Քաղաքական

14.03.2012 17:58


Խաչիկ Մանուկյան. «ՀՀԿ–ի որոշումն ինձ համար կլինի պարտադիր»

Խաչիկ Մանուկյան. «ՀՀԿ–ի որոշումն ինձ համար կլինի պարտադիր»

Մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական, «Մաքս գրուպ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Մանուկյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ երեկ կուսակցության գործկոմի նիստում իրեն սատարել–չսատարելու մասով որոշում չի կայացվել։ Ավելի վաղ Խաչիկ Մանուկյանը հայտարարել էր նույն ընտրատարածքում կրկին առաջադրվելու մտադրության մասին, բայց լուրեր կան, որ ՀՀԿ-ն որոշել է այդ տարածքում սատարել Թալինի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին:

–Ինձ թվում է՝ կուսակցությունն իր որոշման մասին հավանաբար կասի այսօր կամ վաղը։ Ի վերջո, մոտ տաս օր ժամանակ ունենք,–«7օր»–ին ասել է Խ. Մանուկյանը։ Հարցին՝ եթե ՀՀԿ–ն, այդուհանդերձ, որոշի, որ չի սատարելու իրեն, ապա չի՞ առաջադրվի, Խ. Մանուկյանը պատասխանել է.

–Իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում։ Սատարողները շատ են. շատ մարդիկ, կուսակցություններ, թիմեր սատարում են մեկը մյուսին, բայց իմ տարբերակը հետևյալն է՝ ես սատարման խնդիր չեմ տեսնում. պետք է ստանալ ժողովրդի՛ ձայնը։ Ժողովրդի հետ աշխատել ես, շփվել ես, ժողովուրդը գիտի քո հնարավորությունը կամ ուժը, և ժողովո՛ւրդն է ձայն տալու։ Որոշողներն ու սատարողները մի քիչ երկրորդական են դառնում։ Ճիշտ է, դա որոշիչ է, իրենք դեր ունեն, ազդում են ընտրությունների ընթացքի վրա, բայց ամենակարևորը՝ մենք միշտ մոռանում ենք ժողովրդին։ Վերջին հաշվով, ընտրողն է, չէ՞, որոշում՝ ում տա իր քվեն։ Մեծամասնական ընտրություններին կարող են մասնակցել բոլորը, և եթե մեկը մասնակցում է, ուրեմն ինքը գիտի, չէ՞, կարո՞ղ է հաղթել, թե՞ ոչ։ Եթե կուսակցությունը չի սատարելու, ուրեմն իրենք կասեն՝ ինչի համար չեն սատարում։Կա թիմ։ Հիմա ինչ ես ասում եմ, իմ մոտեցումն է, բայց թիմային դաշտում իմ սուբյեկտիվ կարծիքն ընդամենը կլինի կարծիք այդ դաշտում քննարկելու կամ չքննարկելու։ Երբ որ կլինի ՀՀԿ–ի որոշումը, այն ինձ համար կդառնա պարտադիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը