Մեկնաբանություն

18.05.2009 16:16


Հայերը՝ «ֆուտբոլային դիվանագիտության» պատա՞նդ

Հայերը՝ «ֆուտբոլային դիվանագիտության» պատա՞նդ

Անկախ ամեն ինչից՝ բիզնեսն իր համար ճանապարհ է հարթում ցանկացած իրավիճակում։ Չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հայերն ու մասնավորապես հայաստանցիները Թուրքիայում իրենց վատ չեն զգում։ Անտեսելով թուրքական ապրանքների նկատմամբ ոչ պաշտոնական բոյկոտը՝ մեզնից շատերն օգտագործում են հենց այդ երկրի արտադրանքը, հայաստանյան թանկուկրակ հանգստյան գոտիներից գերադասում են թուրքական լողափերն ու սպասարկումը։ Անձնական ոչինչ չկա, բիզնես է, հասկանալի է։ Հասկանալի է նաև, որ նույն բիզնեսի տեսանկյունից ավելի լավ կլիներ, եթե մեր երկրները նաև որոշակի պաշտոնական հարաբերություններ ունենային, որպեսզի, անկախ փոխադարձ մեղադրանքներից, գործարարությունն օրինաչափ զարգացում դրսևորեր։

Ինձ միշտ մի հարց է հուզել. ինչո՞ւ են միայն հայերը հետաքրքրված թուրքական ապրանքներով ու ծառայություններով։ Իսկապե՞ս թուրքական շուկան այնքան ինքնաբավ է, որ հայաստանյան ոչինչ նրանց հետաքրքիր չէ։ Ինչո՞ւ գրեթե ոչ մի թուրք Հայաստանում բիզնես չունի, հատկապես, որ մինչև վերջերս հայաստանյան գործարար միջավայրը բավական գրավիչ էր օտարերկրյա ներդրումների համար։ Նկատի ունենանք, որ թուրքական շինարդյունաբերությունն աստիճանաբար նորանոր շուկաներ է գրավում ամբողջ աշխարհում, իսկ շինարարության մեջ «կորած» Հայաստանում միայն թուրքական արտադրանքն է, այն էլ՝ միջնորդավորված ներմուծման տեսքով։

«40 հազար Հայաստանի քաղաքացի ապրում և աշխատում է Թուրքիայում։ Մենք նրանց ապաստան ենք տվել, ջերմացրել և կերակրել ենք։ Մենք չէինք ցանկանում, որպեսզի նրանք իրենց օտար զգան»։

Սրանք Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերն են՝ ասված մի քանի օր առաջ։ Ավելին, իմ հարցերի ուղղակի պատասխաններն են, որ իր վարչապետի բերանով տալիս է Թուրքիան։ Հիմա հասկանում եմ, թե ինչու են թուրքերը Հայոց ցեղասպանության մասին մտածողին անգամ դատապարտում «թուրքական ինքնությունը վարկաբեկելու» համար։ Իսկ հայերին իրենց փողերի հետ «փշի-փշի» են անում փալաս-փուլուսի առևտրի մեջ։ Անինքնասեր կանանց, որոնք, իմ կարծիքով, ընդհանրապես ազգություն չունեն, «բարձր վարձատրությամբ» աշխատանք են տալից իրենց «փնթի չայխանաներում»։ Պարզվում է, որ մեզ հերթական անգամ «կուտը տվել» ու պատանդ են վերցրել։ Բացատրեմ. Թուրքիայից ապրանք բերողները պիտի համաձայնե՞ն, որ երկկողմ առևտրական հարաբերությունները սառեն կամ տնտեսական «պատերազմ» սկսվի Ղարաբաղյան կարգավորման պատճառով։ Ամենայն հավանականությամբ՝ ո՛չ։ Թուրքիայում իրենց առևտրական ու այլ գործարար «քիրվաների» հետ գործի մեջ մտած հայ օլիգարխները, որ վստահորեն մասնակցում են նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, դեմ կքվեարկե՞ն մի օրինագծի, որը պատանդ կթողնի իրենց փողերն ու բիզնեսը։ Համոզվա՛ծ եմ՝ ո՛չ։

Եթե որևէ մեկը կարծում է, թե ես գույները միտումնավոր թանձրացնում եմ, թող ուշադրություն դարձնի Էրդողանի խոսքերի իմ ընդգծումներին, որտեղ նա ասում է, գուցե՝ առանց ափսոսանքի, թե «չէինք ցանկանում, որպեսզի նրանք իրենց  օտար զգան»։ Ինչ-որ բան փոխվե՞լ է, պարո՛ն Էրդողան, հիմա ցանկանու՞մ եք, թե՞ Ձեզ «սխալ» ենք թարգմանում կամ հասկանում։ Ես, որ Թուրքիայի տարածքում ոչինչ չունեմ, բացի խլված պապենական օջախից, Ձեզ շատ ճի՛շտ եմ հասկանում։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը