Քաղաքական

10.02.2012 12:30


Վահան Հովհաննիսյան. «Իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ»

Վահան Հովհաննիսյան. «Իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կեսկատակ նշել է, թե նախորդ քառօրյան «բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով աչքի ընկավ»։

–Բայց ես չեմ կարծում, թե հետաքրքիր բան է եղել,–ընդգծել է նա։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երեկ միմյանց փոխարեն ՀՀԿ պատգամավորների բացահայտ քվեարկելուն՝ նա պատասխանել է, թե սա առաջին դեպքը չէ։

–Եղել են ավելի արտառոց վայրագություններ։ Սա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ։ Ուժ է՝ ուժի զոռով, իր ասածը ո՛չ համոզելու, ո՛չ էլ տեղ հասցնելու ունակություն չունի։ Փաստորեն, նույնիսկ սեփական ֆրակցիայի քվեարկությունը չի կարողանում կազմակերպել։ Դրա ավելի վառ օրինակը եղավ մի քանի օր առաջ, երբ կոալիցիայի անդամ ֆրակցիաներից մեկը լքեց դահլիճը, և պարզվեց, որ աբսոլյուտ մեծամասնություն ունեցող ՀՀԿ–ն չի կարողանում օրենք անցկացնել։ Սա լավ երևույթ չէ, բայց փորձել հաղթահարել սեփական անզորությունը՝ տասը մարդու փոխարեն կոճակ  սեղմելով, սա բնութագրում է ոչ միայն կոնկրետ սեղմողներին կամ նրանց էությունը, այլ սա ամբողջ քաղաքական համակարգի մասին է խոսում,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ եթե իշխանությունը նպատակին հասնելու համար կարող է թքել և շրջանցել օրքենը, ինչո՞ւ ինքը պետք է հավատա, որ չնայած բոլոր խոստումներին՝ արդար ընտրություններ են անցկացվելու Հայաստանում։

–Եթե իշխանության մնալն է ՀՀԿ–ի և նրա ղեկավարների նպատակը, և անգամ մի օրենք անցկացնելը ավելի բարձր են գնահատում, քան երկրի իմիջը, ԱԺ ու սեփական արժանապատվությունը, և դրան հասնելու համար ցանկացած միջոցի կգնան, ուրեմն միշտ էլ դրան կգնան։ Այս պայմաններում էլ մենք պետք է պատրաստ լինենք մի իրավիճակի, որ հանկարծ ու նրանց աչքերը կբացվեն, ու բոլորը կսկսեն հասկանալ, որ ամեն գնով են հասնելու իրենց նպատակին՝ չնայած հիմա ավելի դժվար կլինի,–ասել է նա։

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝  ՀՀ–ում հիմա այլ իրավիճակ է, դրա համար էլ դժվար կլինի հասնել այդ նպատակին։

–Առաջ կար մեկ ուղենիշ՝ ամեն գնով իշխանությունը պահել։ Հիմա կա ևս մեկ ուղենիշ՝ ամեն ինչ անել, որ նոր մարտի 1 չկրկնվի, որովհետև արդեն «EPP» ենք մտել, Եվրոպաներ ենք գնում–գալիս՝ ինտեգրացիայի մեջ ենք, և այս առումով Բրյուսելը կարող է և չներել։ Այս երկու «ամեն գնով»–ի մեջ միջին ճանապարհը ավելի խոհեմ պահվածքն է։ Սա է, կարծում եմ, հիմնական պատճառը, ոչ թե ներքին բարոյականության արթնացումը։ Բնավ ոչ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը