Կարծիք

13.03.2012 10:57


Ժամանակները փոխվում են, իսկ ՀՀԿ-ն մնում է նույնը

Ժամանակները փոխվում են, իսկ ՀՀԿ-ն մնում է նույնը

Վստահաբար կարելի է ասել, որ նրանք, ովքեր հոգու խորքում հույս ունեին, որ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը կարող են հետեւություններ անել մեր երկրում տեղի ունեցած եւ վերջին ամիսներին աշխարհում ընթացող իրադարձություններից, վերջնականապես հասկացան, որ գործող վարչախումբը փոխվելու մտադրություն չունի, եւ որ ծրագրում է ոչ միայն պահպանել իշխանությունը, այլ նաեւ կառավարել հին մեթոդներով:

Նրանք, ովքեր դեռ վստահ են, որ իշխանությունները հետեւություններ են արել նախկինում թույլ տված սխալներից եւ հասկացել են, որ չի կարելի կեղծել ընտրությունների արդյունքները եւ տնտեսությունում պահպանել մենաշնորհները, ճիշտ կանեն, եթե ուշադրությամբ լսեն կամ կարդան ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը:

Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարեւորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը եւ իր ելույթում շրջանցում է Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները եւ հեգնանքով խոսում նրանց մասին, ովքեր մտավախություն ունեն, որ հերթական անգամ ընտրակեղծիքներ կլինեն, նա ապացուցում է, որ ՀՀԿ համագումարը ոչ մի դեպքում չի կարելի կարեւորագույն իրադարձություն համարել: Բայց մի հարցում Սերժ Սարգսյանի հետ չի կարելի չհամաձայնվել` ՀՀԿ-ն իրոք նորօրյա ավանդույթների յուրօրինակ մարմնացում է:

Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում եւ երկրի բոլոր անկյուններում. այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Ամենաուշագրավն այն է, որ նա համոզված է, որ դա շատ լավ է, որ ՀՀԿ-ն ամենուր է: Իրականում դա շատ տխուր է եւ մտորելու առիթ է տալիս:

Ցավոք, երկրի նախագահը եւ նրա խորհրդականները մինչ օրս չեն կարողանում ընդունել, որ վտանգավոր ճոճքերը կասեցնում է պետությունը եւ ոչ թե ինչ որ կուսակցություն, թեկուզեւ իշխող: Իսկ ուր մնացին նախարարությունները, վարչությունները, բանակը կամ ոստիկանությունը, եթե բոլոր խնդիրներն իր ծանրությամբ լուծում է մի կուսակցություն: Իսկ ինչով է տարբերվում ՀՀԿ-ն ԽՄԿԿ-ից: Ստացվում է, որ գործող վարչախումբը կարծում է, թե ԽՄԿԿ-ի ժառանգորդը ՀՀԿ-ն է: Եւ իրենք իրենց ամբողջ գործունեությամբ էլ ամեն ինչ անում են, որ հենց այդպես էլ լինի: Ցավոք, պետք է արձանագրենք, որ շատերը արդեն իսկ այդպես էլ կարծում են: Եթե նախկինում մարդը հասկանում էր, որ լավ աշխատանք ունենալու համար ինքը պետք է անպայման կոմունիստ լինի, ապա հիմա հասկանում են, որ պետք է հանրապետական լինի, իսկ եթե չի հասկանում, ապա նույն ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ նա դա հասկանա:

Իսկապես, մեծ կշիռ պետք է ունենալ, որ քաղաքապետարանի կամ մարզպետարանի, ուսումնական հաստատությունների ղեկավարներին պարտադրես հանրապետական դառնալ: Եւ հիմա պատկերացրեք, թե մեր խեղճ ու կրակ երկրի հետ ինչ կկատարվի մի քանի տարի հետո, եթե հանկարծ մեր երկրում ոչինչ չփոխվի եւ ՀՀԿ-ն շարունակի մնալ մեր երկրի ծանրակշիռ ուժը:   

Մեր երկիրը լուրջ մարտահրավերի առջեւ է կանգնած, քանի որ ՀՀԿ-ն կամ այլ կերպ ասած Սերժ Սարգսյանի թիմը մտադիր են ձեւավորել կառավարություն: Այլ կերպ ասած, նրանք ծրագրել են խորհրդարանում մեծամասնություն կազմել: Իրոք կարելի է սարսափել, եթե մի պահ անգամ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենալու այս երկրում, եթե ՀՀԿ-ն շարունակի հաշվի չնստել մեր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ եւ որոշի ամեն գնով մեծամասնություն ապահովել խորհրդարանում: Սերժ Սարգսյանը չի կարող չիմանալ, թե որքան է այսօր ՀՀԿ-ի կամ իր վարկանիշը, նա չի կարող չիմանալ, թե որքան մարդ է յուրաքանչյուր օր արտագաղթում Հայաստանից, բայց հայտարարում է, թե մտադիր են կառավարություն ձեւավորել:

Սերժ Սարգսյանն ասում է, թե ՀՀԿ-ականները հավատում են, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ եւ պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու եւ զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային եւ ազգային նպատակները: Այդ դեպքում ստիպված ենք հարցնել, թե ինչու է մեր երկիրը հայտնվել մի վիճակում, երբ տարբեր գնահատականներով վերջին չորս տարում Հայաստանից յուրաքանչյուր տարի հեռացել է 30-50 հազար մարդ: Ստացվում է, որ մարդիկ փախչում են ազատությունից: Իրականում մարդիկ հեռանում են ազատության բացակայությունից, հեռանում են հուսալքությունից: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ ուզում է կառավարություն ձեւավորել: Այսքանից հետո մտածում ես, թե ինչ ծանր մեղք է գործել մեր ազգը, որ նման փորձության առաջ է կանգնել:

Սերժ Սարգսյանն ասում է, թե հավատում է, որ հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց նա համառորեն չի նկատում, որ շատ ՀՀԿ-ականներ, որ նախևառաջ իր ընտանիքի որոշ անդամներն այդ մրցակցությունից դուրս են: Այստեղ ստիպված ես մտածել, որ Սերժ Սարգսյանն այնքան միամիտ է, որ կարծում է, թե ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում:

Բարեբախտաբար, ժողովուրդը տեղյակ է, թե ինչ է կատարվում: Տեղյակ է եւ հաստատ թույլ չի տա, որ լինեն ընտրակեղծիքներ եւ ՀՀԿ-ն կառավարություն ձեւավորի: Ժամանակները փոխվել են:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը