Կարծիք

09.03.2012 09:47


Հետադիմական ուժերի վերջին գրոհը

Հետադիմական ուժերի վերջին գրոհը

Մի քանի շաբաթ անց արդեն պարզ կլինի, թե դեպի ուր է շարժվում Հայաստանը: Ընդ որում, գոյություն ունի ընտրության երկու ճանապարհ: Մենք կարող ենք շարժվել կամ դեպի առաջընթաց կամ կործանում տանող ճանապարհով: Այս դեպքում երրորդ տարբերակ գոյություն չունի: Անշուշտ, մեկ ընտրությամբ եւ մեկ օրում բոլոր հարցերը չեն լուծվելու, բայց մեր քվեարկությամբ մենք կամ դնելու ենք Նոր Հայաստանի հիմքերը կամ ստորագրելու ենք մեր երկրի կործանման դատավճռի տակ:

Ես, հիմք ընդունելով իրականությունը, տեղի ունեցող գործընթացները, տրամադրված եմ լավատեսորեն: Այսուհանդերձ, մի պահ կանգ առնենք եւ փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե մենք ձախողենք նաեւ այս ընտրությունները, այլ կերպ ասած, կրկին մի կողմ քաշվենք եւ ընտրակեղծարարներին թույլ տանք անել իրենց սեւ գործը: Առանց վարանելու կարող ենք ասել, որ եթե չձեւավորվի ժողովրդի վստահության քվեն ունեցող խորհրդարան եւ Ազգային ժողով, ապա արտագաղթը կշարունակվի ավելի մեծ տեմպերով: Սրանից մենք չենք կարող խուսափել: Իսկ երբ արտագաղթը վտանգավոր մասշտաբների է հասնում, ապա երկիրը հայտնվում է մի վիճակում, երբ ամենամեծ ցանկության դեպքում էլ այլեւս հնարավոր չի լինում ապահովել նորմալ կենսագործունեությունը:

Եւ այս իրավիճակում, եթե կառավարությունը փորձի էլ փոխի իրավիճակը, ապա ոչնչի չի կարող հասնել, քանի որ կեղծիքների վրա հիմնված խորհրդարանն ու կառավարությունը ի վիճակի չեն այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք կնպաստեն երկրի առաջընթացին: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կարելի է շարունակել այնպես, ինչպես նախկինում, ապա չարաչար սխալվում են, քանի որ այսպես շարունակվելու դեպքում մենք կկորցնենք ՀԱՅաստանը: Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ արտագաղթողների տեղը վաղ, թե ուշ լցվելու է: Երկար մտածել պետք չէ, որ հասկանանք, թե ովքեր են լրացնելու այդ բացը: Այնպես որ, նրանք, ովքեր երազում են, որ մեր երկրի ժողովրդագրական պատկերը լինի այնպիսին, ինչպիսին էր 1799 թվականին, ապա կարող են բութ արտահայտություններով կեղծել ընտրությունների արդյունքները եւ գողանալ ժողովրդի քվեն՝ նրան զրկելով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքից:

Մենք հազարամյակի մարտահրավերներին կարող ենք դիմակայել բացառապես ժողովրդավարությամբ եւ առաջընթացով: Մենք այլեւս իրավունք չունենք մտածել, թե ինչ էլ լինի, միեւնույնն է Ռուսաստանը կամ Ֆրանսիան թույլ չեն տա, որ մենք կործանվենք: Այսպես մտածելն ու գործելն իսկական հանցագործություն են:

Մենք դեռ բավարար ներուժ ունենք իրավիճակը փոխելու համար: Մենք մեր բոլոր թերություններով հանդերձ ի վիճակի ենք այնպիսի երկիր կառուցել, որտեղ մարդն իրեն ստորացված եւ նվաստացած չզգա: Առաջին քայլը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Սա աքսեոմա է: Սա ապացուցման կարիք չի զգում:

Մենք գիտենք, որ հետադիմական ուժերն արդեն իսկ սկսել են հուսալքություն սերմանալ ընտրողների շրջանում, հայտարարելով, թե բոլոր կուսակցություններն ու դաշինքները նույնն են, եւ որ ժողովուրդն էլի վատ է ապրելու ով էլ որ հաղթի ընտրություններում: Պետք է ամեն ինչ անել, որ այս սերմերը ծիլեր չտան: Ամեն ինչ պետք է անել, որ հուսալքության սերմերը գետնին ընկնելով անմիջապես չորանան եւ դրանց տերերը հասկանան, որ այլեւս անհնար է խաբել ժողովրդին եւ շահագործել նրան:

Առաջընթացի համար անհրաժեշտ է առողջ եւ իր վաղվա օրվան հավատացող մարդ: Առանց այդ մարդու որեւէ ծրագիր հնարավոր չի լինի կյանքի կոչել: Առանց այդ մարդու զարգացում չի կարող լինել: Այնպես որ, բոլոր առողջ ուժերը պետք է ամեն ինչ անեն այդ մարդուն փրկելու եւ պահպանելու համար:

Գեղամ Նազարյան       

Այս խորագրի վերջին նյութերը