք է ներկայանալու, միանշանակ է։ Բոլորս ասել ենք, Գագիկ Ծառուկյանն է ասել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին գնում է առանձի՛ն, իր ծրագիրն ունի, որը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության ծրագրի հետ։ Այս երկու կուսակցությունները նույն ծրագրով չեն ներկայանում, չէ՞։ Փաստորեն, այլընտրանք են հասարակության համար, և երբ ընտրարշավն սկսվում է, արդեն մենք մեր ծրագրերից ենք խոսելու։ Ու մենք հավակնում ենք գնալ և ընտրություններում հաղթել, հնարավորին չափ մեծ ներկայություն ունենալ խորհրդարանում, փորձել կառավարություն կազմել։ Սա՛ է ժողովրդավարությունը։ Մենք սրա համար պետք է պայքարենք։

–Այսօրվա քննարկումից Գալուստ Սահակյանի հեռանալն ու փաստաթղթի տակ չստորագրելն ինչպե՞ս եք գնահատում։

–Ես չէի ուզենա գնահատական տալ. դա իրենց իրավունքն է։ Գալուստ Սահակյանը խոսեց խորհրդարանական ինչ–որ գործընթացի մասին, միգուցե ինքը կամ կուսակցությունն է ուզում այդ ճանապարհով գնալ։ Համենայնդեպս, խնդիրը մնում է խնդիր։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ համատեղ ջանքերով կարողանանք իսկապես ազատ, արդար ընտրություններ անցկացնել։

–Դա չի՞ վկայում այն մասին, որ ՀՀԿ–ն պատրաստվում է կեղծել ընտրությունները։

–Ես չեմ ուզում այդպիսի գնահատականներ տալ։

Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը