Կարծիք

19.02.2012 21:47


Փոփոխություն– ներից չենք կարող խուսափել

Փոփոխություն– ներից չենք կարող խուսափել

Մեր միակ ռեսուրսը արագությունն է. մենք պետք է արագ զարգանանք: Այս խոսքերի հեղինակը վարչախմբի ներկայացուցիչներից մեկն է: Ամենայն հավանականությամբ, զարգացում ասելով վարչախումբը նկատի ունի այնպիսի ընտրություններ, որը տեղի ունեցավ Հրազդանում: Իսկ արագություն ասելով, նկատի ունեն ավելի քան արագ տեմպերով շարունակվող արտագաղթը:

Չի կարելի բացառել նաեւ, որ արագություն ասելով վարչախումբը նկատի ունի կանաչ տարածքների վերացումը կամ մանր եւ միջին բիզնեսի լիակատար ոչնչացումը: Ամեն ինչ այս վարչախմբից կարելի է սպասել: Իսկ զարգացում ասելով էլ, ամենայն հավանականությամբ, նկատի ունեն Վարդանանց տոնին ձյունացեխախառն փողոցներով հանրապետականների դրոշներով քայլելը:

Այս ամենը հերթական անգամ հուշում է, որ երկրում ավելի քան երբեք հասունացել է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ավելին, վարչախմբի իրականացրած քայլերը, վարչախմբի ներկայացուցիչների արած հայտարարությունները ապացուցում են, որ նրանք այլեւս կորցրել են կառավարման թելը եւ այլեւս չեն կարողանում կառավարել հին մեթոդներով: Տեղի ունեցած մի քանի  խորհրդանշական իրադարձությունները վկայում են այն մասին, որ գործող իշխանություններն իրենց ամբողջովին սպառել են եւ պետք է հեռանան:

Այսպես,  ստորագրվում են հայ-թուրքական արձանագրություններ, որը գովերգվում է իշխանությունների եւ նրանց լիակատար վերահսկողությաւն տակ գտնվող լրատվամիջոցների կողմից: Քիչ էր մնում գործը հասներ նրան, որ Հ1-ով հնչեին թուրք երգիչների կատարումները: Հետո պարզ դարձավ, որ արձանագրությունները թուրքերը չեն ցանկանում վավերացնել, եւ որ հայկական կողմին անհարմար դրության մեջ են դրել: Դրանից հետո նույն լրատվամիջոցները, որոնք գովերգում էին արձանագրությունները, սկսեցին պնդել, թե մեր իշխանություններն ավելի քան համոզված էին, որ արձանագրությունները չեն ստորագրվելու, եւ որ հենց դա էլ մեծ հաղթանակ էր եւ սկսեցին քննադատել եւ ամոթանքի սյունին գամել Թուրքիային: Հավատացեք, նման բան պատահում է իրեն սպառած վարչախմբի հետ:

Մենք չենք մոռացել նաեւ «երկխոսությունը»: Երբ ՀԱԿ-ը միամտություն ունեցով եւ սկսեց երկխոսել վարչախմբի հետ, այդ ժամանակ վարչախմբին սպասարկող լրատվամիջոցները ձոներ էին նվիրում այդ «երկխոսությանը», իսկ երբ այն այլեւս վարչախմբի առաջնորդներին պետք չէր, սկսեցին բոլորովին այլ տեսնակյունից նայել այդ գործընթացին, իսկ վարչախմբի ներկայացուցիչներն էլ սկսեցին քամահրանքով խոսել Կոնգրեսի ղեկավարների մասին: Վստահաբար կարելի է ասել, որ նման պահվածք է որդեգրում թույլ եւ իրեն սպառած իշխանությունը:

Իսկ հիշում եք, թե ինչպես իրեն քննադատած կին գործարարին ապտակեց Սյունիքի մարզպետը: Հիշում եք, թե ինչպես արձագանքեցին այդ միջադեպին վարչախմբի ներկայացուցիչները: Մարզպետը ապտակեց գործարարին եւ պահպանեց իր պաշտոնը: Չգիտես ինչու, այս անգամ ապտակելն այլեւս անհանդուրժելի չէր գործող նախագահի համար այնպես, ինչպես այն ժամանակ, երբ իրեն նման արարք էր թույլ տվել այն ժամանակվա Երեւանի քաղաքապետը: Իսկ երբ նման երկակի չափանիշներ են կիրառվում, երբ խուլիգան մարզպետը չի պատժվում, դա նշանակում է, որ ավելի քան մոտ է վարչախմբի անկումը:

Չենք մոռացել նաեւ, թե ինչպիսի ընտրություններ են խոստացել անցկացնել իշխանության ներկայացուցիչները: Խոստանալը` խոստացել են, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հրազդանում, վկայում է այն մասին, որ գործող իշխանությունների հույսը ընտրակեղծիքն է եւ հինգ հազար դրամը:

Եւ վերջապես, այն ինչ տեղի է ունենում Մաշտոցի պուրակում, այն պահվածքը, որ դրսեւորել են իշխանությունները, այն խայտառակությունը, որ տեղի է ունենում մայրաքաղաքի գլխավոր ծննդատան մատույցներում, ևս վկայում է այն մասին, որ վարչախումբն իրեն ամբողջովին սպառել է: Նրանց, ամենայն հավանականությամբ, թվում էր, որ գործ ունեն խեղճ ու կրակ մի ժողովրդի հետ։ Նրանք այդպես էլ չհասկացան, որ գոյություն ունի հասարակության մի շերտ, որն այլեւս չի պատրաստվում հանդուրժել մի խումբ ագահ եւ հայրենիքի ապագայով բոլորովին չհետաքրքրվող մարդկանց գործելաոճը:

Բնապահպանները քաղաքապետարանին ավելի քան պարզ հարցեր են ուղղում, որոնք մնում են անպատասխան, իսկ հարցերին չի պատասխանում միայն թույլ եւ իրեն սպառած վարչախումբը: Եւ վերջին հաշվով մեզ բոլորիս համար ամոթ է ունենալ այնպիսի իշխանություն, որի խոսքը գործի հետ երբեք դաշինքի մեջ չի մտնում: Ժամանակն է, որ ամեն ինչ ընկնի իր տեղը, հակառակ դեպքում Երեւանում ոչ միայն կանաչ տարածք չի մնա, այլ նաեւ այնքան մարդ չի մնա, որ ապահովեն քաղաքի եւ երկրի նորմալ կենսագործունեությունը:

Փոփոխությունները թակում են մեր դուռը, իսկ մեզ մնում է միայն բացել դռները:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը