Կարծիք

16.03.2012 11:14


Ինչ է ուզում ՀՀ քաղաքացին

Ինչ է ուզում ՀՀ քաղաքացին

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ դիրքից, սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոնից, քաղաքական հայացքներից եւ ընտանեկան դրությունից գրեթե ամեն օր դժգոհում է առկա իրավիճակից, անարդարությունից եւ երազում, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: Ամենահետաքրքիրն այն է, որ դժգոհողների, ընդ որում շատ դեպքերում տեղին դժգոհողների, ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրի վիճակը պետք է լավացնեն այլոք, բայց ոչ ինքը:

Կենսաթոշակառուն դժգոհ է կենսաթոշակի չափից, բայց մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր կհամաձայնվեն բարձրաձայնել իրենց բողոքը:

Մանկավարժները դժգոհ են թե իրենց աշխատավարձից, թե դպրոցում տիրող մթնոլորտից, թե իրենց հանդեպ ղեկավարության ցուցաբերած վերաբերմունքից, բայց շարունակում են աշխատել եւ նրանցից որեւէ մեկը բողոքի որեւէ գործողության չի դիմել:

Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն արդարացիորեն դժգոհում են տնտեսական քաղաքականությունից, բայց չգիտես ինչու, այդպես էլ բողոքի որեւէ գործողություն չեն իրականացնում: Իհարկե, կարող եք ասել, թե նրանք գիտեն, որ դրանից ոչինչ չի փոխվի, բայց դա պարզապես արդարացում է եւ ուրիշ ոչինչ:

Կարճ ասած, դժգոհ են գրեթե բոլորը, բայց նրանք մտածում են, թե գալու է մեկը, որը կախարդական փայտիկի օգնությամբ լուծելու է բոլորի հարցերը: Դժգոհում ենք եւ հաճախ Հայաստանը համեմատում Բելգիայի, Ամերիկայի, Գերմանիայի կամ Անգլիայի հետ: Համեմատում ենք եւ ասում, թե մենք էլ ենք երկիր, նրանք էլ: Ասում ենք եւ մոռանում, որ անգլիացին կամ ամերիկացին ներկա վիճակին հենց այնպես չի հասել: Մոռանում ենք, որ գերմանացին, հոլանդացին, ֆրանսիացին կամ անգլիացին անցել է պայքարի տասնամյակների միջով:

Մեզնից շատերին թվում է, թե զարգացումը հենց այնպես է լինում` առանց պայքարի: Մեզ թվում է, թե գալու է մի բարի պապիկ կամ քեռի, որը մեզ շատ է սիրելու եւ լուծելու է մեր բոլոր խնդիրները: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Առանց բողոքի, առանց պայքարի, առանց չարչարանքի առաջընթաց չի լինում: Երբ չկա կազմակերպված բողոք` չկա եւ առաջընթաց:

Հայաստանյան ամենափոքր գյուղերից մեկի ղեկավարը մի քննարկման ժամանակ խոստովանեց, որ երբ արդարացի բողոք չի լինում, շատ անգամ ծուլանում է անել այն, ինչ պարտավոր է: Եթե մի փոքրիկ գյուղում է այսպես, ապա պատկերացրեք, թե դա ինչ ծավալներ եւ ձեւեր է ընդունում մի ամբողջ երկրում: Իսկ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը մտածում է, թե բողոքելը վտանգավոր է կամ նույնիսկ ամոթ: Մեզ մոտ ամոթ են համարում անգամ բարձրաձայնել ակնհայտ օրինախախտումների մասին:

Թվում է, թե արդեն մի քանի տարի է փողոցային պայքարը Հայաստանում չի դադարել, եւ այս իրավիճակում քաղաքացիների ինքնագիտակցումը պետք է որ փոխված լիներ, սակայն պետք է ընդունել, որ պայքարում է ՀՀ քաղաքացիների չնչին տոկոսը, իսկ մնացած մասը սպասում է հրաշքի: Նրանք դժգոհ են, բայց սպասում են հրաշքի: Իհարկե, ցանկացած երկրում շարժիչ ուժը բնակչության 15-20 տոկոսն է, եւ Հայաստանն էլ բացառություն չի կազմում, բայց զարգացած եւ քաղաքակիրթ երկրներում մնացած 80-85 տոկոսը թույլ չեն տալիս, որ իրենց իրավունքները խախտեն:

Անշու՛շտ, Հայաստանում հասարակական գիտակցության մեջ բավական մեծ փոփոխություն կա: Քաղաքացիական շարժումները հենց դրա մասին են վկայում, բայց փոփոխությունների համար ավելի մեծ ակտիվություն է պահանջվում: Հուսադրողն այն է, որ գնալով իրավիճակը դրական առումով փոխվում է, ինչը չի կարող չմտահոգել նրանց, ովքեր կառչած են հնից եւ սարսափում են ժողովրդավարական Հայաստանից եւ ազատ եւ արդար ընտրություններից:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները նվեր եւ նաեւ փորձություն է մեր հասարակության համար: Նվեր այն իմաստով, որ սա հրաշալի հնարավորություն է, յուրօրինակ ցատկահարթակ, որի օգնությամբ մենք կարող ենք մի մեծ քայլ կատարել դեպի առաջընթաց: Իսկ փորձություն է, քանի որ սա քննություն է մեր ազգի համար: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ արժանի ենք ունենալ անկախ պետություն, արժանի ենք ունենալ քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր, որտեղ բարձրագույն արժեքը կլինի մարդը:

Քննությունը հաջող հանձնելու համար պարզապես պետք է մի կողմ նետել բարդույթները, ծուլությունը եւ շարժվել առաջ: Եթե վախենանք պայքարից, եթե վախենանք աշխատանքից, ապա դատապարտված կլինենք ապրել մի երկրում, որը կմնա աշխարհի հզորների բարի կամքի եւ ողորմության հույսին: Մենք չպետք է թույլ տանք, որ վերածվենք ճանապարհների խաչմերուկին նստած քոռ բուի: Մենք արժանի ենք շատ ավելի լավ պետության, որին կհարգեն աշխարհի գերհզորները, եւ որի հետ հաշվի կնստեն տարածաշրջանի բոլոր երկրները:

Առաջին կարեւոր քայլն անելու համար մեզ ընդամենը պետք է անցկացնել այնպիսի ընտրություն, որի արդյունքում ձեւավորվի օրինական խորհրդարան եւ օրինական կառավարություն: Իսկ երբ ունենանք ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան եւ կառավարություն խնդիրները կլուծվեն ավելի արագ, քան կարծում ենք հիմա:

Գեղամ Նազարյան        

Այս խորագրի վերջին նյութերը