Տնտեսական

13.05.2009 17:32


Կարագի շուկայի գերիշխողը փոխվել է

Կարագի շուկայի գերիշխողը փոխվել է

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին կարագի շուկայի կառուցվածքի, կարագի եւ բուսական յուղի շուկաներում հարուցված վարույթների արդյունքների, փոխկապակցված տվյալների փոխանցման ցանցերից հասանելի .am տեղեկատվական համակարգի կառավարման ոլորտի ուսումնասիրությունների մասին եւ այլ հարցեր:

«Ալեքս Գրիգը» կարագի շուկայի նոր գերիշխողն է

Հանձնաժողովն ուսումնասիրել է կարագի շուկայի կառուցվածքը: 2004 թ. գործունեության արդյունքներով, շուկայում գերիշխող է եղել «Ֆլիտֆուդը», որն այնուհետեւ կորցրել է իր դիրքը եւ գերիշխող է ճանաչվել «Մառնիկ» ընկերությունը:

Ըստ ուսումնասիրությունների, 2008 թ. շուկայում գործել է 23 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 14-ը զբաղվել է ներկրմամբ, 7-ը՝ արտադրությամբ (2-ը նաեւ ներկրմամբ): Նույն տարում վերոհիշյալ 7 տնտեսվարողների կողմից արտադրվել է 211,4 տոննա կարագ: Առավել մեծ արտադրության ծավալ են ունեցել «Դուստր Մարիաննա» (կարագի ընդհանուր արտադրության ծավալի 72,25 տոկոսը), «Աշտարակ Կաթ» (18,26 տոկոս) եւ «Երեւանի քաղաքային կաթի գործարան» (5,1 տոկոս) ընկերությունները: Ներկրման առավել մեծ ծավալներ են ունեցել «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 2576,6 տոննա,  «Մառնիկը»՝ 559,2 տոննա, «Սալեքս Գրուպը»՝499,0 տոննա եւ «Վալլետտան»՝ 425,7 տոննա ծավալներով: Շուկայի իրացման ծավալը կազմել է 4 143,8 տոննա:

Շուկայում 2008 թ. իրացման ծավալներով «Ալեքս Գրիգը»՝ 47,85 տոկոս բաժնով, ունի գերիշխող դիրք: «Մառնիկը»՝ 11,91 տոկոս իրացման ծավալով, կորցրել է գերիշխող դիրքը: Շուկան ունի բարձր կենտրոնացվածության աստիճան.իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտների բաժինները միասին կազմել են 84,1 տոկոս:

Օրենքի համաձայն, Հանձնաժողովն այսօր «Ալեքս Գրիգ» ընկերությանը համարեց գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում: «Մառնիկը» հանվեց գրանցամատյանից, քանի որ կորցրել է իր գերիշխող դիրքը:

 Կարագի շուկայում վարույթը դադարեցվեց

Հանձնաժողովի մոնիտորինգի համաձայն, 2009 թ. մարտի 3-5-ը դրամի փոխարժեքի տատանումների պատճառաբանությամբ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արձանագրվել են կարագի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովը վարույթ է հարուցել հնարավոր հակամրցակցային համաձայնությունների կամ մրցակցության կանոնների հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:

Վարույթի ընթացքում պարզվել է, որ ըստ կարագի շուկայում գործող տնտեսվարողների ներկայացրած տվյալների, շուկայում գործող 23 տնտեսվարողներից 10-ը 2009 թ. փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում կարագի իրացում չեն կատարել, իրացնող 11տնտեսվարողներից գնաճ է նկատվել 3-ի մոտ. «Ալեքս Գրիգ» (իրացման բաժինը 47,85%)՝ 2,76 տոկոսով, «Մառնիկ»  (իրացման բաժինը 11,9%)՝ 10 տոկոսով եւ «Ակտասակ» (իրացման բաժինը 0,03 %)՝ 17,24 տոկոսով:

Ամփոփելով ուսումնասիրության եւ մոնիտորինգի արդյունքները՝ Հանձնաժողովը պարզել է, որ 2009 թ. մարտի 3-5-ը կարագի իրացման գների բարձրացումներ արձանագրվել են հիմնականում իրացման մանրածախ ցանցում, իսկ արդեն մարտի երկրորդ կեսից  տարադրամի շուկայում աժիոտաժի, խուճապային տրամադրությունների վերացումից եւ փոխարժեքի կայունացումից հետո նկատվել է կարագի իրացման գների նվազում: Հանձնաժողովը դադարեցրեց վարույթը, ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն Պետական եկամուտների կոմիտեին:

Բուսական յուղի շուկայում վարույթը դադարեցվեց

Հանձնաժողովը բուսական յուղի շուկայում վարույթ է հարուցել 2009 թ. մարտի 3-5-ը դրամի փոխարժեքի տատանման պատճառաբանությամբ մի շարք տնտեսվարողների կողմից բուսական յուղի իրացման գների բարձրացումների հիմնավորվածությունը կամ մրցակցության կանոնների հնարավոր խախտումները պարզելու նպատակով:

Վարույթի ընթացքում հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ, փաստացի, 2009թ. փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բուսական յուղ ներկրող եւ իրացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից չի իրականացվել միանման եւ միասնական գնային քաղաքականություն. նշված ժամանակահատվածում բուսական յուղի շուկայում գործող տնտեսվարողների կողմից կիրառվող գները մի մասի մոտ մնացել են անփոփոխ, որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ նվազել են, իսկ որոշ դեպքերում աճել են, ընդ որում՝ տարբեր տոկոսով, տարբեր օրերի եւ տարբեր պատճառաբանությամբ:

Հանձնաժողովի կողմից Երեւանի վաճառակետերում իրականացրած բուսական յուղի իրացման գների դիտարկման արդյունքների համաձայն, 2009 թ. մարտի 3-5-ը որոշ վաճառակետերում նկատվել է բուսական յուղի գների բարձրացում միջինը՝ 19 տոկոսով: Սակայն մարտի 30-ի դրությամբ բուսական յուղի իրացման գները որոշակի չափով նվազել են մարտի 5 -ի գների նկատմամբ, բայց մնացել են բարձր՝ մարտի 2-ի գների նկատմամբ: Դիտարկվող վաճառակետերում 2009թ. մարտի 30-ին ամրագրված գների բարձրացումը 2009թ. մարտի 2-ի գների համեմատ կազմել է 2-19 %:

Հանձնաժողովի գնահատմամբ, բուսական յուղի գների բարձրացումն ու տատանումը ձեւավորվում է նաեւ վաճառակետերում գնագոյացման արդյունքում: Հանձնաժողովը դադարեցրեց վարույթը, ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն Պետեկամուտների կոմիտեին:

ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը