Լրահոս

03.02.2012 10:39


Չնայած ամեն ինչ ապահովելու մասին Ադրբեջանի հավաստիացումների՝ Արոնայնն այնտեղ որևէ մրցաշարի չի մասնակցի

Շախմատի շխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման համար հայտ են ներկայացրել Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները։

«Extratime.az»-ին տված հարցազրույցում   Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մայիր Մամեդովը անդրադարձել է  մրցաշարին Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի մասնակցությանը։

Նա նշել է, որ նախորդ մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխվեց այն պատճառով, որ  Արոնյանը հրաժարվել էր  դրան մասնակցել։

Ըստ  Մայիր Մամեդովի՝ Բաքվում Լևոն Արոնյանի համար կապահովվեն բոլոր պայմանները, որոնք ինքը կցանկանա ու կառաջարկի:

Չնայած  սրան՝ Լևոն Արոնյանը հայտարարություն է ուղղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ու ՖԻԴԵ-ի նախագահական կառույցի անդամներին:

«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն այնտեղ անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարի: Այնպիսի պատասխանատու և կարևոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր և ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է: Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս»,–ասված է նրա հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը