Հարցազրույց

29.03.2012 16:16


Ռուբեն Թովմասյան

Ռուբեն Թովմասյան

Հարցազրույց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ

–Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ի՞նչ շեշտադրումներով եք ընտրապայքարի մեջ մտնելու։

–Առաջին շեշտադրումը մեր կարգախոսն է լինելու՝ կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է։ Ինչպես նաև սոցիալական արդարության սկզբունքները, իշխանությունը և ժողովրդից խլածը ժողովրդին վերադարձնելը։ Սրանք են մեր գլխավոր կարգախոսները։

–Եթե վերանանք կոմունիստական գաղափարախոսությունից և զուգահեռներ չանցկացնենք, հայաստանյան այսօրվա իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

–Չենք կարող հեռանալ, որովհետև ժողովուրդը չի մոռանում դա։ Իսկ երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակը ես գնահատում եմ այնպես՝ ինչ ենք ունեցել այս 20 տարիների ընթացքում՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, գների խայտառակ թանկացում, թալանված արդյունաբերություն, թալանված կրթական, գիտական համակարգ։ Սա՛ է ամբողջ երկրի հիմնական պատկերը։

–ՀՀԿ անդամներն իրենց ցուցակում, օրինակ, Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի, այսինքն՝ ժամանակին Սերժ Սարգսյանի հասցեին կոշտ քննադատություն հնչեցրած մարդկանց ընդգրկումը բացատրում են այսպես՝ քաղաքականությունն ամորֆ չէ.մարդիկ կարող են սխալվել, հետո զղջալ և այլն։ Ձեզ այս բացատրությունը բավարարո՞ւմ է։

–Ես չեմ կարող ՀՀԿ–ի գործունեությանը գնահատական տալ։ Դա այդ կուսակցության գործն է, ինքն էլ տվել է գնահատականը։ Ես այդ հարցում մեկնաբանություններ չունեմ։ Երևույթն էլ չեմ ուզում մեկնաբանել, որովհետև ժողովուրդն ինքն է մեկնաբանելու, և ինքն է գնահատելու։

–Բայց ՀՀԿ–ում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին եղել են նախ՝ ՀԿԿ, հետո ՀՀՇ, հիմա էլ՝ ՀՀԿ անդամ։ Նրա՞նք կարող են նոր որակ հաղորդել մեր երկրի քաղաքական կյանքին, թե՞ Ձեր կուսակցությունը, որը հենց այդ նույն մարդիկ այսօր անվանում են «իր դարն ապրած»։

–Հենց ՀԿԿ–ն է իր հետ բերում ամեն ինչ ժողովրդին, ամեն ինչ ժողովրդի համար։ Պետք է անպայման բոլոր ռազմավարական ճյուղերը ազգայնացվեն, գնահատական տրվի այս վերջին 20 տարիներին։ Մեր երկրում 90–ականներից սկսած՝ տեղի է ունեցել տնտեսական խոշոր մասշտաբի հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի, և ժողովրդից խլվել է այն ամենը, ինչ ժողովուրդն ուներ երկար տարիների ընթացքում, ինչը ստեղծել էր քրտինքով, բահով ու քլունգով և հասել մինչև տիեզերք, ատոմակայան, կառուցել հիանալի երկիր իր մայրաքաղաքով։ Այնպես որ, այսօր այդ բոլորը ժողովուրդը պետք է հետ պահանջի, որովհետև դա ժողովրդի ունեցվածքն է։

–Դուք Հայաստանի ապագան կապում եք Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի և ընդհանրապես դրսի ուժերի հետ է իր ապագան կապում նաև գործող իշխանությունը։ Ո՞րն է Ձեր և նրանց տարբերությունը։

–Հայ–ռուսական բարեկամությունը մեր անգին գանձն է, որ մենք պետք է տանենք հավերժ։ Հայ ժողովուրդը միշտ եղել է Ռուսաստանի հետ, ինչպես Ցարական Ռուսաստանի, Սովետական Ռուսաստանի, այնպես էլ այս 20 տարիների ընթացքում։ Ես հպարտ եմ, որ ես ռուսական կողմնորոշում ունեցող կուսակցության ղեկավարն եմ և սթափության կոչ եմ անում մեր ժողովրդին, որովհետև այսօր գալիս են չգիտեմ՝ ովքեր, ինչ–որ ազատ դեմոկրատներ, կարծես դեմոկրատները բոլորը բռնված են և այլն, և այլն։ Ու նրանք հայտարարում են՝ հանե՛լ ռուսական զորքերը, պոկվել Ռուսաստանից, ամենալավը Վրաստանն է, Ուկրաինան, իսկ այ Բելառուսը վատն է, որովհետև Լուկաշենկոն պահել է այն ամեն լավը, ինչը եղել է երկրում։ Այն պահից, երբ ռուսական զորքերը կհեռանան Հայաստանից և չգիտեմ՝ ում նախաձեռնությամբ, նախ՝ դրանք կկոչվեն ազգի դավաճաններ, և երկրորդ՝ դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը։ Սթափության և զգոնության կոչ եմ անում իմ ժողովրդին՝ պատրաստ լինելու այդ տիպի մարդկանց հակահարված տալ, որովհետև սա հայ ժողովրդի համար դավաճանության հերթական օրինակներից մեկն է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը