Կարծիք

22.02.2012 17:51


Առաջընթացն այլընտրանք չունի

Առաջընթացն այլընտրանք չունի

Վերջին օրերին հանրության ուշադրությունը բևեռվել է Մաշտոցի պուրակ, որտեղ կառուցվում են առևտրի տաղավարներ: Անկասկած, քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները որքան էլ փորձեն համոզել, թե կրպակները կառուցվում են կանաչ տարածքից դուրս, միևնույն է, պուրակում առևտրի տաղավարների կառուցումն արդեն իսկ անընդունելի է: Բացի այդ, շինարարությունը սկսվել է առանց հանրային քննարկման, որը ևս ճիշտ չէ։  

Անշուշտ, ողջունելի է բնապահպանների պայքարը: Նրանք բացառապես գովեստի են արժանի: Այս օրերին համառ լուրեր են տարածվում, թե շինարարությունը սկսվել է միայն նրա համար, որ դրա դադարեցման դեմ հանդես գան որոշ մտավորականներ, որոնք հետո արդեն պետք է հայտարարեն իրենց աջակցությունը ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա, միևնույն է, այս իրավիճակում պետք է կանգնել նրանց կողքին, ովքեր մտահոգված են մեր մայրաքաղաքի ներկայով և վաղվա օրով, իսկ թե ոմանք ինչ չար կամ բարի նպատակներ են հետապնդում, արդեն երկրորդական հարց է: Բացի այդ, անկախ նրանից, թե որ մտավորականը կամ երգիչը կոչ կանի քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ժողովուրդն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, և հազիվ թե այս կամ այն երգչի կամ դերասանի կոչով մոռանա այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում: Չկա այնպիսի մտավորական, որը կարողանա մարդկանց ստիպել մոռանալ այն տնտեսական քաղաքականությունը, որն իրականացրեց գործող վարչախումբը:

Այնպես որ, այս իրավիճակում պետք է կանգնել բնապահպանների և բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են Հայաստանի առաջընթացի համար: Եվ կարելի է ներողամիտ գտնվել այն միամիտ բնապահպանների նկատմամբ, ովքեր կոչ են անում չքաղաքականացնել այս ամենը: Բնապահպանները և ՀՀ մյուս քաղաքացիները պետք է հասկանան, որ գրեթե յուրաքանչյուր խնդիր, որը լուծման կարիք է զգում, վերջին հաշվով քաղաքական հարց է: Համաձայնվե՛ք, որ եթե լիներ քաղաքական համապատասխան որոշում, ապա պուրակում շինաշխատանքներ չէին ընթանա, իսկ անտառներն էլ չէին հատվի մի քանի հանքի շահագործման համար:

Ողջունելով բնապահպաններին՝ միաժամանակ պետք է շեշտել, որ այս խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կոնկրետ և արմատական քայլեր ձեռնարկել երկրում առկա իրավիճակը փոխելու համար: Եթե մենք ջայլամի կեցվածք ընդունենք և ձևացնենք, թե չենք հասկանում՝ ինչու և ում հրամանով են վերացվում կանաչ տարածքները, ապա, մեղմ ասած, կհայտնվենք հիմար իրավիճակում: 

Երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, որից հետո բնապահպանները կկարողանան զբաղվել ավելի գլոբալ խնդիրներով, իսկ ծննդաբերող կանայք էլ ստիպված չեն լինի գիշերը լուսացնել աղմուկի ներքո միայն այն պատճառով, որ երիտասարդ քաղաքապետը համառորեն չի ցանկանում ընդունել, որ պուրակը, այն էլ՝ ծննդատան հարևանությամբ, չի կարելի վերածել առևտրի գոտու:

Եթե չկարողանանք ձևավորել ժողովրդի քվեն ունեցող իշխանություններ, ապա կանաչապատ տարածքների ոչնչացումը կշարունակվի: Վստա՛հ եղեք, որ կխորանան նաև բոլոր այն խնդիրները, որոնց բախվում է ՀՀ քաղաքացին: Եթե ոչինչ չփոխվի, ապա Տիգրան Սարգսյանը նույն հաջողությամբ կշարունակի ոչնչացնել գործարար աշխարհը և կշարունակի կերտել, այսպես կոչված, «Հայկական աշխարհը» և այդ շրջանակներում էլ մի օր կարող է հայտնվել ՀՀ մի քաղաքացու տանը և տան տիկնոջը բացատրել, որ նա և ընտանիքի մյուս անդամները լավ չեն ապրում, քանի որ ամանները ճիշտ չեն լվանում:

Խորհրդարանական ընտրությունները մեզ հրաշալի հնարավորություն են տալիս առանց ավելորդ և անցանկալի ցնցումների սկսել բարեփոխումները: Նույն բնապահպանները, եթե իրոք ցանկանում են փրկել մեր բնությունը, եթե իսկապես մտահոգ են կանաչ տարածքների կրճատմամբ, բոլորի հետ մեկտեղ պետք է ակտիվորեն մասնակցեն խորհրդարանական ընտրություններին և անեն ամեն ինչ, որ վերջապես մեր երկիրը բռնի առաջընթացի ճանապարհը: Իսկ եթե բնապահպանները կողքի քաշվեն՝ ասելով, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, ապա մի օր քաղաքականությունը կզբաղվի նրանցով:

Միամտություն է կարծել, որ գործող իշխանությունները կարող է մի օր փոխեն իրենց դիրքորոշումը կարևորագույն հարցերի նկատմամբ: Միամտություն կլինի կարծել՝ մի օր կարող է հասկանան, որ մի քանի տոննա պղինձը ոչինչ է մեր բնության համեմատ: Մի խոսքով, ինքնախաբեությամբ զբաղվելով՝ մենք ծանր հարված ենք հասցնում նաև մեր երկրին: Իսկ մեր երկիրն այսօր գտնվում է ծանրագույն իրավիճակում: Եթե հուսահատված և ամեն օր անարդարության հետ բախվող հայ մարդը գրեթե ամեն քայլափոխի մտածում է արտագաղթելու մասին, ապա ավելի քան պարզ է, որ մենք պետք է օր առաջ սկսենք Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու գործընթացը:

Եթե գտնվեն, այսպես կոչված, մտավորականներ, այսպես կոչված, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք հանուն իրենց շահի ոտնատակ կտան հայրենիքի շահը և կոչ կանեն քվեարկել այն վարչախմբի օգտին, որի պատճառով յուրաքանչյուր օր Հայաստանից արտագաղթում է առնվազն 150 մարդ, ապա դա իրենց խղճի գործն է, բայց այդ կոչերն այսօր այլևս որևէ կերպ չեն կարող փրկել հետադիմական ուժերին: Հայաստանը փոփոխությունների կարիք է զգում, և այդ փոփոխություններն անպայման կլինեն: Առաջընթացն այլընտրանք չունի: Մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որի օրոք նման թատրոն, ինչպին տեղի է ունենում հիմա, այլևս չի լինի: Նոր Հայաստանում այլևս կեղծ արժեքներ չեն կարող լինել, և մտավորականներն ու երգիչներն էլ պատվերով բնապահպան կամ նժդեհական չեն դառնա:

Գեղամ Նազարյան      

Այս խորագրի վերջին նյութերը