Կարծիք

02.02.2012 16:25


Արտագաղթի դեմն առնելու ձևն ու միջոցը

Արտագաղթի դեմն առնելու ձևն ու միջոցը

Հիմա, երբ քաղաքական ուժերը, փորձագետները, լրագրողները և նույնիսկ հասարակական կազմակերպություններն ու հրապարակախոսները թևքները քշտած խրվել են ընտրական գործընթացների մեջ, մոռացության է մատնվել Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկը՝ արտագաղթը:

Դժվար չէ կռահել, որ նախընտրական արշավի օրերին բոլոր կուսակցությունները, դաշինքները ժողովրդին խոստանալու են պայծառ ապագա և երջանիկ կյանք: Խոստումներին այսօր շատ քչերն են հավատում: Հայաստանում իշխում է հուսահատության մթնոլորտը, որը պարարտ հող է ստեղծում արտագաղթի տեմպերի աճի համար: Հասել ենք մի իրավիճակի, երբ յուրաքանչյուր երրորդ հայաստանցի մտածում է Հայաստանից հեռանալու մասին, իսկ ամենավատն այն է, որ վաղվա օրվա նկատմամբ հավատն իսպառ վերացել է:

Տարբեր գնահատականների համաձայն՝ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 170-200 հազ մարդ: Եթե հաշվի նստենք այն փաստի հետ, որ Հայաստանում ապրում է երկու մլն մարդ, ապա այս թվերը լուրջ մտորումների տեղիք են տալիս: Իսկ Տիգրան Սարգսյանը շարունակում է «Հայկական աշխարհ» կառուցել և չի էլ մտահոգվում վիճակագրական տխուր տվյալներով: Եթե հիշենք նրա ուրախ ելույթը ՀՀԿ երիտասարդների առաջ, որտեղ նա շեշտեց, որ մենք աշխարհին տաղանդավոր երիտասարդներ ենք տալու, ապա կարող ենք եզրակացնել, որ արտագաղթը ոչ թե մտահոգում, այլ ուրախացնում է «Հայկական աշխարհի» ճարտարապետին:

Վերջին տաս տարում Ռուսաստանից արտագաղթել է շուրջ 1.25 մլն մարդ: 145 միլիոնանոց Ռուսաստանում սա մեծագույն աղետ են համարում, և անում են հնարավոր ամեն ինչ արտագաղթը կասեցնելու և ներգաղթի տեմպերն ավելացնելու համար: Ռուսաստանից արտագաղթել է բնակչության 0,8 տոկոսը, և այնտեղ սա աղետ են համարում: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները չտեսնելու են տալիս այս խնդիրը: Արտագաղթն աղետալի հետևանքներ է ունենում մեր երկրի տնտեսության համար, իսկ անվտանգության մասին չենք էլ խոսում: Ամենափոքր կրպակատերից մինչև ամենամեծ գործարարը կվկայեն, որ արտագաղթը ծանր հարված է բոլորի համար: Կարծում եմ՝ իրոք ժամանակն է, որ սթափվենք և իսկապես հասկանանք՝ ինչ կարող է լինել մեր երկրի հետ ընդամենը 10-15 տարի հետո, եթե մենք շարունակենք ոչինչ չանել իրավիճակը փոխելու համար:

Հայաստանից հեռանում են ինչպես ապահովված ընտանիքները, այնպես էլ նրանք, ովքեր մի կերպ ավտոբուսի տոմս են հայթայթում Մինվոդի կամ Սոչի հասնելու համար: Երիտասարդների ճնշող մեծամասնությունը երազում է Հայաստանից հեռանալու մասին: Երբ նրանց, ովքեր պատրաստվում են հեռանալ Հայաստանից հարցնում ես, թե ինչու ես դիմում նման քայլի, ամենաշատ լսվող պատասխանը հետևյալն է լինում՝ էստեղ ի՞նչ կա, որ մնանք: Այս պատասխանի մեջ խոր իմաստ կա: Աշխատատեղերի քանակն ավելի քան քիչ է, գործազրկությունը մեծ է, արժանապատիվ աշխատանք գտնելը հրաշքի նման մի բան է: Նրանք էլ, ովքեր ուզում են սեփական գործ սկսել, բախվում են վարչական և ոչ վարչական այն պատին, որից հետո արագացված տեմպերով սկսում են Հայաստանից հեռանալու գործընթացը:

Փորձագետներն էլ ահազանգ են հնչեցնում, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթի ծավալները կարող են կրկնապատկվել: Ընդ որում, այդ ծավալները կարող են այնպիսի մասշտաբի հասնել, որ բառիս բուն իմաստով կործանարար կլինի մեր երկրի համար: Պետք է հասկանալ, որ կա մի սահմանագիծ, որից այն կողմն արդեն աղետ է: Երկիրը,պետությունը մի մեխանիզմ է, որը կարող է խափանվել, երբ կարևորագույն մասնիկների քանակը կտրուկ կրճատվում է: Իսկ արտագաղթի տեմպերը կտրուկ կավելանան այն դեպքում, եթե հանկարծ ընտրություններից հետո ՀՀ քաղաքացին ամբողջովին թևաթափ լինի և հասկանա, որ ոչինչ էլ չի փոխվելու: Այնպես որ, նրանք, ովքեր ցինիկ ժպիտով պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքները, պետք է հասկանան, թե ինչ կլինի դրանից հետո, իսկ եթե չեն հասկանում, ապա քաղաքական դաշտի առողջ ուժերն ամեն ինչ պետք է անեն հասկացնելու համար:

Առաջիկա ընտրությունները հրաշալի առիթ են վիճակն արմատապես փոխելու համար: Եթե մենք մեր մեջ ուժ չգտնենք դեպի առաջ քայլ անելու համար, ապա ընդամենը մի քանի տարի հետո աղետից խուսափել հնարավոր չի լինի: Գույները չեմ խտացնում. ընդհակառակը՝ դեռ շատ մեղմ եմ նկարագրում: Իրականում իրավիճակը շատ ավելի աղետալի է: Միայն երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից արտագաղթեցին իմ հարազատներից երկուսը, մի ընկեր, իսկ մեկն էլ պատրաստվում է մեկնել: Պետք է կանգնեցնել այս հոսքը։

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը