Լրահոս

11.05.2009 19:12


Սահակաշվիլին և Վրաստանի ընդդիմությունը համաձայնության չեն եկել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմության առաջնորդների` երկու ժամ տևած հանդիպումն ապարդյուն է անցել։ Նրանց սկզբունքային տարաձայնություններն այդպես էլ մնացել են չլուծված։

Հանդիպումից հետո նախագահի նախկին թեկնածու Լևան Գաչեչիլաձեն լրագրողներին հայտարարել է, որ Սահակաշվիլին և ընդդիմությունը բոլորովին այլ կերպ են ընկալում Վրաստանում առկա ճգնաժամը։

-Մենք տրամագծորեն տարբեր կերպ ենք ընկալում ստեղծված իրավիճակը։ Սահակաշվիլին կարծում է, թե ամեն ինչ շատ լավ է, իսկ մենք կարծում ենք, որ երկրում ստեղծված իրավիճակը ծայրահեղ վատ է,- հայտարարել է Գաչեչիլաձեն։

Նա նշել է նաև, որ իրենք գնում են ընդդիմության մյուս առաջնորդների հետ խորհրդակցելու և մեկ-երկու ժամից ընդդիմության հանրահավաքի ժամանակ մասնակիցներին կտեղեկացնեն Սահակաշվիլիի հետ հանդիպման մանրամասների և իրենց հետագա անելիքների մասին։

Գաչեչիլաձեն հավելել է, որ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող հանրահավաքները կշարունակվեն։

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն էլ հայտնում է, որ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, որը վերաբերելու է ընդդիմության հետ հանդիպմանը։

Այս խորագրի վերջին նյութերը