Լրահոս

27.03.2012 17:09


Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 27-ին ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին:

Մինչ նիստի մեկնարկը պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ դրեցին Անկախության հուշակոթողին:

Բացելով նիստը, ՌԴ Դաշնային խորհրդի  եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրեց այն կարեւոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած քսան տարվա ընթացքում: Մասնավորապես նշվեց, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ  անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: ԱՊՀ ՄԽՎ-ն ակտիվորեն մասնակցել է Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներին: Նշվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունները ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում հետեւողականորեն քննարկել են այդ պայմանագրի օրենսդրական հարցերը, իսկ 2006 թվականից որոշում է կայացվել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին:  ԱՊՀ ՄԽՎ կարեւորագույն գործառույթներից է եղել խաղաղարար գործունեությունը, որն իր  մեջ ներառում է ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման իրավական հիմքերի մշակումը, այլ նաեւ անմիջական խաղաղարար միջոցառումների իրականացում Համագործակցության թեժ կետերում: Դրանցից կարեւորագույններից մեկն է 1994 թվականին Բիշկեկում ստորագրված արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովող առայժմ միակ քաղաքական փաստաթուղթը:

Նիստի ընթացքում ելույթներ ունեցան մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին միջազգային այլ խորհրդարանական կառույցների ներկայացուցիչներ: Մասնավորապես ՍԾՏՀ ՄԽՎ  անունից, որտեղ նախագահում է Հայաստանը, ողջույնի խոսք ասաց ԱԺ պատգամավոր,  ՍԾՏՀ ՄԽՎ  փոխնախագահ Արեգ Ղուկասյանը` ներկայացնելով նաեւ ՀՀ նախագահության օրոք կատարված աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 22-24-ը Երեւանում Հայաստանի նախագահությամբ կանցկացվի ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: 

Այս խորագրի վերջին նյութերը