Քաղաքական

06.03.2012 10:40


Այվազյան. «Կնոջ բազար» է», Համբարձումյան. «Կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս»

Այվազյան. «Կնոջ բազար» է», Համբարձումյան. «Կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս»

«7օր»–ը փորձել է պարզաբանում ստանալ գործարար Սիլվա Համբարձումյանի վերաբերյալ ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանի հայտարարությունների կապակցությամբ։ Սիլվա Համբարձումյանի մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը «7օր»–ին փոխանցել է, որ «Երկիր» թերթին տված հարցազրույցում Սիլվա Համբարձումյանն ամեն ինչ ասել է, և առայժմ որևէ բան ավելացնելու կարիք չկա։

Հիշեցնենք՝ գործարարը հայտարարել էր, որ ՀՀԿ–ական Վարդան Այվազյանն իրեն պարտք է, ինչը վերջինը հերքել է.

«Սիլվան ա, էլի, ինչ ուզի` կասի։ Եթե բան ա ուզում ասի, թող գա կանգնի, ինձ ուղիղ ասի։ Ոնց նայում եմ, հանրապետության կեսը Սիլվային պարտք ա: Եթե հայտարարում ա, որ ես էլ եմ իրեն պարտք, թող գոնե պարտքը վերցնելու տարեթիվն էլ ասի։ Համ ուզում է ՀՀԿ մտնել, համ էլ ՀՀԿ-ին դատի է տալիս: ՀՀԿ-ին Սիլվաները չեն կարող սպառնալ»,–ասել է Վ. Այվազյանը՝ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը որակելով «կնոջ բազար»։

Ի պատասխան՝ Սիլվա Համբարձումյանը պնդել է, որ Վարդան Այվազյանն իրեն 500 հազ. ԱՄՆ դոլար է պարտք եղել, քիչ–քիչ մարել է, բայց 70 հազ. դոլար դեռ մնացել է։ Այդ պարտքն էլ գոյացել է նրանից, որ Համբարձումյանն Այվազյանից հանք է գնել, որի տարածքը և անունը իրար չեն համապատասխանել, սակայն երբ հանքը հետ է տվել, Այվազյանն իրեն ամբողջ գումարը չի վերադարձրել։

«Բազմաթիվ անգամներ թե՛ իրեն, թե՛ իր վարորդին տեսել եմ, վերջերս էլ տեսա, ասաց՝ գնամ Վրաստան, Չինաստան, գամ՝ կտամ։ Պրինցիպի հարց է. կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս»,–ասել է Սիլվա Համբարձումյանը՝ ընդգծելով, որ հիմա՛ է այդ մասին խոսում, քանի որ իր համբերության բաժակը լցվել է։

Ինչ վերաբերում է Այվազյանի դիտարկմանը, թե՝ ոնց նայում եմ, հանրապետության կեսը Սիլվային պարտք ա, գործարարը նկատել է.

«Այվազյանը լավ էլ մեծ կարծիք ունի իր մասին և կարծում է, որ ինքը հանրապետության կեսն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը