Լրահոս

13.05.2009 20:05


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներին

Համահայկական հերթական խաղերը կանցկացվեն առաջիկա օգոստոսին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է խոսել մի այնպիսի կարևոր ու գեղեցիկ միջոցառման մասին, ինչպիսին համահայկական խաղերն են: «Անկեղծորեն ուրախանում եմ, երբ տարբեր մարդկանցից լսում եմ հերթական համահայկական խաղերի մասին: Դա նշանակում է, որ համահայկական խաղերն արդեն կայացած իրողություն են և պատմություն ունեն», -ընդգծել է երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք շարունակական կլինեն: Ըստ Սերժ Սարգսյանի, այդ խաղերը նախաձեռնվել են մի շատ կարևոր գաղափարի ներքո. այն է՝ «միասնություն սպորտի միջոցով»: Նշելով, որ սա չափազանց էական հանգամանք է, Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներից յուրաքանչյուրին՝ ներդրած ջանքերի համար և ընդգծել, որ Հայրենիք-Սփյուռք կապերն առարկայանում են նաև այսպիսի միջոցառումների շնորհիվ:

Հիշելով վերջին համահայկական խաղերը, Նախագահն ասել է. «Կարծես մի նոր ոգի, եռանդ է մտնում Հայաստան, Երևան և դա նկատելի է նույնիսկ փողոցներում: Ուրախալի է, որ մենք օլիմպիական կարգախոսից արդեն անցնում ենք նաև սպորտային ցուցանիշների: Տարեցտարի մրցումները դառնում են շատ ավելի սկզբունքային, մասնակիցները ցանկանում են նաև սպորտային արդյունքների հասնել: Սա մեր ազգին բնորոշ հատկանիշ է. եթե մի գործով զբաղվում ես, ապա այդ գործում պետք է հաջողության հասնես: Այս խաղերը շատ լավ խթան ու հարթակ են նաև մեր այն մարզիկների համար, ովքեր շատ են սիրում սպորտը, զբաղվում են սպորտով, բայց ի վիճակի չեն միջազգային ասպարեզում մեր երկիրն ու ժողովրդին ավելի ճանաչելի դարձնել»:

Հանրապետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել լսել նաև հանդիպման մասնակիցների առաջարկություններն ու ցանկությունները: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նշել է, որ համահայկական խաղերի հետ կապված կազմակերպական բոլոր խնդիրները լուծված են:

Զրուցակիցները հատկապես կարևորել են սպորտի մասսայականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Երկրի ղեկավարը նշել է, որ Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին այդ առումով հսկայական գործ է արվել, Երևանում և Հանրապետության մարզերում վերանորոգվել են մարզադպրոցները և այդ աշխատանքները շարունակվելու են:

Սփյուռքի մեր հայրենակիցների խնդրանքով Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ծավալված քաղաքական երկխոսությանը:

Այս խորագրի վերջին նյութերը