Քաղաքական

08.02.2012 14:56


ԲՀԿ–ի բոյկոտած օրինագծի քվեարկությանը չի մասնակցել նաև Սերժ Սարգսյանի եղբայրը

ԲՀԿ–ի բոյկոտած օրինագծի քվեարկությանը չի մասնակցել նաև Սերժ Սարգսյանի եղբայրը

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը, բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ողջ կազմից, «Ժառանգությունից» և ՀՅԴ–ի մի շարք պատգամավորներից, չեն մասնակցել նաև որոշ անկուսակցական պատգամավորներ և ՀՀԿ–ականներ։

Թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այս օրինագծի քվեարկությանն իր չմասնակցելը «7օր»–ին պարզաբանել է հետևյալ կերպ.

–Օրինակ՝ բուհերում, հիվանդանոցներում այսօր ուղղակի են վճարում կատարում, իսկ այդ օրինագծի ընդունումից հետո պետք է բանկի միջոցով կատարեին։ Գյուղացին հիմա նույնիսկ այդ վարձը չի կարող ճարել, իսկ լրացուցիչ ծախս այդ խավի վրա դնելը ճիշտ չէ։ Նույնիսկ մեկ լուման գյուղացու համար զգալի է։ Բանկերի միջոցով անելու դեպքում ծառայությունների գներն ավելորդ գումար կկազմեն։ Առանց այդ էլ գյուղացիներն իրենց ամբողջ ունեցածը բանկերին են պարտք։ Այդ օրենքի դեպքում այդ պարտքերը նորից կավելանան։

Նիստին գրանցված պատգամավորներից «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը չեն մասնակցել նաև ՀՀԿ–ականներ Ալեքսանդր Սարգսյանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի սեփականատեր, Ռաֆիկ Գրիգորյանը՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, Առաքել Մովսիսյանը, ով հայտնի է Շմայս մականվամբ։

Հիշեցնենք, որ այս օրինագիծը 52 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չէր ընդունվել։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը