Հարցազրույց

18.05.2009 18:39


Կարինե Խոդիկյան.

Կարինե Խոդիկյան.

Հարցազրույց արձակագիր Կարինե Խոդիկյանի հետ

Ինչպե՞ս եք մեկնաբանում Եվրատեսիլում Հայաստանի 10–րդ տեղը։

-Եվրատեսիլն ավելի շատ քաղաքական մրցույթ է, քան մշակութային։

Նախ՝ Ադրբեջանից այսօր ավելի շատ բան է կախված, քան Հայաստանից։ Որոշումներն ընդունվում են՝ ոչ միայն հաշվի առնելով ձայնն ու կատարումը, այլև՝ թե ո՞ր երկրից ի՞նչ սպասելիք ունեն։ Անցած տարի Եվրոպան Հայաստանից բավական սպասելիքներ ուներ։ Երևի այսօր արդեն ստացել է այդ սպասելիքը, և հիմա հարկավոր է, որ սիրաշահի այն մյուս կողմին։

Երկրորդը՝ սփյուռքի պասիվությունն է, որը ինձ թևաթափ արեց։ Չեմ կարծում, թե նրանց ոգևորված չլինելու պատճառն աղջիկների վատ կատարումն էր։ Աղջիկներն իրենց առջև դրված խնդիրը հրաշալի լուծեցին։ Այստեղ, երևի թե, ինչ-որ հիասթափություն կար իմ երկրի նկատմամբ։

Երրորդը՝ ադրբեջանական կողմը շատ լավ աշխատել էր։ Հեռուստադիտողը կարող է համեմատել անցած տարվա՝ հիստերիայի հասնող մեր գովազդը, աղմուկը, ցնծությունը և այս տարվա իրավիճակը՝ համարյա անտարբերություն աղջիկների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ներքին խոհանոցում էլ ինչ-որ բան այն չէր։

-Ասում եք, թե Սփյուռքը հիասթափված է Հայաստանից։ Իսկ ի՞նչն է այդ հիասթափության պատճառը։

-Իսկ ի՞նչ եք կարծում։ Եթե մեկ տարի երկրում փոփոխություն չկա, քաղբանտարկայլներ կան, պաշտոնական տվյալներով 10 հոգի սպանվել է և առ այսօր գոնե մեկ մարդասպան չի հայտանբերվել, եթե ապրիլի 24-ի նախօրյակին համաձայնագիր է կնքվում Թուրքիայի հետ, եթե Հայաստանի առջև հարց է դրվում, և խոսում ենք՝ չիմանալով ի՞նչի մասին, ի՞նչ ենք տալու, ի՞նչ՝ կորցնելու, այդքանից հետո Սփյուռքն ի՞նչպես պետք է վերաբերվի իր երկրին։

Եվ հետո, ինձ շատ զարմացրեց այդ մեկ տոկոսը, որ Հայաստանը տվել էր Ադրբեջանին։ Ես շա՜տ կուզենայի տեսնել, թե Հայաստանում այդ ո՞ր հայն էր, որ գնաց-եկավ և Ադրբեջանին, ոչ ավել, ոչ պակաս, մեկ տոկոս ձայն տվեց, երբ հայ հասարակությունն ընդհանրապես վրդովված է և՛ ղարաբաղյան հարցից, և՛ հայ-թուրքական հարաբերություններից։ Նույնիսկ ադրբեջանցիներն են տարակուսում, թե ի՞նչով է պայմանավորված հայերի այդ մեկ տոկոսը։ Իսկ իմ պատասխանը սա է՝ էլի հերթական քաղաքական խաղ, որը, ծիծաղից և խղճահարությունից բացի, ուրիշ ոչինչ չի առաջացնում գոնե իմ մեջ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը