Լրահոս

12.05.2009 18:37


Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը թռուցիկներ բաժանող անձանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ

Ավան համայնքում ՀԱԿ-ի կողմից նախատեսվող հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ բաժանելու ընթացքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկվել, որի կապակցությամբ հայտարարություն է տրվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ավանի բաժանմունք, սակայն ոստիկանության աշխատակիցներն ահազանգն ստանալուց ավելի քան 30 րոպե հետո են ժամանել դեպքի վայր: Երեք կին ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի արագ արձագանքման խումբն  այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն:
 Այցելության ընթացքում պարզվել է, որ  քաղաքային շտապօգնության մեքենայով այնտեղ են տեղափոխվել Աստղիկ Աղեկյանը, Ամալյա Պողոսյանը և Օֆելյա Մարգարյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի ավագ վերակենդանացնող Ս. Կարապետյանը հայտնել է, որ  բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է ներքին օրգանների սոնոգրաֆիա և ռենտգեն հետազոտում, առաջարկվել է ապահովության համար մեկ օր մնալ ստացիոնար հսկողության տակ, սակայն վերջիններս   հրաժարվել են և հեռացել հիվանդանոցից:

Պաշտպանի ներկայացուցիչների այցելության ժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում են գտնվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ավանի բաժանմունքի պետ Ա. Իսրայելյանը և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի հետաքննիչ Ա. Հարթենյանը:

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ավանի բաժանմունքի պետ Ա. Իսրաելյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ոստիկանության կողմից ահազանգին ուշ արձագանքելը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեպքի մասին հաղորդում է ընդունվել ժամը 18.55-ին, որից հետո Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես այցելել են դեպքի վայր:

ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ շարունակական բռնարարքները և դրանք կատարող անձանց մինչ օրս բացահայտված չլինելը, առավելևս այն դեպքում երբ համաձայն բռնության ենթարկված քաղաքացիների հայտարարության՝ իրենց կողմից Ոստիկանությանն են ներկայացվել այդ անձանց լուսանկարները և նրանց կողմից վարվող ավտոմեքենաների պետհամարանիշների տվյալները:
ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանն արձանագրում է, որ նման բռնարարքներն իրականացվում են ընդիմության ներկայացուցիչների նկատմամբ և դատապարտելով դրանք կրկին անգամ կոչ է անում Ոստիկանությանն իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները բռնարարք կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու և օրենքով  սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլապես Ոստիկանության անգործությունը կարող է դիտվել որպես նմանատիպ դեպքերի խրախուսում:

Այս խորագրի վերջին նյութերը