Կարծիք

16.02.2012 21:19


Մենք կարող ենք փոխել իրավիճակը

Մենք կարող ենք փոխել իրավիճակը

Շատ անգամ ենք լսել եւ դեռ կլսենք մեր հասարակությունում տարածված հետեւյալ արտահայտությունը` ինձ ինչ, թե ով պատգամավոր կընտրվի: Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման տեսակետ ունեցողների թիվը մեծ է քանի որ ժողովուրդը գաղափարական այլընտրանք չի տեսնում կամ տարբերություն չի դնում կուսակցությունների եւ քաղաքական գործիչների միչեւ: Իրականում նման մտածողության պատճառն ավելի խորքային է: Իհարկե, իր ազդեցությունը թողնում է այն փաստը, որ շատ կուսակցություններ հեղինակազրկվել են, որ կուսակցության որոշ ղեկավարներ ընկել են մարդկանց աչքից, բայց համաձայնվեք, որ ցանկացողը տարբերություն չի կարող չտեսնել եւ հաստատ կկարողանա հասկանալ, թե այս կամ այն կուսակցությանն ընտրելու դեպքում ինչ կլինի կամ չի լինի:

Իրականում, ասելով, թե մեզ ինչ թե ով կընտրվի պատգամավոր, հայ մարդը հերթական անգամ ապացուցում է, թե ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ յուրաքանչյուր ազգի համար պետականության կորուստը: Հայաստանի ներկայիս տարածքում մոտ հազար տարի հայկական անկախ պետություն չի եղել: Յուրաքանչյուր սերունդ ավելի է հեռացել պետություն ունեցող, պետական մտածելակերպ ունեցող հայից: Հայերի համար ամենածանր ժամանակահատվածում` 14-19-րդ դարերում էլ հենց ամրապնդվեց, մեզ ինչ, թե ով է մեզ իշխում մտածելակերպը: վերջին հաշվով հայերի համար մեկ էր, թե իրենց իշխում են օսմանցիները, թե պարսիկները, կարակոյունլուները, թե ախկոյունլուները, քրդերը, թե ռուսները: Հիմա մենք արդեն 20 տարի անկախ պետություն ունենք, բայց այս տարիները շատ քիչ են, որ հայը հասկանա, որ հայկական պետությունն իր տունն է եւ իր համար չի կարող մեկ լինել, թե ով է իշխանության գլխին:

Ի դեպ, ասելով, թե մեզ համար մեկ է, թե ով է իշխանության գլխին, մարդն ինքն իրեն համոզում է, թե այս իրավիճակում կարելի է եւ անտարբեր լինել եւ նույնիսկ ընտրակաշառք վերցնել: Ամենավատն այն է, որ գործող իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ ՀՀ քաղաքացին հայկական պետությունն իրենը չհամարի: Այսպիսով, գործող իշխանությունները ոչ միայն չեն փորձում քաղաքացիական հասարակություն ձեւավորել, այլ ամեն ինչ անում են, որ քաղաքացիական դիրքորոշում ունեցողներն առնվազն արտագաղթեն Հայաստանից: Հեշտ է ընտրակաշառք վերցնել, երբ ինքդ քեզ համոզում ես, թե որեւէ տարբերություն չկա կուսակցությունների եւ քաղաքական գործիչների միջեւ: Իրականում չի կարող տարբերություն չլինել, բայց մթնոլորտն այնպիսին է, որ այսպես մտածողների թիվը չի պակասում այնքան, որքան պետք է որ նվազեր անկախության առկայության պայմաններում:

Այնպես որ, հիմա ավելի քան պարզ է, թե ինչու է մեր երկրին արմատական փոփոխություն անհրաժեշտ: Նախ եւ առաջ պետք է փոխվի հայ մարդու վերաբերմունքը Հայաստան անունով պետության հանդեպ: Իսկ դա կարող է լինել, երբ ձեւավորվեն օրինական, ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանություններ: Այսօր, չնայած բոլոր դժվարություններին, ստեղծվել է մի իրավիճակ, երբ փոփոխությունները ոչ միայն անհրաժեշտ են, այլեւ հնարավոր: Քաղաքական այն ուժերը, որոնք գիտակցում եւ ընդունում են, որ այսպես այլեւս չի կարող շարունակվեն, միասնական են արդար եւ ազատ ընտրությունների անցկացման հարցում: Իսկ սա չափազանց կարեւոր է: Երբ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական ուժերը միասնական են ամենակարեւոր հարցերում, ապա ընտրակեղծարարների կամ ավելի ճիշտ մեր պետության առաջընթացի հակառակորդների գործը չափազանց դժվարանում է:

Այսօր մենք պետք է Նոր Հայաստան կերտենք, որ այլեւս դատարանները չկանգնեն ընտրակեղծարարների կողքին եւ անհեթեթ հիմնավորումներով օրինականացնեն ընտրակեղծարարների արարքները: Մենք պետք է արմատական փոփոխություններ իրականացնենք, որ այլեւս որեւէ մեկի մտքով չանցնի, թե ով էլ գա իշխանության, միեւնույնն է զբաղվելու է թալանով:

Նոր Հայաստանն անհրաժեշտ է, որ որեւէ մարզպետ իրեն թույլ չտա խլել որեւէ մեկի սեփականությունը, իսկ հետո ապտակի նրան եւ ոչ միայն մնա անպատիժ, այլ պահպանի պաշտոնը: Հայաստանը պետք է շարժվի առաջընթացի ճանապարհով, որ այլեւս որեւէ նախագահի փեսայի կամ մեկ այլ բարեկամի  մտքով չանցնի, որ ինքը պետք է զբաղվի ընտրությունների կազմակերպմամբ:

Եթե հիմա մենք չօգտագործենք այս հրաշալի հնարավորությունը առաջընթացի եւ բարգավաճման, ժողովրդավարացման եւ ազատության ճանապարհով գնալու համար, ապա եթե Հայաստանը պահպանի էլ ձեւական անկախությունը, ապա արդեն երբեք չի կարող կանգնել նույնիսկ կիսանորմալ երկրների կողքին: Ավելին, արտագաղթը կհասնի այնպիսի մակարդակի, որ Հայաստանի ժողովրդագրական պատկերն ավելի վատը կլինի, քան 1827 թվականին: Այս ամենի մասին մենք բոլորս պետք է շատ լուրջ մտածենք: Եւ վերջապես, մի՞թե մենք այնքան վատն ենք, որ ստիպված ենք ապրել մի երկրում, որի իշխանությունները ձեւավորվում են հակառակ ժողովրդի կամքի:

Գեղամ Նազարյան 

Այս խորագրի վերջին նյութերը