Աշխարհ

14.05.2009 11:38


Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան շարունակում է պանթուրքիստական քաղաքականությունը»

Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան շարունակում է պանթուրքիստական քաղաքականությունը»

Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի վարչապետի վերջին մի քանի հայտարարություններն արդյոք ներքին օգտագործման համար են։

-Կարելի է մեկնաբանել, որ այո՛, դա արվել է նաև միջազգային լսարանի համար։ Պետք է ուշադրություն դարձնել նաև, որ դա Էրդողանի պահվածքին հատուկ է, և այդ հակասությունները, որ երբեմն նկատվում են Թուրքիայի իշխանության վերին օղակներում, սովորական երևույթ են։ Սա առաջին դեպքը չէ,- «7օր»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

–Եթե հաշվենք, որ Ադրբեջանն էլ է ներքին լսարան, այդպիսի կարծիք կարող է լինել, սակայն կարծում եմ, որ Թուրքիայի պես պետության վարչապետի նման հայտարարությունը միայն ներքին լսարանի համար համարելը այդքան էլ ճիշտ չէ։

Ռուբեն Մելքոնյանի հավաստմամբ, այդ հայտարարությունները կարող են նշանակել, որ թուրքական դիվանագիտությունը շարունակում է իր հաղթարշավը, և օգտագործում է բոլոր միջոցները, որոնք իրեն օգուտ կբերեն։

- Դա կարող է նաև նշանակել, որ Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել, այլև շարունակում է հստակ պանթուրքիստական երանգներ ունեցող քաղաքականությունը, քանի որ Ադրբեջանը, որքան էլ համարվի եղբայրական երկիր, այնուամենայնիվ երրորդ մի երկիր է, անկախ մի հանրապետություն։ Երկու երկրների հարաբերությունները երրորդ պետությունով պայմանավորելը միջազգային լսարանի համար ընկալելի չի կարող լինել։ Դա կարող է բացատրվել նաև պանթուրքիստական գաղափարախոսության ազդեցությամբ։

Թուրքագետն ասում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է պատրաստ լիներ նման պատասխանների. «Կարծում եմ, որ մեր զինանոցում պետք է լինեն համապատասխան հակաքայլեր»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ղարաբաղյան հարցում Թուրքիան բանակցային կողմ դառնա, պարոն Մելքոնյանը պատասխանեց.

-Հնարավոր է,  որ նա նման ցանկություն ունենա, սակայն որքան ինձ է հայտնի, մեր կողմի համար Թուրքիայի պաշտոնական մասնակցությունը բանակցային գործընթացին ընդունելի չէ։ Մեզ համար ընդունելի է մնում Մինսկի խմբի ձևաչափը։ Մեզ համար դա ձեռնտու տարբերակ չի, քանի որ Թուրքիան չի կարող համարվել անկողմնակալ երկիր, և եթե նա մտնի  բանակցային  գործընթացների մեջ, ապա թուրքական ուժը կկրկնապատկվի։ Եվ մենք կունենանք ոչ թե մեկ հակառակորդ՝ ի դեմս Ադրբեջանի, այլ նաև մեկ այլ հզոր հակառակորդ՝ արդեն դե յուրե, ի դեմս Թուրքիայի։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը