Հարցազրույց

12.05.2009 11:42


Արման Մելիքյան.

Արման Մելիքյան.

Հարցազրույց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ

–Ի՞նչպես կգնահատեիք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' «Վերադարձրեք հողերը և մենք կբացենք սահմանը» հայտարարությանը։

-Ընդհանրապես, թուրքական տարատեսակ պաշտոնատարների և դիվանագետների հետ բավական երկարամյա շփումների փորձառություն ունեմ, նրանք միշտ հանդես են գալիս կոշտ դիրքերից՝ միշտ նախապայմաններ առաջադրվելով և Հայաստանին պահանջներ ներկայացնելով։ Այլ հարց է, որ Հայաստանն այսօր դրան հակադրելու որևէ լուրջ բան չունի, և առանց նախապայմանների սահմանները բացելու ու հարաբերություններ հաստատելու մասին հայկական կողմի պնդումները, ըստ իս, որքան էլ որ բարեհունչ են, նույնքան և անիրագործելի։

–Ինչպիսի՞ն պետք է լինի կամ լիներ Հայաստանի իշխանությունների պատասխանն այդ հայտարարությանը։

-Առաջին հերթին քաղաքականություն պետք է ունենալ։ Այսօր Ա-ն ասված է՝ առանց Բ-ի տեղն իմանալու, ինչը վկայում է, որ Հայաստանը,  ըստ էության, բավական երկար ժամանակ համապարփակ կերպով չի պատկերացնում իր դերը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես նաև չի պատկերացնում, թե ինչպես պետք է կառուցվի այն քաղաքականությունը, որի հիման վրա կապահովվեն երկրի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և տնտեսական բարգավաճումը։ Ուստի դեպքից դեպք ինչ-որ նախաձեռնություններ են հանդես բերվում, ինչ-որ առաջարկներ են արվում՝ առանց դրանց գոնե միջնաժամկետը կամ հեռանկարն ընկալելու և հնարավորությունն ուսումնասիրելու՝ ինչը, բնականաբար, երկրի համար վտանգավոր է։

–Տեղեկություն  կար, որ Լեռնային Ղարաբաղ իր այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ղարաբաղի քաղաքական շրջանակների հետ։ Դրանով էին  բացատրում նաև խորհրդարանականների արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ ստորագրահավաքի դադարեցումը։ Կարծես թե նման հանդիպում տեղի չի ունեցել։ Համենայն դեպս դրա մասին չի խոսվում։

-Կարծեմ տեղի է ունեցել հանդիպումը։ Դա կարող է չարծարծվել, դրա մասին կարող է չխոսվել։ Եթե չեմ սխալվում, նախագահ Բակո Սահակյանը նաև ԶԼՄ-ներին պարզաբանումներ տվեց, ասելով, որ Ղարաբաղը մի կողմից բանակցային գործընթացում Հայաստանին լիովին վստահում է, մյուս կողմից արձանագրեց այն հանգամանքը, որ բանակցությունները շարունակվում են խեղված ձևաչափով։ Թե որքանով են այդ երկուսը համատեղելի՝ ես չեմ մեկնաբանի։ Միաժամանակ, համանախագահների պնդմամբ էլ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից Ռոբերտ Քոչարյանի ջանքերով։ Հիմա թե ինչպե՞ս դուրս գալ այս խառնաշփոթից այն մոտեցումներով, որոնք այսօր առկա են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինանոցում, ես չեմ պատկերացնում։ Նորից կրկնեմ, որ չկա այն ինքնուրույն արտաքին քաղաքականությունը, որը հիմնված լինի լավ տեղեկացվածության, ստույգ վերլուծությունների և ճիշտ նպատակադրումների վրա։

–ԵԱՀԿ ՄԽ  ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Պրահայում, երկու նախագահների հանդիպումներից հետո, ռուսական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղը և մնացած տարածքները քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությանը։

-Պրահայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, համենայն դեպս ինձ համար, մի նոր շեշտադրում նկատվեց. սկսեց խոսվել հանրաքվեի արդյունքների անվիճարկելիության մասին, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լինի որևէ օրակարգից ազատ, ինչը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկացած որոշումը պետք է ընդունվի միջազգային հանրության կողմից, ընդհուպ մինչև Ադրբեջանից դուրս գալը։ Սա նոր հնչերանգ է, որը, սակայն, միևնույն ժամանակ որևէ նոր բան չի բերում, քանի որ մինչ այդ հանրաքվեի կայացումը պետք է լինի Մադրիդյան սկզբունքներով նախատեսած տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումը, ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց վերադարձն իրենց բնակության բոլոր նախկին վայրերը, այդ թվում՝ նաև բուն ԼՂՀ-ի հռչակման տարածքը, այսինքն՝ առանց ազատագրված տարածքների։ Դրանից հետո միայն կարելի է խոսել հանրաքվեի մասին, որին պետք է մասնակցի նաև ադրբեջանցի բնակչությունը։ Եվ աստված գիտի, թե դա ե՞րբ տեղի կունենա, ադրբեջանցի բնակչության ձայնը որքա՞ն կշիռ կունենա և այլն։ Որքան էլ որ համանախագահներն այսօր ասեն, թե այդ հանրաքվեի արդյունքները կճանաչվեն, միևնույն է, դրա ելքը մեզ համար երաշխավորված չէ, և աստված գիտի, թե ի՞նչ միջազգային պայմաններում դա կարող է տեղի ունենալ։ Կամ միգուցե տեղի չի էլ ունենա, մինչդեռ մենք այլևս այդ տարածքների տերը չենք լինի։

–Համանախագահների հայտարարությունները լուրջ հակասության մեջ են հայկական կողմի հայտարարությունների հետ, սակայն համապատասխան գերատեսչություններից, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունից, երբևէ հստակ պատասխան չի տրվում, թե ի՞նչ է ի վերջո տեղի ունենում։

-Դա նշանակում է, որ Արտգործնախարարությունը պատասխան տալու հետ խնդիրներ ունի։ Օրինակ, ադրբեջանական մոտեցումները միշտ շատ հստակ են, նրանք իրենց պահանջների մեջ որևէ մշուշոտ բան չեն թողել, նրանք շատ հստակ ասում են, որ և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ ազատագրված տարածքները Ադրբեջանի մաս են և միայն որպես այդպիսիք էլ կարող են դիտարկվել, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը կարող է դիտարկվել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Նրանք հստակ կանգնած են իրենց փախստականների թիկունքին և միջազգային հանրությունից հետևողականորեն պահանջում են վերականգնել նրանց իրավունքները, ինչի համար հմտորեն օգտագործում են նավթային դիվանագիտությունը, և կարողանում են հմտորեն խաղալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական շահերի շրջանակներում, մի բան, որ Հայաստանն այսօր ընդունակ չէ անել։ Դժբախտաբար, բանակցային գործընթացի տրամաբանությունը, որն այսօր ընդունվել է Հայաստանի իշխանությունների կողմից, գործում է ի վնաս մեր շահերի և ես վստահ եմ՝ եթե Հայաստանը ցանկանա նոր շեշտադրումներով հանդես գալ, դրանք չեն կարող չընդունվել։

Ինչպիսի՞ն են, Ձեր կարծիքով, լինելու կամ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի պատասխանը և այս հունով ընթացող վերջին զարգացուների հակադարձումը։

-Այսօր ռեալ բանակցողը Հայաստանն է։ Կարծում եմ, որ այսօր Ղարաբաղի սեփական թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական  ռեսուրսը բավարար չէ, որպեսզի կարողանա Հայաստանի իշխանություններին որևէ մոտեցումներ պարտադրել։ Այսօր Ղարաբաղը կախյալ վիճակում է, և այդ կախվածությունը խորացվեց նաև անցած տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունների պատճառով, որովհետև այսօր Հայաստանում, նաև ընդդիմության ջանքերով, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դժբախտաբար, բավական բացասական վերաբերմունք է ձևավորվել, ուստի անգամ իշխանափոխության հետո՝ Ղարաբաղը չի կարող հույսեր կապել։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը բավական բարդ է, և ես լավատեսության համար առայժմ նախադրյալներ չեմ տեսնում։

 

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

 

 

Այս խորագրի վերջին նյութերը