Լրահոս

13.05.2009 15:19


Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը

Հարգելի ընտրող.

Սա մեր երկրում քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգը արմատապես փոխելու և առողջացնելու Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրն է: Խոստովանենք, այլևս հնարավոր չէ այսպես շարունակել: Ձեր կյանքն օրեցօր վատանում է: Ավելի ու ավելի դժվար է դառնում օրվա հացը վաստակելը: Ամեն քայլափոխի խախտվում են ձեր օրինական իրավունքները, վիրավորում արժանապատվությունը, մինչդեռ այսօրվա Հայաստանում իշխողների ապօրինությունները և կամայականությունները ավելի ու ավելի սանձարձակ են դառնում:

Այս ամենը հետևանք է Հայաստանում ստեղծված արատավոր քաղաքական և տնտեսական համակարգի, ինչը վարչախմբին թույլ է տալիս ժողովրդից բռնազավթած իշխանությունը ապօրինաբար պահել իր ձեռքում և օգտագործել որպես անձնական հարստացման միջոց : Ներկա համակարգից շահում են միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները և իշխանությունների մերձավոր մի քանի ներմուծող օլիգարխներ: Ձեռք բերելով ապօրինի մենաշնորհներ և արտոնություններ, ազատ լինելով մրցակցությունից՝ նրանք կամայականորեն բարձրացնում են ժողովրդական սպառման ապրանքների գները, ստանում գերշահույթներ, անխնա կեղեքում ժողովրդին: Գերշահույթների զգալի մասը յուրացվում է իշխող վարչախմբի կողմից, մի մասը ուղղվում ընտրակեղծիքների միջոցով իշխանության վերարտադրմանը:

Միայն ժողովրդի կամքն արտահայտող հզոր ժողովրդավարական շարժումը կարող է կազմաքանդել արմատացած այս արատավոր համակարգը, քանի որ միայն ժողովրդի աջակցությամբ ձևավորված իշխանությունն է ի վիճակի պաշտպանել ժողովրդի շահերը, վերացնել օլիգարխիայի ապօրինի մենաշնորհները, հաստատել օրինականություն և հավասար մրցակցության դաշտ: Դա անմիջապես կառողջացնի գործարար միջավայրը, կսանձի գները, կստեղծի տասնյակ հազարավոր աշխատատեղեր և կթեթևացնի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը:

Այդպիսի համաժողովրդական շարժում ձևավորվեց 2008 թվականի փետրվարյան նախագահական ընտրությունների ժամանակ: Ճիշտ է՝ ընտրությունները կեղծվեցին վարչախմբի կողմից, իսկ ժողովրդական բողոքը փորձեցին խեղդել արյան մեջ: Սակայն, հակառակ իշխող ռեժիմի կիրառած բոլոր հալածանքներին և հետապնդումներին, հակառակ այն իրողության, որ այսօր էլ 55 քաղբանտարկյալներ պահվում են բանտերում, Համաժողովրդական Շարժումը հզորացավ, և այսօր ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի ներկայանում է որպես Հայաստանի միացյալ ընդդիմություն՝ միավորելով 18 կուսակցություններ, տասնյակ հասարակական կազմակերպություններ և տասնյակ հազարավոր անհատ անդամների:

Մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ հնարավորություն են ստեղծում հիմնովին շտկելու 2008-ի փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների և մարտի 1-ի սպանդի կործանարար հետևանքները, իրագործելու Շարժման նպատակները:

Այս ընտրություններում հաղթանակի պարագայում Հայ Ազգային Կոնգրեսն իրագործելու է ամբողջ Հայաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգի արմատական վերափոփոխում՝ այդ վերափոխման սկիզբը դնելով Երևանից: Ուստիև Հայ Ազգային Կոնգրեսի՝ ձեզ ներկայացվող ծրագիրը կազմված է երկու մասից: Առաջինը՝ Քաղաքական ծրագիրը, որը Երևանում միացյալ ընդդիմության հաղթանակի միջոցով այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, հավաքների և խոսքի ազատությունների վերականգնմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը և վերափոխմանը: Երկրորդը՝ Երևանի ծրագիրը, որով կներկայացվեն Հայ Ազգային Կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հավաքների ազատության վերականգնում

Կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր և հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երևանի հրապարակներից և փողոցներից՝զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար:

Արագ կվերականգնվի Ազատության հրապարակը և կվերադարձվի ժողովրդին որպես հավաքների և ցույցերի համար ավանդական վայր:

Խոսքի ազատության ապահովում անկախ հեռուստատեսությունների եւ ռադիոկայանների միջոցով

Երևանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաև նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից։ Մալուխային (կաբելային) համակարգը կօգտագործվի նաև ռադիոսփռման և ինտերնետային ծառայությունների մատուցման համար: Այսպիսով կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը և վերահսկողությունը էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ:

Իշխանությունը ընտրությունների միջոցով ձեւավորելու իրավունքի վերականգնում, ընտրակեղծիքների մեքենայի վերացում

Երևանի ադմինիստրատիվ ռեսուրսը այլևս չի օգտագործվի որևէ քաղաքական ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար: Դպրոցների, հիվանդանոցների և Երևանի քաղաքային իշխանություններին ենթակա այլ հիմնարկների աշխատողները կազատվեն ընտրակեղծիքներ կազմակերպելու ապօրինի և ստորացուցիչ հանձնարարություններ կատարելուց:

Միացյալ ընդդիմության՝ Հայ Ազգային Կոնգրեսի հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան։ Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը և իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։

Ավազակապետական կոռուպցիոն բուրգի փլուզման գործընթացի սկզբնավորում

Հայաստանում ստեղծված կոռուպցիոն համակարգի մեջ իր զգալի մասնակցությունն ունի Երևանի քաղաքապետարանը: Հողահատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը և շահութաբեր այլ գործունեության տեսակները ,յուրայիններինե հատկացնելը դարձել է Երևանի քաղաքապետի հիմնական գործառույթը՝ նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարևոր օղակ: Կբացառվի Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը այդ սխեմաներում՝ սկիզբ դնելով նշված երևույթի հիմնովին վերացմանը:

Հակակշիռների ստեղծում

Մայրաքաղաքը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է։ Այստեղ հաստատված լեգիտիմ և ժողովրդի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունը լուրջ հակակշիռ կլինի երկրի ոչ լեգիտիմ իշխանությանը, նրա համար կդառնա կոշտ զսպաշապիկ։

Սահմանադրական կարգի վերականգնում

Ընդդիմության կողմից ձևավորված քաղաքային իշխանությունը գործով ցույց տալով իր որակների տրամագծային տարբերությունը ապօրինի վարչախմբի նկատմամբ՝ հնարավոր կդարձնի քաղաքական մեխանիզմներով հասնել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձևավորմանը և սահմանադրական կարգի վերականգնմանը։

Սահմանադրական դատարան դիմելու միջոցով կվերացվեն Երևանի մասին օրենքով սահմանված՝ Սահմանադրությանը և Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելը ու համայնքային սեփականությունը տնoրինելը:

Կվերականգնվի տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործելու կարևորագույն երաշխիք հանդիսացող, Երևանի ավագանու և քաղաքապետի՝պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով :

Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի և երևանցիների առջև:

Կապահովվի Սահմանադրությամբ և օրենքներով համայնքներին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարումը և դրանք իրականացնելու երաշխիքները, հետևողականություն կցուցաբերվի Երևանի քաղաքապետարանի համար ՀՀ պետական բյուջեյով նախատեսված գումարներն անխափան ստանալու գործում:

Երևանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես՝ կնախաձեռնվի Երևանի մասին օրենքի բազմաթիվ թերությունների և այլ օրենքների հետ հակասությունների վերացումը.

ԵՐԵՎԱՆԻ ԾՐԱԳԻՐ

Կառավարման քաղաքական նոր մշակույթ

Երևանի քաղաքային իշխանությունների գործունեության մեջ կներդրվի կառավարման քաղաքական նոր մշակույթ, որը կհամապատասխանի ժամանակակից առաջադեմ երկրների պրակտիկային և կծառայի քաղաքացիների շահերին:

 Քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ, իսկ նրա պաշտոնյաները՝ հաշվետու քաղաքացիների առջև: Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա մասնակցել Երևանի զարգացմանը վերաբերող ցանկացած որոշմանն առնչվող քննարկումներին: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի և ծրագրերի հանրային քննարկման համար կստեղծվեն հասարակական ֆորումներ:

Երևանի քաղաքապետարանի բոլոր առանցքային փաստաթղթերը, այդ թվում Երևանի հատակագիծը, մատչելի կդառնան յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև կտեղադրվեն Ինտերնետում, ինչը թույլ կտա վերացնել ինֆորմացիայի նկատմամբ վերահսկողության շահարկումը կոռուպցիոն նպատակներով և հավասար պայմաններ կստեղծի բիզնեսի զարգացման և առքուվաճառքի պլանավորման համար:

 Քաղաքացիների ազատությունների, իրավունքների, սեփականության եվ օրինական շահերի պաշտպանությունը մայրաքաղաքում

Երևանցիները կձերբազատվեն պետական չինովնիկների, օլիգարխների և նրանց մերձավորների, ինչպես նաև տարբեր տեսակի ,զորքերիե կամայականությունից: Սեղմ ժամկետում կստեղծվի բնակչությանը ծառայելու և պաշտպանելու, օրինականություն, կարգ ու կանոն հաստատելու կոչված, հասարակական կարգը պահպանող համապատասխան ծառայություն, որը կապահովի նաև քաղաքացիների համակեցության կանոնները:

Կճանաչվի տասը և ավելի տարի հողը և դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետողների, մասնավորապես նախկին այգեգործական ընկերությունների անդամների սեփականության իրավունքը:

2000-2008 թթ իրացման գոտիներում հայտնված և տուժած քաղաքացիները կստանան արդարացի հատուցում: Հատուցման կարգը և սկզբունքները կհամաձայնեցվեն տուժողների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ:

 

Քաղաքաշինություն եվ տրանսպորտ

Վերջին տարիներին Երևանի կենտրոնում կառուցապատումն իրականցվել է ոչ թէ քաղաքաշինական նորմերին համապատասխան և Երևանում ապրելը հարմարավետ դարձնելու, այլ ,Էլիտար սանձարձակությանե սկզբունքով, անթույլատրելի խտությամբ և բարձրությամբ, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների հաշվին, ինչի արդյունքում աղավաղվել է մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը, վերացել են արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգությունն ու տարհանումն ապահովող գոտիները: Կանաչ զանգվածների անթույլատրելի նվազեցումը հանգեցրել է անապատացման ակնհայտ դրսևորումների և օդի աղտոտվածության: Էականորեն նվազել են բազմաբնակարան բնակելի ֆոնդի որակական ու ֆիզիկական ցուցանիշները:

Վերջին տարիներին մայրաքաղաքը կառուցապատվել է ,կետայինե սկզբունքով և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հաշվին:

Ստեղծված վիճակը շտկելու համար՝

  • մայրաքաղաքի բնակչության և շահագրգիռ կազմակերպությունների հետ կքննարկվեն մայրաքաղաքի կառուցապատմանն առնչվող բոլոր ծրագրերը և գոտիավորման նախագծերը,
  • քաղաքաշինական նորմերը չեն ստորադասվի պատվիրատուի քմահաճույքին,
  • կբացառվի քաղաքի«կետային» և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հետագա կառուցապատումը,
  • կիրականացվի Երևանի կենտրոնը բեռնաթափելու համալիր ծրագիր:

Կիրականացվի մայրաքաղաքի շենքերի և շինությունների, ինժեներատեխնիկական կառույցների գույքագրում և անձնագրավորում:

Կձևավորվի քաղաքաշինական միասնական, բոլորի համար մատչելի տեղեկատվական շտեմարան:

Խորհրդատվական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պատշաճ վերահսկողություն իրականացնելու միջոցով համատիրություններին կպարտավորեցվի իրենց կողմից սպասարկվող բնակելի շենքերում իրականացնել տանիքների, վերելակների, ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան սպասարկում:

Քաղաքաշինության բնագավառում կկիրառվի բժշկության մեջ ընդունված "չվնասելու" սկզբունքը՝ ձեռնպահ մնալով չհիմնավորված կառուցապատումից:

Կիրականացվի բակերի կառուցապատման համալիր ծրագիր, կստեղծվեն պուրակներ, հանգստյան գոտիներ, ջրավազաններ, մանկական տարբեր խաղահրապարակներ:

Արտաքին գովազդի վահանակները կտեղադրվեն հաշվի առնելով անվտանգության կանոնները և մայրաքաղաքի արտաքին տեսքը չխաթարելու հանգամանքը:

Մայրաքաղաքում խստորեն կկիրառվեն ,Լեզվի մասինե ՀՀ օրենքի պահանջները:

Մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար կներդրվի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ:

Մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումը կիրականացվի բարձր որակով՝ բացառելով դրանց ամենամյա վերանորոգման արատավոր ավանդույթը:

Կստեղծվի փողոցների և շենքերի կահավորման՝ ժամանակակից քաղաքին բնորոշ  համակարգ, մասնավորապես բոլոր փողոցների և շենքերի վրա կտեղադրվեն իդենտիֆիկացիոն միանման ցուցանակներ:

Կվերանայվի Երևանի տրանսպորտային երթևեկության սխեման: Ուղևորների համար այն կդարձվի առավել հարմարավետ, շահագործման մեջ կդրվեն քաղաքային ժամանակակից ավտոբուսներ և տրոլեյբուսներ, կապահովվի մետրոպոլիտենի արդյունավետ շահագործումը:

Կավարտվի մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաև կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս - Մալաթիա - Չարբախ երթուղու կառուցումը:

Վերգետնյա տրանսպորտի համար կստեղծվեն պատշաճ կահավորված կանգառներ:

Բնապահպանություն, կանաչապատում եվ բարեկարգում

Մայրաքաղաքում աղտոտվածությունը աղետալի է նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունների չգործելու պարագայում: Օդային ավազանի աղտոտվածությունը 3 - 20 անգամ իսկ հողերինը տասնյակ անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային չափանիշը: Մայրաքաղաքի ջրային ավազանները և հոսող գետերը ծանր մետաղներով, կեղտաջրերով և տարբեր թափոններով աղտոտված են նորմայից մոտ 11 անգամ ավելի:

Այս վիճակը շտկելու համար անհապաղ կվերականգնվեն Երևանի "թոքեր" հանդիսացող տարածքները՝ Նորք, Հրազդանի կիրճ, Դալմայի այգիներ, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդ:

Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար՝ Երևանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին:

Կվերականգնվի բուսաբանական այգին՝ իր ենթակառուցվածքներով: Պատշաճ ուշադրության կարժանանա Երևանի կենդանաբանական այգին:

Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում սիզամարգերը, կկատարվի նրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության:

Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը:

Կվերակառուցվի Աէրացիայի կայանը:

Երևանի կանաչ տարածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը, պուրակները, այգիները ոռոգելու նպատակով կվերականգնվի և կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը:

Աշխատանքներ կիրականացվեն մայրաքաղաքում մակերեսային ջրերի աղտոտումը կանխելու, ջրամատակարարման ցանցում կորուստները նվազեցնելու և խմելու ջրի որակը բարձրացնելու համար:

Մայրաքաղաքում կիրականացվի մշտադիտարկում (մոնիտորինգ) փողոցները, բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները բարեկարգելու և  դրանք սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակում պահելու համար: Կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, որտեղ կնշվեն պատասխանատուների տվյալները և հեռախոսահամարները, իսկ բնակիչները հնարավորություն կունենան իրենց կարծիքն ու առաջարկությունները քաղաքային իշխանություններին հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Սոցիալական ոլորտ

Բազմազավակ, կարիքավոր ընտանիքների և մանկատների չափահաս սաների համար Երևանում կստեղծվի սոցիալական բնակարանային ֆոնդ:

Երկարատև խնամքի կարիք ունեցողների համար կստեղծվեն հատուկ հաստատություններ ու խնամքի կենտրոններ: Բնակության վայր չունեցող (անօթևան) անձանց համար կհիմնվեն ,սոցիալական հյուրանոցներե:

Կներդրվի և կիրականացվի սոցիալական խնդիրների արագ արձագանքման՝ ,սոցիալական շտապ օգնությանե ծրագիր:

Կիրականացվեն բազմազավակ ընտանիքների համար սոցիալական ծրագրեր, մասնավորապես կտրվեն ամսական հավելավճարներ և տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում:

Քաղաքաշինական ծրագրերի իրականացման ընթացքում կկառուցվեն հաշմանդամների կարիքները բավարարող հարմարություններ:

Առողջապահություն

Բժշկական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, մատչելի դարձնելու, սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքներ սերմանելու ու ռեսուրսները նպատակային օգտագործելու համար՝

Երևանում կներդրվի առողջապահական հիմնական ծառայությունների փաթեթից (անվճար բուժօգնությունից) օգտվելու և անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տվող՝ էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի համակարգ: Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին անվճար կտրամադրի էլեկտրոնային անհատական քարտեր: Այդ համակարգը քաղաքացիներին հնարավորություն կտա անվճար բժշկական ծառայություն ստանալու համար ընտրություն կատարել քաղաքային ենթակայության բուժհաստատությունների միջև: Բնակչության մատուցած ծառայության համար բուժհաստատությանը կվճարի քաղաքապետարանը: Համակարգը կապահովի բժշկական հաստատությունների արդյունավետ ֆինանսավորումը և կբացառի ֆինանսական միջոցները վատնելու հնարավորությունը:

Իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան բուժաշխատողներին վարձատրել արժանավայել՝ իրենց կողմից մատուցված ծառայություններին համարժեք:

 Երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար կստեղծվեն հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ (հոսպիսներ):

 Ենթակառուցվածքներ

Կօգտագործվեն բոլոր իրավական միջոցները երևանցիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար:

Երևան քաղաքում առևտրի և սպասարկման ոլորտում տիրող անմխիթար վիճակը անհապաղ բարելավելու նպատակով առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների համար կսահմանվեն հատուկ կանոններ:

Երևանցիների և սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կձևավորվի համապատասխան ծառայություն, որը կհսկի առևտրի կանոնների, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների որակը:

Փոստային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությամբ, մայրաքաղաքում կվերականգնվի երևանցիներին անհատական փոստային ծառայություններ մատուցելու համակարգը: Դրա միջոցով հնարավոր կլինի մայրաքաղաքի բնակչությանը թերթեր, ամսագրեր, ինչպես նաև մատուցված հանրային ծառայությունների անհատականացված հաշիվներ առաքել:

Գործարարության  աջակցություն

Քաղաքային իշխանությունները Երևանում կապահովեն գործարարության զարգացման հիմնական պայմանները՝ հավասարություն, մրցակցություն, պետական կառավարման մարմինների չեզոքություն: Գործարարությունը կտարանջատվի հանրային կառավարումից: Քաղաքային իշխանության ղեկին հայտնված յուրաքանչյուր գործիչ կունենա չեզոք կառավարիչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները:

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը աջակցելու նպատակով քաղաքապետարանը կստեղծի խորհրդատվական անվճար կենտրոններ, որոնք գործարարներին կաջակցեն նաև պաշտպանվել հարկային, մաքսային և այլ ստուգող կազմակերպությունների անօրինականություններից:

Փոքր և միջին գործարարներին օժանդակելու ու մայրաքաղաքում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար քաղաքապետարանը կնախաձեռնի օրենսդրական համապատասխան փոփոխությունների գործընթաց:

Երիտասարդություն, մշակույթ եվ սպորտ

Երիտասարդների համար կկառուցվեն թաղամասեր, որտեղ բացի մատչելի բնակարաններից կլինեն նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ կինոթատրոն, մշակույթի կենտրոն, գրադարան, մարզահրապարակներ, երիտասարդ ընտանիքների հոգսերը թեթևացնող բազմազան ծառայություններ (մանկապարտեզ, զվարճանքի, երեխաների որակյալ խնամքի կենտրոններ:

Երևանի բյուջեի միջոցների հաշվին կապահովվի համաշխարհային առաջնակարգ կրթահամալիրներում արդար մրցույթային կարգով ընտրված երևանցի ուսանողների ուսման ծախսերի վճարումը:

Երևանի անապահով ընտանիքների ուսանողների համար կսահմանվեն անհատական կրթաթոշակներ, իսկ շնորհալի ուսանողներին կտրվեն պարգևավճարներ:

Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կազմակերպություններում թափուր հաստիքները կհամալրվեն իրապես թափանցիկ մրցույթների միջոցով:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ երիտասարդ մասնագետներին հնարավորություն կընձեռվի բարձրացնելու մասնագիտական որակավորումը այլ պետություններում:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մասնագիտացված կրթօջախներում (երաժշտական, պարարվեստի, գեղանկարչական և այլն) և մարզադպրոցներում ուսումը սաների համար կդառնա անվճար: Ուսման (մարզումների) և դպրոցների պահպանման ծախսերը կհոգա քաղաքապետարանը: Էականորեն կբարձրացվեն դասավանդողների և մարզիչների աշխատավարձերը, դրանք կհամալրվեն նոր գույքով:

Կխրախուսվի սպորտային հարմարությունների, շինությունների և խաղահրապարակների կառուցումը համաձայն ժամանակակից քաղաքաշինական նորմերի: Այլ երկրներից պարբերաբար կհրավիրվեն բարձրակարգ մասնագետներ՝ միջազգային չափանիշերին համապատասխան ուսուցում և մարզումներ անցկացնելու համար:

Քաղաքապետարանի հաշվին յուրաքանչյուր տարի կկազմակերպվի մանկապատանեկան արձակուրդային հանգիստ՝ ձևավորելով այդպիսի ավանդույթ:

Երևանում պարբերաբար կիրականացվեն մշակույթային կենտրոնների գործունեությունը բարելավող համալիր ծրագրեր, ներառյալ դրանց շենքային պայմանների բարելավումը, ավանդույթներ ունեցող մայրաքաղաքին բնորոշ միջոցառումների կազմակերպումը: Մշակույթի զարգացումը հիմնված կլինի քաղաքապետարանի կողմից համապատասխան պատվերների, մրցանակաբաշխությունների, մշակույթային տարբեր տոնահանդեսներ, ցուցահանդեսներ անցկացնելու վրա:

Մայրաքաղաքի մշակութային արժեքները սերունդներին փոխանցելու նպատակով կստեղծվի մշակույթային արժեքների ռեգիստր, որում կներառվեն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունեցող արժեքները:

Միջոցներ կձեռնարկվեն մայրաքաղաքի գոյություն ունեցող գրադարանային ֆոնդը (ներառյալ մասնագիտականները) պահպանելու և համալրելու, գրադարանների կահավորանքը արդիականացնելու ուղղությամբ: Կստեղծվի Երևանի վիրտուալ գրադարան:

Սիրելի Երևանցիներ

Մայրաքաղաքում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են ինչպես հրատապ, այնպես էլ ծրագրային համակարգված լուծումներ: Քաջատեղյակ լինելով մայրաքաղաքի իրական վիճակին' մշակվել են համապատասխան ծրագրեր այդ հիմնախնդիրները և առօրյա հոգսերը լուծելու համար:

Ունենալով քաղաքական կամք, վճռականություն և համապատասխան ներուժ' Հայ Ազգային Կոնգրեսը Ձեր աջակցությամբ և մասնակցությամբ ձեռնամուխ կլինի մայրաքաղաքը արժանավայել ապրելու վայր դարձնելու դժվարին, բայց միաժամանակ պատվավոր գործին:

Այս խորագրի վերջին նյութերը