Կարծիք

19.03.2012 16:45


ՀՀԿ-ի պերճանքն ու թշվառությունը Գյումրիում

ՀՀԿ-ի պերճանքն ու թշվառությունը Գյումրիում

Խորհրդարանական ընտրություններից առաջ Գյումրիում մեծամասնական կարգով առաջադրվող ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ի կողմից սատարվող պատգամավորության թեկնածուների կազմին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ այս կուսակցությունը Շիրակի մարզում լուրջ կադրային ճգնաժամի մեջ է: Գյումրին ընդգրկող 3 ընտրատարածքներում մեծամասնական կարգով ներկայումս ՀՀԿ-ն ընդամենը մեկ պատգամավոր ունի Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) տեսքով: Մյուս երկու ընտրատարածքներում գործող պատգամավորները ԲՀԿ-ական են: Պատկերն այս անգամ էլ գրեթե անփոփոխ է, ուղղակի այս անգամ թիվ 34 ընտրատարածքում Սուքիաս Ավետիսյանին փոխարինելու է գալու ՀՀԿ-ին հարող և ՀՀԿ-ին անդամակցելը չբացառող, գործարար Արման Սահակյանը:

2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական առումով կարևոր համարվող թիվ 34 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու հիմնական մասը, ՀՀԿ-ի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը պարտվեց այն ժամանակ «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանին, պարզ դարձավ, որ նույնիսկ ֆինանսական և վարչական ռեսուրսների ամբողջական օգտագործումը չի կարող փրկել ՀՀԿ-ին:

Խորհրդարանական ընտրություններից հետո մարզ գործուղվեց քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը Շիրակի մարզպետի կարգավիճակով: Գիզիրյանին այդ պաշտոնում նշանակելուց հետո խոսակցություններ կային, որ վերջինս մարզպետ է նշանակվել ՀՀԿ-ի խայտառակ ցածր վարկանիշը բարձրացնելու և այդ կուսակցության դիրքերն ամեն գնով ուժեղացնելու նպատակով: Գեներալ Գիզիրյանը կտրականապես հերքում էր այդ լուրերը՝ նշելով, որ ինքը կուսակցական չէ: Սակայն այս նախընտրական շրջանում, դատելով նրա գործողություններից, ակնհայտ է դառնում, որ վերոհիշյալ խոսակցություններն իրականում հիմքեր ունեին:

Մարզպետը նախ լիակատար վերահսկողություն հաստատեց մարզի համայնքապետերի վրա, որոնց գերակշիռ մեծամասնությունն այժմ պատրաստ է հլու–հնազանդ կատարելու Գիզիրյանի հրահանգները: Գյումրու հանրահայտ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս չի անտեսում մարզպետի, այսպես ասած, խորհուրդները և չի շեղվում ՀՀԿ-ի հզորացմանն ուղղված Գիզիրյանի որդեգրած գծից այն դեպքում, երբ ինքը՝ Վարդան Ղուկասյանը, ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահն է:

Օրինակ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի կազմակերպչական ամբողջ աշխատանքն իրականացնում էր Շիրակի մարզպետարանը՝ Աշոտ Գիզիրյանի գլխավորությամբ, և դա այն դեպքում, երբ հայտարարվում էր, որ վարչապետի այցը ոչ թե աշխատանքային է, այլ կուսակցական: Անկուսակցական մարզպետը բարձր մակարդակով մասնակցում էր վարչապետի կուսակցական հավաքին: Իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ Աշոտ Գիզիրյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակի 66–րդ հորիզոնականում: Գյումրիում ՀՀԿ-ի հզորացնելու ծրագիրը հետևյալն էր՝ համախբել բոլոր ռեսուրսները մեկ անձի ձեռքում, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ օգտագործել ընտրությունների ժամանակ: Եթե մինչև Աշոտ Գիզիրյանը ՀՀԿ-ին սպասարկող ռեսուրսները՝ կրիմինալը, վարչականը, ֆինանսականը և մարդկայինը, կառավարվում էին տարբեր կենտրոններից և 2007–ին դա, ըստ էության, չաշխատեց (համենայնդեպս, մեծամասնական ընտրատարածքում), ապա այսօր այդ ամբողջ ռեսուրսը՝ սկսած կրիմինալից, վերջացրած ֆինանսականով, ըստ էության, վերահսկում է գեներալ Գիզիրյանը:

Հավանաբար հասկանալով, որ մարզում ՀՀԿ-ի առկա կադրային բանկով հազիվ թե հաջողության հասնեն, 34 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու է գործուղվում գործարար, համատեղության կարգով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկեր Արման Սահակյանը: Այսինքն, ՀՀԿ-ի աջակցության ողջ ռեսուրսն աշխատելու է Արման Սահակյանին պատգամավոր սարքելու ուղությամբ:

Այս ամենից հետո կարելի է պատկերացնել, թե ինչքան ողբալի է ՀՀԿ-ի վիճակը Գյումրիում, որ նախ՝ այսպես ասած, դրսից են խաղացող մտցնում, այնուհետև մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լծվում են Արման Սահակյանին պատգամավոր դարձնելու գործին:

Ի դեպ, խոսակցություններ կան նաև, որ վերջնական նպատակը ոչ թե Արման Սահակյանին պատգամավոր դարձնելն է, այլ Գյումրու քաղաքապետ կարգելը: Եթե այդպես է, ապա նախագահականի երիտթևը Վարդան Ղուկասյանի հետ կապված շատ նենգ սցենար է նախագծել. Գյումրու «թասիբով» քաղաքապետին ստիպում է սեփական ձեռքերով սեփական փոսը փորել (իհարկե, քաղաքական փոսի մասին է խոսքը): «Քաղաքապետ» օպերացիայի հաջողության դեպքում Վարդան Ղուկասյանին անհանդուրժելի և անընդունելի ճանաչելը տեխնիկայի գործ է դառնում:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը