Հարցազրույց

07.02.2012 18:26


Գագիկ Բաղդասարյան

Գագիկ Բաղդասարյան

Հարցազրույց 2010թ. մայիսի 5-ին «Օրինաց երկիր» կուսակցությունից համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Գագիկ Բաղդասարյանիհետ

–«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել Ձեզ հեռացնել կուսակցությունից։ Ինչպո՞վ եք ՕԵԿ–ի այս քայլը բացատրում։

–Առավոտյան քառօրյայի ժամանակ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քսան րոպե ընդմիջում վերցրեց, ես Բիշարյանին ասացի, որ երեկոյան՝ հայտարարությունների ժամին, իմ խոսքը կասեմ՝ ՕԵԿ խմբակցության և կուսակցության հետ այլևս անելիք չունեմ։ Եթե ձեզ հետ պետք է այս կյանքում ես շարժվեմ այդ մանդատով, այդ մանդատն ինձ պետք չէ, ոչ թե դուք եք ինձ ՕԵԿ–ից հեռացրել, այլ ես՝ ձեզ։ Ես ՕԵԿ շարքերում չեմ արդեն Երևան քաղաքի ընտրություններից տասնհինգ օր առաջ։ Տեսե՛ք, թե ինչքան ժամանակ է անցել։

–Բայց ի՞նչն է դրա պատճառը։

–Ե՛ս «Օրինաց երկիր եմ», իրե՛նք են դարձել Հանրապետական։ Ինձ ո՞նց կարող են հեռացնել ՕԵԿ–ից։ Ինչո՞ւ այսօր ՕԵԿ–ում չկան այն մարդիկ, ովքեր 2007–ին պայքարում էին «Օրինաց երկիր» կուսակցության գաղափարների համար։ Ինձ են ասում անպարկեշտ պահվածք ունեցող։ Ո՞րն է անպարկեշտ պահվածքը։ Որ ես երեկ  «Կանխիկ գործառնությունների» մասին օրենքին ձեռնպա՞հ քվեարկեցի։ Դրանից առաջ մի քանի նախագծեր էլ կային, դրանց էլ դեմ քվեարկեցի։ Դարձրել են պատմություն՝ իբր թե դրա համար պատգամավորին հեռացնում են։ Էդ ե՞րբ հավաքեցին քաղխորհուրդ, էդ ե՞րբ հեռացրեցին առանց իմ ներկայության, ո՞նց կարող են հեռացնել։ Ես կուսակցությունից ինքս եմ ինձ հեռացրել Երևան քաղաքի ընտրություններից առաջ։ Այդ պատմությունը շատ լավ գիտեն բոլոր աջափնյակցիները և մասնավորապես Աջափնյակի  այն ժամանակվա բոլոր ՕԵԿ անդամները։

–Այսինքն, կարելի՞ է ասել, որ ՕԵԿ–ը դավաճանել է իր ընտրազանգվածին և գաղափարախոսությանը։

–Ես այդ բառը չէի ուզենա օգտագործել։ Բայց ես եկել եմ կուսակցություն հանուն օրինաց երկրի ստեղծման գաղափարի՝ հավատալով, որ ՕԵԿ ղեկավարությունն իսկապես առաջնորդվում է պարկեշտության սկզբունքներով (մենք տեսանք, թե որ սկզբունքներն են իրենց համար առաջնահերթություն)։ Երբ ես ասացի, որ մանդատս վայր եմ դնելու, կատաղեցին, հարձակվեցին։ Ի՞նչ փոխվեց դրանից, թող հեռացնեն։

–Փաստորեն, ՕԵԿ–ն իմանալով, որ այսօր՝ 17:00–ին, հայտարարելու եք մանդատից հրաժարվելու մասին, ՕԵԿ–ը որոշել է Ձեզանից առաջ ընկնել և առաջի՞նը հեռացնել Ձեզ։

–Մանդատս վայր դնելու մասին դիմումս գրված է երեկվանից։ Ես ձեզ ցույց տամ բջջային հեռախոսիս մի համար՝ սա Արթուր Բաղդասարյանի համարն է, նա զանգահարել է ժամը 13:00–ին, ինձ ուզում էր տեսնել։ Այսինքն, իրենց այս քայլը կատարվել է ժամը 13:00–ից հետո՝ այս մեկ–երկու ժամվա ընթացքում։

–Իսկ խոսեցի՞ք Արթուր Բաղդասարյանի հետ։

–Ո՛չ. ի՞նչ ունեմ ես նրա հետ խոսելու։ Ի՞նչ բացատրեմ, երբ կուսակցության ղեկավարին խմբակցության պատգամավորը կարող է մի չորս–հինգ ամիս տեսած չլինի։ Այդ խմբակցությունում ո՛չ հարց է քննարկվում, ո՛չ այլ քննարկումներ են լինում։ ՕԵԿ–ն աշխատանքը լիովին տապալել է. գալիս նստում են, ՀՀԿ–ն որ կոճակը սեղմում է, գույնին նայում են, նույն կոճակն իրենք են սեղմում։ Այդպիսի գործառույթն ինձ չի հետաքրքրում։ Ես անցած տարի էլ մի քանի օրինագծի ձեռնպահ քվեարկեցի, այն ժամանակ էլ փնթփնթացին, բայց հետո անցավ, մտածեցին՝ երևի ջղայնացել ա, Գուրգենիչն ա, էլի։ Բայց հարցը ջղայնանալը չէ։

–Իսկ երեկվա այդ օրինագծի՞ն ինչու ձեռնպահ քվեարկեցիք, ինչի՞ն էիք Դուք կոնկրետ դեմ։

–Ես մինչև ԱԺ պատգամավոր լինելը եղել եմ գործարար և ունեմ սեփական բիզնեսներ։ Ասում են՝ իբրև բիզնես նկատառումներից, շահերից ելնելով՝ բիզնես միջավայրը փորձում ենք Հայաստանում բարելավել, բայց, իմ խորին համոզմամբ, այդ օրենքը բիզնես միջավայրը չի բավարարում, այլ հակառակը՝ դրանով բիզնես միջավայրի համար ստեղծում ենք լրացուցիչ խնդիրներ։ Այսօր մեր բիզնես դաշտն այդ գործառույթներին պատրաստ չէ։ Եթե դուք ուզում եք բիզնեսը բերել օրենքի դաշտ, սկսե՛ք վերևից։ Խոշորների՛ն (որ այսօր շատ քիփ նստում են իշխանության կողքին և նրանց մի մասն են) բերեք օրինական դաշտ, ինչո՞ւ եք մանր ու միջինը խեղդում, թթվածինը փակում, որ չշնչեն։ Խորհրդարանական ընդդիմությունը խոսում է աղաղակող արտագաղթից, ասում են՝ դե դա այդքան էլ էդպես չի, մարդիկ գնում են փող աշխատելու, ուղարկում են, էստեղ ապրում են: Բա դրանի՛ց են փախնում մարդիկ։ Բա ես դրա՛ն եմ դեմ, այսինքն՝ մենք ուզում ենք «Օրինաց երկիր» կուսակցությունն առանց հայի, հայրենիքի տեր լինի՞։

–Եթե Ձեր և ՕԵԿ–ի միջև խնդիրները նոր չեն, ինչո՞ւ հենց այսօր խոսեցիք դրա մասին։

–Ես վաղուց եմ խոսում։ Եվ հետո, ՕԵԿ–ի համամասնական ցուցակով իմ պատգամավոր դառնալը չի նշանակում, թե ինձ նվեր են տվել կամ մի մեծ լավություն են արել, ոնց որ իրենք են պատկերացնում՝ ասելով, թե բերեցինք, պատգամավոր դարձրեցինք Աջափնյակում։ Այն դեպքում, երբ 2007–ին ես աջափնյակցիներից մեծամասնականով 7000 ձայն եմ ստացել, իսկ նույն ՕԵԿ–ն ունեցել էր այլ մեծամասնական թեկնածուներ, այդ թվում՝ Բիշարյան Հեղինեն և այլն, և այլն, ովքեր այդքան կամ դրանից շատ կամ քիչ ձայներ են հավաքել։ Այն ժամանակ պատգամավորի մանդատը տվեցին, որովհետև կային քաղաքական շատ լուրջ խմորումներ, երբ «Օրինաց երկրից» շատերը հեռացան և միացան «Բարգավաճ Հայաստանին»։ Այդ ենթատեքստում էր, որ որոշակի քաղաքական գործիչներ վերլուծություն էին արել, թե Բաղդասարյան Գագիկն էլ կգնա ԲՀԿ։ Եվ իրոք, հանդիպում էր եղել Բաղդասարյան Գագիկի և Ծառուկյան Գագիկի միջև, ես ասել էի, որ քաղաքականությամբ այլևս չեմ ուզում զբաղվել։ Դա Երևան քաղաքի ընտրություններից հետո էր, երբ որ մեկ տարի չեմ զբաղվել, հազիվ պրծել էի այդ քաղաքականությունից։ Այն ժամանակ հրաժարվեցի, և մարդը նորմալ ասաց՝ եթե ցանկություն ունենաս քաղաքականությամբ զբաղվելու, մենք կարող ենք արդար և ազնիվ համագործակցել։ Ես ասացի՝ շնորհակալություն, բայց ես քաղաքականության հետ գործ չունեմ։ Բայց էնպես ստացվեց, որ ՕԵԿ–ից ինձ մի շաբաթ համոզում էին, որ դու այդքան արել ես, որ դու չէ,  բա էս, բա էն։ Ես պատասխանում էի՝ ես չեմ ուզում, ձեր մանդատը ձեզ պահեք, ես դրա կարիքը չունեմ, մանավանդ բան չի մնացել, գամ մեկ տարի ԱԺ–ում ի՞նչ անեմ։ Մի խոսքով, համոզեցին, բերեցին ԱԺ, բայց ես հասկացա, որ չեմ կարող այդ միջավայրում. ես ինձ վատ եմ զգում։ Հիմա այնքան թեթևացած եմ, չեք պատկերացնի։ Այնքան հանգիստ եմ իմ արած քայլի համար։ Իսկ իրենք այստեղ էլ ցույց տվեցին իրենց դեմքը՝ անպարկեշտ։

–Ասում եք, որ շուրջ երկու տարի է՝ ՕԵԿ–ում չեք։ Պաշտոնապե՞ս կուսակցական չեք։

Ինձ համար կարևորը մարդու խոսքն է, քան պաշտոնապես գրավոր դիմումը։ Բայց քանի որ ԱԺ մանդատը պաշտոնապես եմ ստանձնել, պետք է դիմումով հեռանայի։ Ես «Օրինաց երկիր» կուսակցությունից չեմ վաղո՛ւց, բայց ես օրինաց երկրի գաղափարախոսության կրողն եմ այսօր։ Իսկ  ՕԵԿ–ն ինքը օրինաց երկրից չի՛. վաղուց դարձել են հանրապետական։

–Առաջիկա ընտրություններում ի՞նչ եք անելու։

–Լա՛վ եմ անելու։

–Մանակցելո՞ւ եք։

–Կմտածեմ, կորոշեմ։ Չեմ մտածել դրա մասին, բայց, իհարկե, կմասնակցեմ։

–Հնարավո՞ր է՝ ԲՀԿ–ի առաջարկը տարիներ անց ընդունեք և միանաք այդ կուսակցությանը։

–Եթե ԲՀԿ–ն իսկապես կդառնա ընդդիմություն...ես ազգի, ժողովրդի հետ եմ՝ այն քյասիբ, սոված–ծարավ աղքատ մարդու, ովքեր աղբարկղի մեջ քջուջ են անում։ Ես այդ իրավիճակին եմ դեմ, որ այս իշխանությունն է ստեղծել։ Ես կմիանամ ԲՀԿ–ին էլ, «Ժառանգությանն» էլ, Դաշնակցությանն էլ, ՀԱԿ–ին էլ, բոլորին, ովքեր ուզում են այս երկրում դրական փոփոխություններ անել, որ սովորական քաղաքացին ապրի արժանապատիվ կյանքով և ստեղծի իր արժանապատիվ ընտանիքը։

Իսկ որ ասում էիք՝ ՕԵԿ–ում ստեղծված մթնոլորտին չէիք դիմանում։ Ինչպիսի՞ մթնոլորտի մասին է խոսքը։

Այսօրվա դրությամբ՝ ՕԵԿ–ում ութ հոգի մարդ չգիտեմ՝ ինչ են աշխատում, հրահանգներ կատարո՛ղ։ Ի՞նչ պատգամավոր։ Պատգամավորի լիազորությունները չեն սահմանափակվում նրանով, որ պետք է իրեն կողքից ասեն՝ կանա՛չ կոճակն ես սեղմում, ու մեկ էլ սեղմում են։ Չէ՛, ես դրա հետ համաձայն չեմ, ու առաջին անգամը չէ։ Ուղղակի անընդհատ լռել եմ, լռել եմ, որովհետև զգում էի, որ շատ վատ են զգում. այլակարծությունն «Օրիկնաց երկրում» ընդունված բան չէ. էնտեղ մեկն ասում է, մնացածը կատարում են, ոնց որ դուքյան լինի բառիս բուն իմաստով։ Ես այդ մարդը չեմ. ես ունեմ սեփական կարծիք և հարգում եմ ինձ։ Ես 2007թ. և 2008թ. նախագահական ընտրություններին կյանքս եմ դրել, ամեն ինչ արել եմ և ասում էի՝ եթե մենք ընտրություններում հաղթենք, մեր երկիրը թռիչքային զարգացում կապրի։ Ըհը՛, տեսանք՝ ինչ եղավ։ Երբ որ բացեք Պարույր Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը և էնտեղ մի տող կա՝ ես, սիրելիս...այ, դրանից հետո հաջորդող բառը փոխում ես, ՕԵԿ ես դնում ու կարդում ես...լրիվ ես համաձայն եմ Պարույր Սևակի հետ։ Իրականում ոնց որ ես ու նրանք լինենք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը