Մեկնաբանություն

30.03.2012 16:35


Գլխավոր դատախազի «շահերի բախումը»

Գլխավոր դատախազի «շահերի բախումը»

Մի քանի օր առաջ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ տեղի ունեցավ համաժողով ազատ եւ արդար ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Ընդ որում, այն կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:  Ամեն ինչ արվել է ցուցադրական կողմն ապահովելու համար:

Հայտարարվեց, որ համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել եւ իրազեկել ազատ, արդար և արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Ավելին, վերոհիշյալ համաժողովում ելույթ ունեցան վարչապետ Տիգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ամենայն հավանականությամբ, այս համաժողովը ոգեւորել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» խմբակցության անդամ, պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանին, ով ՀՀ ոստիկանության հրապարակած ընտրացուցակներում առկա աղաղակող անճշտությունների վերաբերյալ պատրաստվում է դիմել գլխավոր դատախազությանը: Բանն այն է, որ Ստեփան Սաֆարյանը եւս, օբյեկտիվորեն  համոզված է, որ ընտրողների թիվն ուռճացված է: Դժվար է, սակայն,  ասել, թե դատախազությունից ինչ ակնկալիքներ ունի Ստեփան Սաֆարյանը, ով կարծում ենք պատկանում է այն գործիչների թվին, որոնք աշխարհին վարդագույն ակնոցներով չեն նայում: Չի բացառվում, որ նույնիսկ Սաֆարյանին է ոգեւորել վերոհիշյալ համաժողովում դատախազի ունեցած ելույթը:

«Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ եւ մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելով»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը:

Իսկապես ոգեւորիչ է, բայց երբ հիշում ենք, որ նույն գլխավոր դատախազի եղբայրը առաջադրված է մեծամասնական ընտրակարգով, երբ տեղեկանում ենք, որ նրան անչափ մոտ կանգնած եւս երեք հոգի իրենց թեկնածություններն են առաջադրել մեծամասնական համակարգով, ապա սկսում ենք կասկածել, որ գլխավոր դատախազությունն իր մեջ ուժ կգտնի անաչառորեն հետեւել ընտրությունների ընթացքին եւ ապահովել դրանց օրինական ընթացքը: Կասկածները սկսում են խորանալ հատկապես այն ժամանակ, երբ ՀՀ բազմաթիվ ընտրողներ Աղվան Հովսեփյանին տեսնում են կոնկրետ թեկնածուների  նախընտրական շտաբ մտնելիս կամ դուրս գալիս:

Չի բացառվում, որ իշխանությունը հենց այսպես է պատկերացնում «ամենաազատ ու ամենաարդար» ընտրության անցկացումը: Ծիծաղելի է, երբ փոխնախարարներին ուղարկում են արձակուրդ՝ ընտրության օբյեկտիվությունը ապահովելու համար, իսկ երկրի գլխավոր դատախազը մի տեղ եղբորն է աջակցում, այլ տեղ` խնամուն, երրորդ տեղում` մոտ ընկերոջը:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը