Լրահոս

11.05.2009 19:25


2004-2008թթ. ընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 216 և վերադաջված 123 ավտոմեքենաներ

2004-2008թթ. ընթացքում հայտնաբերվել են  հետախուզման մեջ գտնվող 216 և  վերադաջված 123 ավտոմեքենաներ

Մայիսի 11-ին  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որի առանցքում կառավարության հեղինակած՝  «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն էր:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է, որ լսումների նպատակն է հստակ պատկերացումունենալ, թե ի՞նչ վարչական, օրենսդրական ու կազմակերպական քայլեր են անհրաժեշտ Հայաստան ներմուծվող հափշտակված տրանսպորտային միջոցների հարցում լավագույն լուծումներ գտնելու համար: 

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ընդգծել է, որ հիմնական խնդիրներից մեկը հանրապետության տարածք հափշտակված մեքենաների ներմուծումը կանխելն է։

-Հաշվի առնելով, որ Հայաստանում, այնուամենայնիվ, այդպիսիք կան, և չի բացառվում, որ դեռ կլինեն, կարողանանք հնարավորինս որոշակիություն մտցնել այս ոլորտում և թե՛ իրավակիրառ մարմիններին, թե՛ քաղաքացիներին հնարավորություն տալ կանխատեսելի դարձնել այն իրավիճակը, երբ հափշտակված մեքենա է ներկրվում հանրապետության տարածք,-հայտարարել է արդարադատության նախարարը։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը տեղեկացրել է, որ 2004-2008թթ. ընթացքում հայտնաբերվել են  հետախուզման մեջ գտնվող 216 և  վերադաջված 123 ավտոմեքենաներ:

-2004 թ. մարտի 31-ին ոստիկանության պետը և Մաքսային պետական կոմիտեի պետը ստորագրեցին մի հրաման,  համաձայն որի մշակվեցին այդ ավտոմեքենաների մուտքը ՀՀ հնարավորինս կրճատելու  մեխանիզմներ ։ Այդ հրամանի համաձայն՝ սահմանային կետերում բոլոր ավտոմեքենաները սկսեցին անխտիր ստուգվել, և հայտնաբերվում էին ինչպես վերադաջված, այնպես էլ հետախուզման  մեջ գտնվող ավտոմեքենաներ։

Հ. Հունանյանի հաղորդմամբ՝ այդ հրամանի իրագործումից հետո երկիր ներմուծված նմանատիպ ավտոմեքենաների թիվը կտրուկ նվազել է։

Դավիթ Հարությունյանն ամփոփիչ ելույթում առաջարկել է գողացված մեքենան հաշվառել ու փաստաթղթերում նշել, որ այն վերադաջված է և թերություններ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը