Լրահոս

08.02.2012 12:24


Արմեն Աշոտյանի գլխավորած ոլորտի «համեստ» կոռուպցիոն ռիսկերը

Արմեն Աշոտյանի գլխավորած ոլորտի «համեստ» կոռուպցիոն ռիսկերը

Կրթության և գիտության նախարար ու համատեղությամբ օտարալեզու հանրակրթական դպրոցների ջատագով Արմեն Աշոտյանը հաճախ է խոսում իր ղեկավարած ոլորտի բարեշրջումների մասին։ Նա, իր շեֆ Տիգրան Սարգսյանը և մյուս «բարեշրջիչները» հասարակության առաջ սիրում են ներկայանալ ինտելեկտուալի իմիջով, ռուսերեն լեզվով «չտո, գտե, կոգդա» են խաղում, «սարքովի միլիոնատեր» են դառնում հայտնի հեռուստախաղի ժամանակ և այլն։ Աշոտյանենք սիրում են խոսել նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Բայց մի բան է PR–ը, մեկ այլ բան իրական կյանքը։ Իսկ իրական կյանքում, օրինակ, դպրոցներում ինտենսիրվորեն փող են հավաքում աշակերտներից ու դժվար է ասել, թե այդ փողերը տեղում են բաշխվում, թե «վերև» էլ են հասնում. տվյալ դեպքում դա էական չէ։ Բացի այդ, կարելի է ենթադրել, որ դպրոցներին թողել են փող հավաքել, քանզի առջևում ընտրություններ են և «վարորդը նաև հսկիչ է» տարբերակով ուսուցիչներն ու դպրոցի տնօրենները ընտրակեղծիքների իրականացման կարևոր գործիքների են վերածվում դասերից ազատ ժամանակահատվածում։ Դա է, թերևս, պատճառը, որ «վերևից» աչք են փակում «մանր» կոռուպցիոն ռիսկերի վրա։ Ինչևէ։

 «7 օրին» դիմած մի խումբ քաղաքացիներ բողոքում են, թե դպրոցում արդեն սկսվել դրամահավաքը։ Առիթը մարտի 8–ն է։ Աշակերտներին ստիպում են 2000–ական դրամ հավաքել՝ դպրոցի ուսմասվարի և ամեն խմբի դասղեկի մարտի 8–ը «ըստ պահանջի» շնորհավորելու համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մայրաքաղաքի թիվ 46 դպրոցին։ Մեզ դիմած ծնողները նշում էին նաև, որ տարբեր առիթներով փող հավաքելն այդ դպրոցում վաղուց խաղի կանոն է։ Թվում է, թե 2000–ը մի բան չէ, բայց երբ բազմապատկում ես աշակերտների թիվն ու դպրոցների քանակը՝ ստացվում է կլորիկ գումար։

Չնայած «7 օրին» կոնկրետ դպրոցի կոնկրետ դեպքի հետ կապված են դիմել, բայց բոլորն էլ գիտեն, որ փող հավաքելը սովորական բան է ոչ միայն թիվ 46, այլ նաև մյուս դպրոցներում։

Ինչպես հայտնի է, Կրթության և գիտության նախարարությունը թեժ գիծ ունի, որի միջոցով ոլորտում առկա խնդիրների մասին կարող են տեղեկություն տալ մեր քաղաքացիները։ Չգիտենք, թե որքանով է արդյունավետ այդ ամենը գործում, բայց փաստն այն է, որ քաղաքացիները ոչ թե թեժ գծին են դիմում, այլ լրատվամիջոցներին (տվյալ դեպքում՝ մեզ)։

Այս հրապարակումը Աշոտյանը կարող է ընդունել որպես թեժ գծին հայտնած տեղեկատվություն։ Տեսնենք, թե դրանից ինչ կփոխվի։ Մենք հետևելու ենք, թե այս ամենն ինչով ավարտվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը